“Zhamanak” Armenian-American Political Daily

Այդքան էլ ապուշ...

12:04 Yerevan | 8:04 GMT | Thursday 15 May 2008

Մարինա Բաղդագյուլյան

Այդքան էլ ապուշ...
Ապրիլի 12-ին Համաժողովրդական Շարժման կենտրոնը, ըստ սահմանված կարգի, ուղարկել էր հանրահավաք անցկացնելու մասին հերթական դիմումը` իրազեկելով մայիսի 23-ին եւ 24-ին Ազատության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքի մասին:

Մարտի 1-ից հետո քաղաքապետարանը 27 անգամ մերժել է Համաժողովրդական Շարժման` Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու մասին իրազեկող դիմումները: Մերժել է շինծու պատճառաբանություններով: Երեկվա` 28-րդ դիմումի հետ կապված պահանջների քաղաքապետարանի մերժումը ոչ թե շինծու էր, մերժելու ձեւը` ակնհայտ լպիրշ, այլ` ապ-ուշ: Եվ ամեն ինչն էր ապ-ուշ, այսինքն` ապուշադիր, որովհետեւ չէին նկատում եւ չէին լսում քաղաքապետարանի դիմաց հավաքված ժողովրդի պահանջները` «Օրենք, իրավունք` պահանջում ենք», «Միտինգներ, ցույցեր, երթեր` պահանջում ենք», «Ժողովրդավարությանը խաբել չի կարելի», «Ազատություն Ազատության հրապարակին», «Ոչ ստրկամտությանը, ոչ որսապաշտությանը», «Կատարեք ԵԽԽՎ-ի պահանջները», «Մի պղծեք ժողովրդավարությունը», «Երվանդ Զախարյան, հանդիպում»:

«Սա Համաժողովրդական Շարժման ակցիաներից մեկն է, եւ պահանջում ենք առաջին` ապահովել ապրիլի 12-ին ներկայացրած իրազեկման քննարկմանը մեր ներկայացուցչի ներկայությունը, երկրորդ` կատարել ԵԽԽՎ պահանջները, որով պահանջվում է ժողովրդավարության նորմերի` թույլատրելիության սահմաններում ժողովների, հանրահավաքների, երթերի անցկացման ապահովումը, երրորդ` ի գիտություն ընդունել մեր դիմումները մայիսի 23-ին եւ 24-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ», - ասաց Համաժողովրդական Շարժման անդամ Նորայր Նորիկյանը:

Իսկ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Համաժողովրդական Շարժման ակտիվիստ Արտակ Զեյնալյանը ավելացրեց. «Այս բողոքի ակցիան, պահանջը ուղղված է նրան, որ քաղաքապետարանը իրազեկումների քննարկումները պատշաճ ձեւով մեզ ծանուցի եւ տեղյակ պահի իրազեկումների քննարկումների օրվա, տեղի, ժամի մասին եւ դրանց մասնակիցների վերաբերյալ: Որպեսզի մեր իրազեկումներն ընդունվեն ի գիտություն, որովհետեւ դրանց մերժումները կամայական են, նաեւ` խտրական: Իսկ թե մենք ինչ կանենք` կորոշենք ինքներս, քանի որ մենք իրավունք ունենք դիմելու խաղաղ ցույցեր, երթեր անելու մեր իրավունքի պաշտպանությանը»:

Ի դեպ, քաղաքապետարանում հենց այդ ժամին Երվանդ Զախարյանի եւ ԵԱՀԿ ներկայացուցիչների միջեւ կամ սովորական խորհրդակցություն էր կամ` հանդիպման ոչ այնքան հաճելի ժամեր, երբ մի կողմը փորձում էր հասկանալ, թե ինչու՞ 90 օրով հետաձգվեց «Երեւան քաղաքի կառավարման մասին» օրենքի քննարկումը, որի դրույթներից է քաղաքապետի` այլեւս ընտրովի եւ ոչ նշանակովի մարմին լինելը, իսկ մյուս կողմը պետք է պատասխանի կամ` տակից դուրս գա: Բացի այդ, «տակից դուրս գալու» մի առիթ էլ կար. ԵԱՀԿ ներկայացուցիչները, լսելով շենքի մոտ հավաքված ժողովրդի պահանջները, դուրս կնայեին պատուհանից ու, անկասկած, կհարցնեին Ե.Զախարյանին. «Ի՞նչ են ուզում այս մարդիկ»: Ի~նչ անհարմար դրություն. ի՞նչ պիտի պատասխաներ նշանակովի քաղաքապետը, որի քաղաքի բնակիչներն այնքան պահանջկոտ են, անհնազանդ... Լավ է, գոնե, «Ազատություն» բառը միջազգային «liberti»-ի հետ հնչյունական ընդհանրություն չունի, թե չէ ի՞նչ պիտի ասեր քաղաքապետը, ինչու՞ են այդ մարդիկ շարունակում այդքան հաճախ եւ այդքան կրքով վանկարկել այդ բառը: Մի խոսքով, ծանր էր մայրաքաղաքի նշանակովի քաղաքապետի վիճակը, չնայած նա զով սենյակում էր, ուզած ժամանակ կարող էր ջուր ըմպել, արեւի ճառագայթները, ոչ էլ ոստիկանները բնավ չէին անհանգստացնում նրան:

Ժողովուրդը կանգնած էր արեւի տակ, ոստիկաններն էլ` նրանց հետ: «Կես ժամից ավել է, ինչ քննարկում են մեր պահանջը: Փորձում են արհեստականորեն ձգձգել, որ մենք հիասթափվենք գնանք»..., - Նորայր Նորիկյանը խոսքը դեռ չվերջացրած` ժողովուրդը հավաստիացրեց, որ մնալու է մինչեւ վերջ. «Պայքար, պայքար, մինչեւ վերջ»... Անցան մի քանի կես ժամեր: Մոտեցան երկու գնդապետներ եւ փոխանցեցին, որ ժողովրդի պահանջը չի կարող բավարարվել, քանի որ քաղաքապետարանի` երթերի եւ հանրահավաքների իրազեկման լիազոր ներկայացուցչի կնոջը վիրահատել են... Շատ ապ-ուշադիր են. ոչ ժողովրդի պահանջն են հասկանում, ոչ իմաստը...

Վերլուծական
Փարիզ տանող ու բերող ճանապարհները

Փարիզ տանող ու բերող ճանապարհները

Սերժ Սարգսյանի ֆրանսիական այցից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի են ունենում բավական հետաքրքրական իրադարձություններ:

Քաղաքական
Որեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրում

Որեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրում

Հետահայաց հարցազրույց հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հետ

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.