“Zhamanak” Armenian-American Political Daily

Համաներումը չի նշանակում, թե մեղադրյալների վրայից հանվելու է մեղադրանքը

12:02 Yerevan | 8:02 GMT | Thursday 15 May 2008

Հեղինե Մանուկյան

Թեեւ ԵԽԽՎ` «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» թիվ 1609 բանաձեւի կետերից մեկը հստակ սահմանում է` ազատ արձակել քաղաքական շարժառիթներով ձերբակալված բոլոր անձանց, այսինքն` քաղբանտարկյալներին, ՀՀ իշխանությունները գերադասում են այդ մարդկանց դեռ անազատության մեջ պահել` ավելացնելով վերջիններիս նկատմամբ կիրառված խափանման միջոցի` կալանքի ժամկետները, թեեւ ձերբակալվածներից ոմանց նկատմամբ կարծեք «գթառատություն» են ցուցաբերում` նրանց նկատմամբ կիրառված կալանքը փոխարինելով հանրապետությունից չբացակայելու մասին ստորագրությամբ:

«Ես առավել քան համոզված եմ, որ զինվորաոստիկանական երկրի սկզբունքներով առաջնորդվող ՀՀ իշխանությունները չեն կատարի ԵԽԽՎ բանաձեւի կետերը, թեեւ մինչեւ մայիսի 28-ը, այսինքն` այդ բանաձեւի կետերը կյանքի կոչելու համար սահմանված ժամկետը դեռ որոշ ժամանակ կա», - այս կարծիքին է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հ/կ-ի նախագահ Միքայել Դանիելյանը: Իրավապաշտպանն իր այդ հոռետեսական կանխատեսումը հիմնավորեց` վկայակոչելով ամեն օր հանրապետության տարբեր մարզերից օրենքի կոպիտ խախտումներով ոստիկանություն կամ դատախազություն բազմաթիվ քաղաքացիների տանելու փաստերը, ինչպես նաեւ այն, որ չնայած միջազգային հանրության հորդորներին, քաղաքական շարժառիթներով կալանավորված անձինք դեռ շարունակում են պահվել անազատության մեջ: Իրավապաշտպանը, չնայած այս ամենին, ենթադրում է, որ մինչեւ մայիսի 28-ը իշխանությունները համաներում կհայտարարեն ու քաղբանտարկյալներից ոմանց ազատ կարձակեն: «Համաներում ասվածի էությունը, եթե պատկերավոր նկարագրենք, այս է. չնայած դուք կատարել եք այս-այս հանցանքները, սակայն մենք ձեզ ներում ենք շնորհում: Այսինքն` իշխանությունները եթե անգամ որոշեն համաներում հայտարարել, դա չի նշանակում, որ «մեղադրյալների» վրայից հանվելու է նրանց մեղադրանքը: Թե դա ինչպե՞ս կընդունվի մեր քաղբանտարկյալների կողմից, նրանք ինչպե՞ս կպահեն իրենց այդ պարագայում, այլ հարց է», - ասում է իրավապաշտպանը: Մեր այն հարցին, թե այսօր, ի վերջո, քանի՞ քաղբանտարկյալ կա մեր երկրում, իրավապաշտպանը դժվարացավ ստույգ թիվ ասել. «Մարտի 1-ից առաջ եւ հետո ձերբակալվածների շարքում 100-ից ավելի մարդ կա: Քաղբանտարկյալ կամ «խղճի գերիներ» են համարվում նաեւ «Եհովայի վկա» աղանդի հետեւորդ մոտ 73 բանտարկյալները, որոնք եւս «Amnesty International» աշխարհահռչակ իրավապաշտպան կազմակերպության եւ ԵԽ չափանիշներով քաղբանտարկյալ են համարվում: Քաղբանտարկյալ կարգավիճակն ունեն նաեւ այն մարդիկ, ովքեր պայմանական են ազատ արձակվել»: Հարցին, թե արդյո՞ք «Հելսինկյան ասոցիացիան» համագործակցում է տեղական այլ իրավապաշտպան կազմակերպությունների հետ եւ ի՞նչ կերպ են աշխատում այս օրերին այդ կազմակերպությունները, պրն Դանիելյանը պատասխանեց. «Մենք չենք համագործակցում ոչ մի իրավապաշտպան հ/կ-ի հետ: Այս օրերին այդ հ/կ-ներից շատերը պետք է խիստ զբաղված լինեին եւ նույնիսկ քիթ սրբելու ժամանակ չունենային, սակայն, ցավոք, դրանցից քչերն են այսօր զբաղվում իրենց իրավապաշտպան առաքելությամբ. դրանցից մի քանիսը նույնիսկ հեռու են մարդու իրավունքների պաշտպանությունից եւ կաշկանդված են չգիտես ինչերով: Երբ Հայաստան են գալիս միջազգային հեղինակավոր կառույցների ներկայացուցիչներ, օրինակ` Ագոյի խումբը, Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը` տեղական բոլոր իրավապաշտպան հ/կ-ները գալիս հավաքվում են, սակայն ոչ ոք նույնքան բոցաշունչ ճառեր չի ներկայացնում մեր երկրում առկա իրավիճակի մասին, ինչպես դա արվում է նրանց ամենօրյա սովորական գործունեության ընթացքում: Մինչդեռ պետք էր փաստերով, անուններով խոսել եւ նրանց ներկայացնել մեր երկրի իրական վիճակը... Մեր, այսպես ասած, իրավապաշտպան համակարգը, վերջին իրադարձություններից հետո կարծեք ճաքեր է տվել»:

Մ.Դանիելյանն ասաց նաեւ, որ վերջերս «Հայելի» ակումբն իրեն եւ մեկ այլ իրավապաշտպանի` «Հելսինկյան կոմիտե»-ի նախագահ Ավետիք Իշխանյանին բանավիճելու էր հրավիրել, սակայն բանավեճից ժամանակ առաջ Ա.Իշխանյանը հայտարարել է, թե «բանավիճելու բան չունի» Մ.Դանիելյանի հետ, եւ որ ինքն ու Դանիելյանը նույն կարծիքն ունեն Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին: «Դա ճիշտ չէ, եթե ես ու պարոն Իշխանյանը բանավիճելու բան չունեինք, ապա նա վաղուց պետք է զբաղվեր լիքը գործերով: Ես, իհարկե, չեմ ուզում խոսել Իշխանյանի քաղաքական հայացքների մասին, սակայն մարդու իրավունքներն ինձ համար ամեն ինչից բարձր են, բարձր` պետական, կուսակցական ու աստղային շահերից»: Ինչ վերաբերում է մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության համար անկախ հանձնաժողով ստեղծելուն ու «թափանցիկ եւ վստահելի» հետաքննություն իրականացնելուն. «Եթե այդ հանձնաժողովում պետք է ընդգրկվեն ԱԺ-ի, պետական այլ մարմինների ներկայացուցիչները, ես որեւէ սպասելիք չունեմ այդ հանձնաժողովից: Այդպիսի հանձնաժողովը «անկախ» անվանող մարդիկ երեւի մեզ հիմարի տեղ են դնում կամ, չվախենամ ասել` իրենք են հիմար: Այդ նույնն է, որ մեզ փորձում են համոզել, թե ՀՀ դատախազությունում ստեղծվել է անկախ քննչական մարմին, որն իբր թե անկախ է իր գործողություններում: Այդ մարմինը անկախ որակողները հիվանդ են, քանի որ մեր դատախազությունում չի կարող ստեղծվել անկախ մարմին: Ավելի լավ է` թող ինձ չխաբեն, իրենք իրենց էլ թյուրիմացության մեջ չգցեն», - ասաց իրավապաշտպանը:

Արխիվ
Վերլուծական

Մտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն

1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական...

Քաղաքական

Հերթական անակնկալը

Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր:

Աշխարհ

Եվ դարձյալ հայ-թուրքական թեմայով

Սեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.