“Zhamanak” Armenian-American Political Daily

Մեկի շանսը` մյուսի վտանգն է

11:58 Yerevan | 7:58 GMT | Thursday 15 May 2008

Արամ Ամատունի

Պետք է խոստովանել, որ Ռ.Քոչարյանի բացառիկ հարցազրույցը իրապես անսպասելի էր հասարակության համար: Անսպասելի էր ոչ այն իմաստով, որ Ռ.Քոչարյանը հարցազրույցներ չի սիրում:

Ոչ, իհարկե ոչ: Նա հարցազրույցներ չի սիրում, բայց բացառիկ հարցազրույցներն այլ բան են, երբ ըստ էության թե հարց տվողն է ինքը եւ թե պատասխանողը: Մենք հիշում ենք նրա տասնամյա կառավարման ընթացքում կարմիր թելով անցնող բացառիկ հարցազրույցները Հանրային հեռուստաընկերությանը: Այնպես որ, եւս մեկ բացառիկ հարցազրույցի առիթը Ռ.Քոչարյանը բաց թողնել չէր կարող: Սակայն ուշագրավ է, որ նա այդ հարցազրույցը տվեց ոչ թե հանրային հեռուստաընկերությանը, այլ Մեդիամաքս գործակալությանը: Հազիվ թե դրանից փոխվեր Քոչարյանի ասելիքի բովանդակությունը, սակայն բավական հետաքրքրական է, որ նախկին նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանին իր պատասխանը տվեց լրատվական գործակալության, ոչ թե Հանրային հեռուստատեսության միջոցով: Այս հանգամանքը երեւի թե շատ քչերի ուշադրությանն է արժանացել, սակայն այն բավական էական ու իրավիճակի առանձնահատկությունը վկայող հանգամանք է: Բանը երեւի թե այն է, որ իրականում, եթե մի փոքր փորձենք խորությամբ պատկերացնել իրավիճակը, Ռ.Քոչարյանը իր բացառիկ հարցազրույցով պատասխանում էր ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանին, այլ դա պատասխան էր ուղղված Ս.Սարգսյանին, այսինքն` խոսք էր, որի իրական հասցեատերը Ս.Սարգսյանն էր: Խնդիրն այն է, որ Ռ.Քոչարյանի արձագանքը վերաբերում էր մայիսի 2-ին Համաժողովրդական Շարժման երկրորդ կոնգրեսի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ունցած ծավալուն, ըստ էության ծրագրային ելույթին, որում Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն խոսում էր սեփական անելիքների մասին, այլ իշխանություններին մեծահոգաբար, թերեւս, հուշում էր անկյուն քշվածի կարգավիճակից դուրս գալու եւ ազատ մրցակցային ռեժիմում հայտնվելու ուղիներ: Դրանցից մեկն էլ առկա էր առաջին նախագահի ելույթի այն հատվածում, ուր նա գնահատական էր տալիս մարտի 1-ի իրադարձություններին, ըստ էության փաստարկում, թե ինչպես է Ռ.Քոչարյանը սուտ խոսել այդ իրադարձությունների կապակցությամբ եւ պատասխանատվությունը դնելով նրա վրա` Լեւոն Տեր-Պետրոսյանը Ս.Սարգսյանին հուշեց կատարված սպանդի համար սեփական պատասխանատվության բաժնի բացակայության հարցում հանրությանը համոզելու տարբերակը, այն է` իրականացնել անկախ քննություն, որի պարագայում, իրապես անկախ լինելու դեպքում, շատ ջանք չի պահանջվի ապացուցել, որ տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն եւ կազմակերպիչը Ռ.Քոչարյանն է: Առաջին նախագահի այս քաղաքական իրապես հմուտ քայլը իսկապես լուրջ վտանգ է ներկայացնում Ռ.Քոչարյանի համար: Բանն այն է, որ Ս.Սարգսյանը, եթե անգամ եղել է որոշակիորեն պատասխանատու մարտյան ողբերգության համար, ինչի առկայության մասին խոսեց նաեւ առաջին նախագահը, կարող է իրապես հասարակության առաջ քավել իր մեղքը` ի ցույց դնելով ողբերգության իրական պատասխանատուին եւ կազմակերպչին: Իսկ ով, եթե ոչ Ռ.Քոչարյանն ամենից լավ գիտե, թե ինքն իր պաշտոնավարման վերջին շաբաթների գործողություններով ինչպիսի ծանր կացության մեջ է դրել Ս.Սարգսյանին: Այնպիսի կացության, որ Ս.Սարգսյանը կարող է նույնիսկ պատրաստ լինել հանձնել Ռ.Քոչարյանին, միայն թե թուլացնի իր վրա ընկած համաժողովրդական եւ միջազգային ճնշումը: Եվ այն, որ Ռ.Քոչարյանն ինքը որոշեց ստանձնել Լեւոն Տեր-Պետրոսյանին պատասխանելու գործը` թերեւս վկայում է, որ նա այդ գործը չի ցանկանում վստահել Ս.Սարգսյանին, ինչպես որ նրան չցանկացավ վստահել նախընտրական եւ ետընտրական պրոցեսների նավապետությունը: Ավելին` հարցազրույցի ընթացքում հնչած տղամարդկության եւ բարոյականության մասին քոչարյանական խոսքերը երեւի թե առավելապես ուղղված էին հենց Ս.Սարգսյանին: Ռ.Քոչարյանն ըստ երեւույթին փորձում է նրան հասկացնել, որ տղամարդկային եւ բարոյական չէ հանձնել մեկին, ում տղամարդկության եւ բարոյականության մասին յուրահատուկ պատկերացումների վրա խարսխված ուժային գործողությունների միջոցով դարձել ես նախագահ: Հասկանալի է, որ Ռ.Քոչարյանն այդ մասին չէր կարող Ս.Սարգսյանին ասել ուղղակի նրան հասցեագրված հարցազրույցի տեսքով եւ բնական է, որ պետք է օգտագործեր Լեւոն Տեր-Պետրոսյանին պատասխանելու առիթը, բայց մյուս կողմից` հարց կարող է առաջանալ, թե արդյոք Ռ.Քոչարյանը չէ՞ր կարող իր ասելիքը Ս.Սարգսյանին ասել առանձին զրույցի ընթացքում: Իհարկե կարող էր: Սակայն խնդիրն այն չէ, որ նա խոսք ունի ասելու միայն Ս.Սարգսյանին: Ռ.Քոչարյանը ցանկանում է Ս.Սարգսյանին փաստի առաջ կանգնեցնել` ի ցույց ամբողջ համակարգի, որպես համակարգի բարոյականությունը պոտենցիալ խախտողի: Այսինքն` զգալով, որ Ս.Սարգսյանը կարող է իր անելանելի վիճակից ելքը տեսնել պատասխանատվությունը Ռ.Քոչարյանի վրա բարդելու, այլ կերպ ասած` Քոչարյանին հանրությանը «հանձնելու» մեջ, Ռ.Քոչարյանը երեւի թե այլ ելք չունի, քան Սարգսյանի այդ հավանական քայլը որպես ոչ միայն իր, այլեւ ամբողջ համակարգի դեմ ուղղված վտանգ ներկայացնելը: Դրա համար նա հրապարակավ խոսում է տղամարդկության եւ բարոյականության մասին, համակագին էլ հասկացնելով, որ եթե Ս.Սարգսյանը հեռատեսություն եւ քաղաքական ողջախոհություն ունենա օգտվել Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած ելքից, ապա դա լինելու է օրենքի փոխարեն նույն այդ տղամարդկության եւ բարոյականության քոչարյանական չափանիշներն ընդունած եւ առ այսօր դրանց վրա կանգնած համակարգին ուղղված սպառնալիք: Միգուցե հենց այդ նրբերանգն է զգացել Ս.Սարգսյանը` տեղեկանալով Ռ.Քոչարյանի պատրաստվելիք պատասխանի մասին, քանի որ Սարգսյանը հազիվ թե չիմանար այդ մասին նախապես: Գուցե նույնիսկ պետք չէ բացառել նաեւ այն տարբերակը, որ Ռ.Քոչարյանը ցանկացել է այդ հարցը պարզել Ս.Սարգսյանի հետ առանձին զրույցի ընթացքում եւ հրապարակային ելույթի օգնությանն է դիմել միայն այդ զրույցում անհրաժեշտ փոխըմբռնման չհասնելուց հետո: Եվ հենց այդտեղ է, որ առաջ է գալիս Ռ.Քոչարյանի պատասխանի գործակալական, ոչ թե հեռուստատեսային տարբերակի ընտրության նրբերանգը: Երեւի թե նաեւ այդ հարցում Ս.Սարգսյանի հետ Ռ.Քոչարյանը չի եկել անհրաժեշտ համաձայնության: Բանն այն է, որ մեր հեռուստատեսությունները, սկսած Հանրայինից, նախկին նախագահներին ցուցադրում են միայն նորերի ցանկության դեպքում եւ նրանց նախընտրած ֆորմատով: Ինչ կարող է անել Ռ.Քոչարյանը, եթե այդ ավանդույթը հեռուստատեսային դաշտում հենց ինքն է ներդրել ու արմատավորել: Ոչինչ, պետք է ընդամենը գոհ լինի, որ իր հարցազրույցը գոնե ընթերցվել է հեռուստատեսությամբ առանց խեղաթյուրվելու եւ կոնտեքստից դուրս բերվելու: Թեեւ դա դեռ առաջին հայտարարությունն է նախկին նախագահի կարգավիճակով: Այդ առումով անակնկալները Ռ.Քոչարյանի համար, երեւի թե, դեռ առջեւում են:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.