“Zhamanak” Armenian-American Political Daily

Փիթեր Սեմնեբի. «Առաջին նախագահը երկրի քաղաքական կյանքում լուրջ դերակատարություն է նախատեսում»

11:55 Yerevan | 7:55 GMT | Thursday 15 May 2008

Էմմա Գաբրիելյան

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին օրերս «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը հետեւելու է, թե ինչպես է Հայաստանը կատարում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւը. «Բանաձեւի կատարման ընթացքը կլինի այն հիմքը, որից ելնելով էլ մենք կկայացնենք հետագա որոշումները` ինչպես առաջնորդվել Հայաստանի հետ հարաբերություններում», - շեշտել է Սեմնեբին:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրան սատարող ուժերին` Եվրամիության հատուկ ներկայացուցիչը փոխանցել է իր տպավորությունները. Փիթեր Սեմնեբիի գնահատմամբ` առաջին նախագահն իր աջակիցների հետ միասին պատրաստվում է լուրջ դերակատարություն ստանձնել հայաստանյան քաղաքական դաշտում. «Ես կարծում եմ, որ Լ.Տեր-Պետրոսյանի վերջին հրապարակային ելույթը` իրեն սատարող քաղաքական ուժերի կոնգրեսում, ցույց տվեց մի բան. առաջին նախագահը երկրի քաղաքական կյանքում լուրջ դերակատարություն է նախատեսում թե անձամբ իր, թե իրեն սատարող ուժերի համար` այդ գործունեության ծավալման ընթացքում ուշադրությունը սեւեռելով ընտրությունների վրա: Իշխանավորների մի մասի մոտ մտավախություն կա, որ Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցներով անօրինական փողոցային ակցիաներ կնախաձեռնի: Իմ տպավորությամբ, սակայն, Տեր-Պետրոսյանն ու իր աջակիցները մտադիր են իրենց քաղաքական գործունեությունը ծավալել օրենքի շրջանակներում»:

Մանրամասնելով բանաձեւի կոնկրետ պահանջների վերաբերյալ իր դիրքորոշումը` Եվրամիության հատուկ ներկայացուցիչը ընդգծել է. «Կան էական խնդիրներ, պահանջներ, օրինակ` այն բոլոր հիմնարար ազատությունների վերականգնումը, որոնք սահմանափակվեցին արտակարգ դրության ընթացքում: Խոսքը, մասնավորապես, ցույցերի ու հավաքների ազատության մասին է, ինչպես նաեւ այն մարդկանց ազատ արձակման, որոնք բանտարկվեցին իրենց քաղաքական գործունեության հետ կապված: Կան խնդիրներ, որոնք ավելի շատ գործընթացի մաս են կազմում, օրինակ` երկխոսությունն իշխանության եւ ընդդիմության միջեւ կամ մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությունը: Մեր տեսակետը հետեւյալն է` ավելի լավ է այս ամենն ավելի շուտ անել»:

Սեմնեբին նաեւ տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ի բանաձեւի կատարման շուրջ երկարատեւ քննարկումներ է ունեցել Հայաստանի իշխանությունների, ինչպես նաեւ ընդդիմության ներկայացուցիչների հետ. «Ես մի քանի անգամ զրուցել եմ նոր նախագահի հետ` թե մինչեւ նրա երդմնակալության արարողությունը, թե դրանից հետո: Նա ինձ հավատացրել է, որ կզբաղվի այդ խնդիրներով: Չնայած դրան, ես որեւէ պատրանք չունեմ, որ կարող են լինել մարդիկ, ուժեր կամ կառույցներ, որ այլ կարծիք կունենան: Մնում է սպասել եւ տեսնել` բարձրացված խնդիրները լուծվելու՞ են, թե՞ ոչ», - նշել է Փիթեր Սեմնեբին:

Ինչպես հայտնի է` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող բանաձեւում ամփոփված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջարկությունները երկուշաբթի երեկոյան ներկայացվել են Ս.Սարգսյանին, ստեղծված աշխատանքային խումբը ղեկավարում է Հովիկ Աբրահամյանը, խմբում ընդգրկված են արտաքին գործերի, արդարադատության փոխնախարարները, գլխավոր դատախազի տեղակալը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահները, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամները: Թե ինչ առաջարկություններ է ներկայացնելու սույն աշխատանքային խումբը ԵԽԽՎ-ի պահանջները իրագործելու ճանապարհին` ցույց կտա ժամանակը: Նկատենք միայն, որ ԵԽ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները իրականացնելիս ներկայացված պահանջները կատարելու ցանկության դեպքում առանձնահատուկ առաջարկներ հարկավոր չէ պեղել, որպեսզի դրանք կյանքի կոչվեն: Պարզապես հարկավոր է կատարել այն բոլոր պահանջները, որոնց անհրաժեշտության մասին արդեն երկու ամիս անվերջ միայն խոսվում է:

Երեկ տեղեկություններ ստացվեցին նաեւ այն մասին, որ ստացվել է ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ Եվրախորհրդի մոնիտորինգի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: Ուրբաթ օրը Ազգային ժողովում նախատեսվում է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ, որում կվճռվի այդ հարցը` արդյո՞ք այն կներառվի՞ առաջիկա քառօրյայի օրակարգում (հաջորդ երկուշաբթի օրը մեկնարկող), թե՞ ոչ:

Ինչպես հայտնի է` Ժողովների, հանրահավաքների, երթերի եւ ցույցերի մասին օրենքում մարտի 1-ից հայտարարված արտակարգ դրության ընթացքում կատարված փոփոխությունների նկատմամբ եվրոպացի փորձագետները իրենց վերապահումներն էին հայտնել, հատկապես այն դրույթի առնչությամբ, համաձայն որի` հանրահավաքն արգելելու դեպքում իրազեկում ներկայացնողն իրավունք չունի դիմել դատարան եւ կարճ ժամկետում ստանալ դատարանի վճիռը: Առկա էին նաեւ այլ մտահոգություններ, մասնավորապես` ինքնաբուխ հանրահավաքների արգելման, իրազեկում ներկայացնելու ժամկետների հետ կապված:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.