“Zhamanak” Armenian-American Political Daily

Սուտը դեռ կարողանում է գտնել իր ճանապարհը

11:53 Yerevan | 7:53 GMT | Thursday 15 May 2008

Էմմա Գաբրիելյան

Ապրիլի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ճանաչվել էր ամենաբաց եւ հրապարակային պետական մարմինը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` ԻԱԿ-ը, հրապարակել էր 105 լրագրողների շրջանում հարցումների հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքները: Հարցումներին մասնակցել էին 105 լրագրող. Երեւանից` 60, մարզերից` 40, օտարերկրյա` 5 լրագրողներ: ԻԱԿ-ի կայքում տեղադրված դիտարկման համաձայն` լրագրողները ընդգծել են, որ պաշտոնական տեղեկատվության մատչելիությունը Հայաստանում շարունակում է լուրջ խնդիր մնալ: Չնայած պաշտոնյաները ընդունում են, որ տեղեկատվություն տրամադրելն իրենց պարտականությունն է, պրակտիկան ցույց է տալիս, որ պաշտոնական տեղեկատվության հասանելիությունը դեռեւս անբավարար է: Լրագրողները փաստել են, որ չնայած տեղեկություններ ստանալու իրավունքը վերաբերում է յուրաքանչյուրին, պաշտոնյաները խտրականություն են դնում քաղաքացիների եւ լրագրողների միջեւ. խտրական վերաբերմունք է նկատվում նաեւ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ: Հարցումների արդյունքներով` 105 լրագրողների 46%-ի կարծիքով ամենաբաց եւ հրապարակային պետական մարմին էր համարվել արտաքին գործերի նախարարությունը, իսկ որպես փակ, տեղեկատվության առումով դժվար մատչելի գերատեսչություն է համարվել ազգային անվտանգության ծառայությունը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հրապարակած արդյունքների առիթով ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 12-ին հաղորդագրություն էր տարածել, որում շնորհակալություն էր հայտնել լրագրողներին «նման բարձր գնահատականի արժանանալու համար»

Ծրագրի ղեկավար եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի հետ զրույցում տեղեկացանք, որ հարցումն անցկացվել է 2007թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իսկ արդյունքներն ամփոփվել են 2008-ի հունվարին: Ի դեպ, լրագրողների շրջանում նման հարցում կազմակերպությունը առաջին անգամ է իրականացրել: Ասել է թե` լրագրողները գնահատել են ՀՀ ԱԳՆ մամուլի նախկին քարտուղար Վլադիմիր Կարապետյանի աշխատանքը, ով, ինչպես հայտնի է, ԱԳՆ մյուս չորս պաշտոնյաների հետ` փետրվարի 26-ին տարածած հայտնի հայտարարությունից հետո հեռացվեց աշխատանքից` Դիվանագիտության մասին օրենքը խախտելու պատճառաբանությամբ, եւ այժմ ԱԳՆ նախկին աշխատակիցների հետ բողոքարկում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հրամանը: Շ.Դոյդոյանը մեր հարցին, թե ինչպես է գնահատում փաստը, որ լրագրողների նման գնահատականին արժանացած պաշտոնյան հեռացվել է աշխատանքից, պատասխանեց, որ լրագրողները գնահատել են Վլադիմիր Կարապետյանի եւ իր թիմի աշխատանքը, ովքեր կարողացել են նման լավ ավանդույթներ ձեւավորել, իսկ աշխատանքից հեռացնելու փաստը դիտարկեց արդեն քաղաքական հարթությունում:

ԻԱԿ-ի կայքում, ապրիլի 11-ի ամսաթվով տեղադրված է ՀՀ ԱԳՆ մամուլի նախկին քարտուղար Վլադիմիր Կարապետյանի խոսքը ԻԱԿ-ի կողմից իրականացված վերոնշյալ ուսումնասիրության արդյունքների առիթով, որում նա նշել է, որ շոյված է նման գնահատականի արժանանալու համար. «Որպես ԱԳՆ մամուլի քարտուղար կցանկանայի շարունակել այս ոճով իմ աշխատանքը, սակայն, թերեւս, ոչ բոլորն են գնահատում ճշմարիտ խոսքի արժեքը: Կամ` ժամանակներն են այդպիսին: Ո՞րն է ամենամեծ վտանգը մեր մասնագիտության ներկայացուցիչների համար. իմ կարծիքով` միանշանակ` սուտը: Եթե մամուլի քարտուղարը անկեղծ չէ, ավելին` ստում է` առաջին հերթին տուժում է իր ներկայացրած գերատեսչությունը, հիմնարկի ղեկավարը, ինքը պաշտոնյան: Դա նշանակում է, որ անկեղծ չէ գերատեսչության ղեկավարը: Իսկ լրագրողի պարտքն եմ համարում հնարավորինս արագ այդ սուտի բացահայտումը, որովհետեւ մեր հասարակությունը պետք է պաշտպանված լինի անազնիվ պաշտոնյաներից, իսկ պետության ղեկավարությունը` տեղեկացված, թե որ գերատեսչությունն է չարաշահում իր վստահությունը եւ վարկաբեկում իշխանությանը: Սակայն մեզանում նման տրամաբանությունը դեռեւս չի գործում, սուտը դեռ կարողանում է գտնել իր ճանապարհը, իսկ լրագրողները դեռ չեն սովորել իրենց բացահայտումներով պատժել ստախոս խոսնակներին: Ես հավատացած եմ, որ եթե մեկ անգամ բացահայտվի իմ անազնվությունը` ես կկորցնեմ լրատվամիջոցների եւ հասարակության վստահությունը եւ այլեւս չեմ կարողանա աշխատել PR ոլորտում, առհասարակ` որպես պետական ծառայող, որովհետեւ, մասնավորապես լրատվամիջոցները, իրավունք կունենան իմ անուն-ազգանունը ամեն անգամ նշելուց ավելացնել` ստախոս: Այդ դեպքում ամենաճիշտ որոշումը կլինի անհապաղ հրաժարականը` առաջին հերթին ղեկավարության բարի համբավը չվնասելու համար», - ընդգծել է ՀՀ ԱԳՆ մամուլի նախկին խոսնակը:

Անդրադառնալով մարտի 1-ին Երեւանում կատարված ողբերգական դեպքերին` Վլադիմիր Կարապետյանը մասնավորեցրել է. «Իսկ ինչ կա մեզանում` ասում են մարտի 1-ի հանրահավաքի մասնակիցները զենք են ունեցել. արդեն քառասուն օր է որեւէ մեկին նման մեղադրանք, որքան գիտեմ, ներկայացված չէ, հետո ասում են` իրավապահները զենք չունեին. հստակ կադրեր կան զենքը ձեռքին ոստիկանների: Ասում են` իրավապահները չեն կրակել, սակայն առնվազն չորս զոհ հրազենի օգտագործման հետեւանքով է: Ասում են` երեքն էլ հատուկ միջոցների օգտագործումից են մահացել, եւ մենք գիտենք, թե որ ստորաբաժանումներն են օգտագործել այդ միջոցները, սակայն մինչ օրս որեւէ մեկը չի կանչվում պատասխանատվության: Սակայն ամենազավեշտալին գիտեք ինչ է, որ նմանների մամուլի ասուլիսներին կրկին գնում են լրագրողներ ու կրկին տարածում սուտը...», - շեշտել է Վ.Կարապետյանը:

Ամփոփելով իր խոսքը` արտգործնախարարության մամուլի նախկին խոսնակը նաեւ նկատել է. «Պետական կառույցներից տեղեկություններ ստանալու այլընտրանքի բացակայությունը մեր հասարակության հիվանդություններից է: Մեր երկիրը կայացման արդար ուղու վրա կլինի այն օրը, երբ մրցանակը ստանա ոչ թե ԱԳՆ, այլ ոստիկանության, քաղաքապետարանի, դատախազության մամլո ծառայությունը, երբ այնտեղ աշխատող մամուլի քարտուղարները պատասխանատու եւ հաշվետու լինեն ոչ միայն շեֆի, այլ նաեւ հասարակության առաջ եւ դրանով հանդերձ պաշտպանեն եւ բարձրացնեն նույն ղեկավարի վարկանիշն ու հեղինակությունը»:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.