“Zhamanak” Armenian-American Political Daily

Ուսանողական խոհեր՝ քննությունների նախաշեմին

11:52 Yerevan | 7:52 GMT | Thursday 15 May 2008

Անի Եղիազարյան

Մոտենում են տարեվերջյան քննությունները, եւ ուսանողներն ընկել են հերթական խառնաշփոթի ու իրարանցման մեջ` ժրաջան մեղվի պես աշխատելով լրացնել այն բոլոր բացթողումները, որոնք եղել են ողջ տարվա ընթացքում:

Այս մասին խոսում են հենց իրենք` ուսանողները. «Սովորելու ընդունակությունները հավասար չեն բաշխված ուսանողներին. ոմանք մեկ շաբաթում են հասցնում պատրաստվել, ոմանք` մեկ ամսում, ոմանց 3 օրն էլ բավական է` կախված այն բանից, թե տարվա ընթացքում որքանով են մասնակցել դասապրոցեսին», - այսպես էր մտածում Երեւանի պետական համալսարանի ուսանողուհի Զարուհի Ենգիբարյանը, ով 1-ին կիսամյակն ավարտել է գերազանց եւ ձգտում է նույնը կրկնել նաեւ այս քննաշրջանում, որպեսզի հնարավորություն ձեռք բերի ուսումը շարունակել անվճար. «Քննությունը ստանալն ամենեւին «հաջողացնելով պրծնելը» չէ, կարեւորը գիտելիքների առավելագույն պաշար ունենալն է, որով եւ որոշվում է երկրի ապագա մասնագետի որակը»:

Կարեն Գրիգորյանը սովորում է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսում: Այս տարի Կարենի քննությունը որոշիչ է ու ավարտական. «Ինչ խոսք, լարվածությունս զգալի է, որովհետեւ մեծ է պատասխանատվությունը: Նախքան այս` բոլոր քննություններս գերազանց եմ հանձնել եւ ուզում եմ, որ վերջինն էլ գերազանց լինի: Ի վերջո ես բժիշկ եմ դառնալու, եւ իմ առաքելությունը մարդկանց առողջությանը հետեւելն է, ինչի համար պետք է անձնուրաց նվիրումով սովորել», - խոսքն ավարտեց երիտասարդը: Նույն համալսարանի ուսանողուհի Նաիրան 4-րդ կուրսում է սովորում եւ գտնում է, որ քննության նախաշեմին ուժերը մոբիլիզանում են, ու սթրեսի ազդեցության տակ աշխատունակությունը բարձրանում է, որի արդյունքում հասցնում է տրված օրերում պատրաստվել քննությանը: Բայց նա մի փոքր դժգոհում էր քննությունները թեստային համակարգով անցկացնելուց. «Ճիշտ է` այս մեթոդի դրական կողմերից է, օրինակ, սուբյեկտիվ գործոնի վերացումը, բայց չի նշվում կոնկրետ գրականություն, որով հնարավոր լինի պարապել, բացի այդ` հաճախ սխալ կազմված թեստերը շփոթմունքի մեջ են գցում ուսանողին»:

Երեւանի Մենեջմենթի համալսարանի ուսանողուհի Աննա Հովակիմյանը հավաստեց, որ առանձնապես չի տանջվում քննությանը պատշաճ կերպով ներկայանալու համար. «Ամբողջ տարվա ընթացքում հավասարապես սովորում եմ բոլոր առարկաները, այդ պատճառով էլ կիսամյակի վերջում համեմատաբար քիչ անելիք եմ ունենում եւ մեկ-երկու օրում հասցնում եմ լիարժեք կերպով պատրաստվել»:

Արուսյակ Ֆարմանյանը ավարտել է Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը եւ այժմ սովորում է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Երբ հարցրի, թե ինչ տարբերություն կա ուսումնարանական եւ համալսարանական քննությունների միջեւ, Արուսյակը պատասխանեց. «Քննությունը մնում է քննություն, միայն թե անցումը արվեստից դեպի բանասիրություն մի փոքր դժվար է. երկուսն էլ տարբեր աշխարհներ են եւ տարբեր մոտեցումներ են պահանջում: Առաջինի դեպքում հնարավոր չէ տարվա ընթացքում ոչինչ չանել եւ դրական արդյունքի հասնել, իսկ բանասիրական ֆակուլտետում կարելի է մեկ շաբաթում գոնե նվազագույն գիտելիք ձեռք բերել առարկայի վերաբերյալ»:

Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրայի բաժնի մի ուսանող էլ մեզ հայտնեց, որ քննություն ասվածն իր համար արդեն սովորական երեւույթ է դարձել. «Թեպետ ասպիրանտի կոչում ստանալը անհամեմատելիորեն ավելի մեծ պատասխանատվություն է կրում իր մեջ», - վերջում ավելացրեց երիտասարդը:

Մաղթենք բոլոր ուսանողներին քննությունների հաջող հանձնում եւ ցանկանք, որ նրանք լուրջ վերաբերվեն իրենց ուսմանը մշտապես...

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.