“Zhamanak” Armenian-American Political Daily

Դատարաններում` ինչպես իրենց հոր դուքաններում

11:46 Yerevan | 7:46 GMT | Thursday 15 May 2008

Գագիկ Աբգարյան

«Էդ բացատրությունը ես չեմ գրել: Էս թուղթը իրենք են գրել: Գրելուց հետո տարան մի լավ ծեծեցին ու դրեցին դեմս, ասին` պիտի ստորագրես: Հետո, երբ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից եկան, ինձ զգուշացրեցին. «Չասես ծեծի մասին: Եթե մի բան ասել ես` ավելի վատ կլինի քո համար: Էլի եմ ասում` այդ բացատրությունը ես չեմ գրել, իրենք գրել են, իսկ ինձ ծեծելով ստիպել են ստորագրել իրենց գրածի տակ»:

Այս հայտարարությամբ Երեւանի քրեական դատարանում երեկ հանդես եկավ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ, ամբաստանյալ Մկրտիչ Աբրահամյանը: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քրօրի 225` զենք-զինամթերք, եւ 235 հոդվածների հատկանիշերով` զանգվածային անկարգություններ: Մ.Աբրահամյանին մարտի 11-ին արգելանքի են վերցնում, իսկ բերման ենթարկելու մասին որոշում է կայացվում միայն հաջորդ օրը: Անօրինական կալանքի այդ մեկ օրվա ընթացքում, խոշտանգումների միջոցով ստիպում են ստորագրել վերոբերյալ բացատրության տակ, ըստ որի ինքն իրեն մեղավոր է ճանաչում եւ ընդունում է, որ մասնակցել է ընտրությունների վրա ստվեր գցելու նպատակով Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքներին, ընդունում է, որ մարտի 1-ին տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որին մասնակցել է նաեւ ինքը եւ այլն: Բացատրությունը գրելուց հետո նրան տեղափոխել են ոստիկանության Էջմիածնի բաժին, որտեղ, ըստ ամբաստանյալի, իրեն ծանոթացրել են Հանրային պաշտպանի գրասենյակից ոմն Ռոբերտ Մարտիրոսյան փաստաբանի հետ` որպես իր պաշտպանի: Վերջինս նրան համոզել է ցուցմունք տալուց ամբողջությամբ ընդունել մեղքը, ինչն էլ Մկրտիչն արել է: Այս դրվագի առումով ամբաստանյալի ներկայիս պաշտպան Հովիկ Արսենյանը դատաքննության ժամանակ նկատեց, որ խախտված է Հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբան հրավիրելու կարգը: Ըստ կարգի` հանրային պաշտպանը կարող է ներգրավվել միայն այն դեպքում, երբ կասկածյալը, մեղադրյալը իրականացնելով պաշտպան ունենալու իր իրավունքը` հայտարարի, եւ դրա վերաբերյալ պետք է արձանագրություն կազմվի, որ ցանկանում է պաշտպան ունենալ, բայց նյութական խնդիրներից ելնելով չի կարող օգտվել փաստաբանի վճարովի ծառայությունից: Որից հետո նախաքննության մարմինը նամակով դիմում է համապատասխան գրասենյակին հանրային պաշտպան ներգրավելու համար: «Ակնհայտ է, որ այս իրավունքը չի բացատրվել իմ պաշտպանյալին, եւ միանգամից ներգրավել են ինչ-որ Մարտիրոսյանի, փաստաբանական պալատի այն խեղկատակներից, ովքեր այսպես վարկաբեկում են փաստաբանական ինստիտուտը», - ասաց Հ.Արսենյանը: Այս մեթոդներով` բռնի ուժով եւ խաբեությամբ կորզված ցուցմունքի ու բացատրության հիմքի վրա գործը կազմվում է եւ մտցվում դատարան: Երեկ դատարանը քննեց երկու վկայի` երկուսն էլ Արմավիրի ոստիկանության բաժնից եւ քննության ընթացքում բացահայտվեց մի շատ հետաքրքիր պատկեր: Աբրահամյանին արգելանքի վերցրել է լեյտենանտ Հրանտ Սեդրակյանը, բացատրությունը վերցրել է լեյտենանտ Հրանտ Սեդրակյանը, քննությունը վարել է լեյտենանտ Հրանտ Սեդրակյանը, դատարանում վկայի կարգավիճակում հանդես է գալիս լեյտենանտ Հրանտ Սեդրակյանը: Իսկը «Սամ սեբե ռեժիսոր» հայտնի հեռուստաշոուի նման` ինքը բեմադրում է, ինքն էլ` իրականացնում, եւ սա ժողովրդի վրա ուզում են «նաղդել» որպես արդարադատություն: Ու դեռ զարմանում են, որ ժողովուրդն իրենց որպես դատավոր ու դատախազ չի ընկալում, չեն ընդունում, որ դատավոր է ներս մտել, եւ իրենք պարտավոր են հոտնկայս հարգել նրա մուտքը: Ի դեպ, երեկ դատարանի նկատմամբ այսպիսի անհարգալից վերաբերմունքի փաստեր եղան, ինչի կապակցությամբ մեղադրող դատախազ Կորյուն Փիլոյանը ցույց տալով «Հայոց կանանց շարժում» նախաձեռնության ակտիվիստներին նետեց, թե նրանք պատվեր կատարողներ են: Տողերիս հեղինակը պատրաստ է դատարանի առաջ պնդել, որ եթե նույնիսկ նրանք պատվեր են կատարում, ուրեմն նրանց պատվիրված է փրկել արդարադատությունը կորյունփիլոյաններից, եւ իրապես առողջ դատող տղամարդը պետք է գլուխ խոնարհի այդ կանանց առաջ: Բայց արժե՞, արդյոք, հիշեցնել, որ պետական կառավարման եւ դատական համակարգում տղամարդ չկա, ու այդ մասին վաղուց հայտարարել է մեծն «ալբանացին»: Ամեն դեպքում անգամ ԵԽ-ում գիտեն, որ կորյունփիլոյաններն ընդամենը իշխանությունների պատվեր կատարողներն են, ինչի ապացույցը քաղբանտարկյալների նկատմամբ քրեական հալածանքները դադարեցնելու նրանց կոչն է:

Վերադառնալով դատի թեմային` ասենք, որ բավական հետաքրքիր ընթացավ վկաների հարցաքննությունը: Փաստաբան Արսենյանը համոզված, որ վկաները դեպքի վայրում չեն եղել եւ ամբաստանյալին տեսել են միայն տեսաերիզով ու դրա հիման վրա էլ վկայություն են տալիս դատարանում, հարցաքննությունը տարավ հենց այդ ուղղությամբ: Այս համոզվածության ճշմարտացի լինելը հաստատվեց նրանով, որ նույն դրվագի վերաբերյալ վկաները տարբեր ցուցմունքներ տվեցին: Օրինակ` վկա Ռազմիկ Սարգսյանը պնդեց, որ ժողովրդին հրահրում էին ընդդիմության պարագլուխները: Կոչ էին անում զինվել փայտերով ու երկաթներով ու մնալ այդտեղ: Պարագլուխներից նա նշեց միայն Նիկոլ Փաշինյանի անունը, քանի որ մյուսներին չի ճանաչում, իսկ նրան հաճախ է տեսել հեռուստատեսությամբ: Մյուս վկան` Հրանտ Սեդրակյանը, ասաց, որ այնտեղ այնպիսի աղմուկ էր, որ հնարավոր չէր ինչ-որ բան լսել: Հակասություններ կային Արմավիրի ոստիկանական ջոկատի տեղակայման վայրի, այնտեղից հեռանալու ժամանակի մասին ցուցմունքում եւ այլն: Սակայն ամենակարեւորը չապացուցվեց, որ այնտեղ տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ եւ վկաներից ոչ մեկը չկարողացավ մի տրամաբանական պատասխան տալ փաստաբանի այն հարցին, թե, եթե դուք մարտի 1-ին ձեր համերկրացուն տեսել եք դեպքի վայրում, ինչու՞ հենց հաջորդ օրը զեկուցագիր չեք գրել, եւ չի հարուցվել քրեական գործ: Միակ ապացուցված փաստն այն է, որ ամբաստանյալի ձեռքում ոստիկանի ռետինե մահակ եւ վահան է եղել, ինչը նա բացատրեց նրանով, որ իր կողքին կանգնած են եղել կանայք եւ երեխաներ: Երբ զինվորը հարձակվել է նրանց վրա, նա ընդամենը դրանք խլել է նրա ձեռքից` պաշտպանելու համար կանանց: Իր վերջին խոսքը Մկրտիչը հենց այդպես էլ ձեւակերպեց. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում: Եթե մեղավոր եմ, մեղավոր եմ միայն նրանով, որ պաշտպանել եմ»: Աշխատանքային օրվա ավարտի պատճառով, դատավոր Կարինե Ղազարյանը դատավճռի հրապարակումը հետաձգեց այսօրվան:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.