“Zhamanak” Armenian-American Political Daily

Որ շենքի որ պատին երբ ամենաերեւացող տեղում շուտով

12:50 Yerevan | 8:50 GMT | Wednesday 14 May 2008

Ոչ էջկապին, ոչ էլ սրբագրիչին մի մեղադրեք. վերնագրում սխալ չկա: Կետադրական: Դուք ինքներդ պիտի դնեք այդ նշանները եւ` ըստ ձեր զգացողության: Եթե հետաքրքրի կամ դիմանաք մինչեւ վերջ կարդալ` հետո:

Էնպես որ` անցնենք բուն բանին:

Ցանկացած կարեւոր իրադարձություն որոշ ժամանակ անց, բնականաբար, հուշ է դառնում: Եվ որպեսզի հիշվի նաեւ հետո` հուշաքար, հուշարձան, հուշասյուն: Էլի տարբերակ կլինի, բայց դա չէ էականը: Էդպես բազմաթիվ նշանավոր իրադարձություններ են, նվազագույնը, հուշաքարավորվել:

Անգամ` մեզանում: Զորօրինակ` Անկախության հռչակագրի ընդունումը: Որն, ինքներդ եք հասկանում, առանցքային նշանակություն ունեցավ եւ ավետեց Երրորդ հանրապետության ծնունդը: Էս փաստը ընդունում են բոլորը: Բայց դրանից հետո` ընթացքի եւ վախճանի հետ կապված, կարծիքները էապես տարաբաժանվում են եւ դժվար է դրանց միանշանակ գնահատական տալ:

Ոմանք գտնում են, որ Երրորդ հանրապետությունը մինչեւ նախագահական առաջին ընտրություններ է տեւել` հիմնավորելով, որ կառավարման ձեւաչափ է փոխվել. խորհրդարանական հանրապետությունը դարձել է նախագահական, ոմանք Երրորդ հանրապետության ավարտը 1995թ. են համարում` հիմք ընդունելով Սահմանադրության հանրաքվեն, ոմանք` մինչեւ 1998թ., ոմանք` մինչ օրս:

Իմ, խիստ սուբյեկտիվ կարծիքով, Երրորդ հանրապետությունն ավարտվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, եւ դրանից հետո մենք ապրում ենք անհասկանալի մի պետական կացութաձեւով, որը եզրաբանության էությամբ չբռնվող ինչ-որ մի բան էր, որը վերափոխվելու եւ կանոնակարգվելու որեւէ հույս չէր ներշնչում մինչեւ 2007 թվականի հոկտեմբերի 26-ը: Հենց այդ օրվանից, կարծում եմ, սկիզբ դրվեց Հայաստանի Չորրորդ Հանրապետության կայացմանը, եւ մենք այսօր այդ գործընթացի մեջ ենք: Խնդրում եմ իմ այս տարբերակումները քաղաքա-քաղաքագիտական-իրավական վերլուծությունների չենթարկել` դրանք, պարզապես, անձնական զգացողություններ են: Բայցեւայնպես, ցանկացած վերլուծության դեպքում հաշվի առեք, խնդրեմ, մի կարեւոր առանձնահատկություն. 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո ցանկացած քաղաքական բան, որ կատարվել է էս երկրում` փողոցում է կատարվել: Սա էլ, կարծում եմ, տարբերակիչ նշաններից մեկը պետք է հանդիսանա:

Ու հիմի` Հյուսիսային պողոտան: Այսօր երեւացող քաղաքական կյանքի կիզակետն այնտեղ է:

Ու որոշ ժամանակ անց, համոզված եմ, հենց Հյուսիսային պողոտայում է դրվելու Հայաստանի Չորրորդ Հանրապետության սկիզբը խորհրդանշող հուշաքարը կամ շենքերից որեւէ մեկի վրա հուշատախտակ է փակցվելու:

Էնպես որ` արժե հենց էսօրվանից մրցույթ հայտարարել. տեղի, ձեւի, տեքստի համար էլ:

Ես, օրինակ, էստեսակ մի բան եմ առաջարկում` արտամրցութային կարգով. «Հայաստանի Երրորդ Հանրապետության ընթացքը կասեցնողների դեմ համաժողովրդական ընդվզմամբ 2008թ. մարտ-սեպտեմբեր ամիսներին այստեղ կայացող հավաքներով ծնվեց Հայաստանի Չորրորդ Հանրապետությունը եւ նրա արժանապատիվ քաղաքացին»:

Դուք էլ ձերն առաջարկեք:

Արխիվ
Վերլուծական

«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել:

Քաղաքական

Այսօր: Մատենադարանի մոտ: 19.00

Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ...

Աշխարհ

Ի՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.