“Zhamanak” Armenian-American Political Daily

«Աստծո զորությունն ենք զգում...»

12:44 Yerevan | 8:44 GMT | Wednesday 14 May 2008

Կարինե Հարությունյան

Վանատուրում վիճակը նույնն է. ոգին՝ աննկուն, պայքարը՝ շարունակական, կամքը՝ հզոր: Իրենց Ազատության հրապարակում: Իրենց պահանջներով: Իրենց միակամությամբ:

Երեկ էլի անձրեւ էր: Ու երեկ էլի վանատուրցիներն այնտեղ էին: Թեկուզեւ՝ ցուրտ ու անձրեւ, բայց վանատուրցին չի թողնում իր Ազատության հրապարակը: Այս ժողովրդին հաղթել չի լինի: Կոտրել չի լինի: Ջարդել՝ առավել եւս: Եթե որեւէ մեկը կասկածում է, թող գնա Վանատուր ու համոզվի, թե ռեժիմը իրականում ում դեմ է գործում, ու որ ռեժիմի այդ դավադիր ծրագիրը դատապարտված է: Ոչ միայն վանատուրցու «մասով»: Այլեւ հայ ժողովրդի՝ ընդհանրապես: Ինչ կուզի՝ մոգոնի հայտնի զույգը: Զու՞յգը: Քոչարյան-Սարգսյան կամ Սարգսյան-Քոչարյան՝ ի՞նչ տարբերություն: Սրանք, ասում են, գիշեր-ցերեկ մտածում են, թե էս անգամ ինչ հորինեն: Ժողովրդի ընթացքը կասեցնելու համար: Հայ ժողովրդի: Ասենք՝ վանատուրցու, ձորակապցու, գյումրեցու...

Եթե նույն համառությամբ փորձեին բարի գործեր անել գոնե: Ախր ամեն ինչ բումերանգի օրենքով է ընթանում: Բարին էլ: Չարն էլ: Օրինակ` Վանատուրում դրա մասին լավ գիտեն: Իմացած էլ չլինեին, փորձով արդեն համոզվել են: «Մարտի 23-ից հավաքներ ենք անում, ու զարմանալի բաներ են կատարվում: Ցրտին, քամուն, անձրեւին կանգնել ենք եւ փոխանակ հոգնելու, ինչ-որ անբացատրելի ուժ ենք ստանում: Անհասկանալի է, բայց միեւնույն ժամանակ՝ հասկանալի: Աստված է մեզ էդ ուժը տալիս: Աստծո զորությունն ենք զգում: Դրա համար հոգնել չունենք: Էս երեխեքը, էս մեծերն էլ մեզ հետ գալիս ու գալիս են: Սա աղոթքի պես մի բան է դարձել մեզ համար: Ազատության համար պայքարն էլ աղոթք է: Սա գործ է, շատ կարեւոր գործ, որից հետ կանգնել չենք էլ կարող: Քանի որ մեր ոտքերը ամեն օր մեզ բերում են էստեղ, մեր գիտակցությունը, մեր միտքը էստեղ է գործում», - ասում է մի կին, իսկ մյուսներն, իհարկե, խառնվում են խոսակցությանը, միմյանց հերթ չեն տալիս ասելու համար, թե իրենք որքան վճռական են իրենց պայքարի հարցում: Իսկ պայքարը Սասուն Միքայելյանի եւ մյուս քաղբանտարկյալների ազատության համար է:

Նույն պահանջով էր եւ «Սասուն» ջոկատի ազատամարտիկ Արշավիր Բոզինյանի եւ նույն ջոկատի զոհված ազատամարտիկ Աշոտ Ներսիսյանի այրու՝ Ժանետա Ներսիսյանի մեկշաբաթյա հացադուլը, որը երեկ ժամկետը լրանալուց հետո դադարեցվեց: Վանատուրցիները պատրաստվում են քաղաքապետի առաջիկա ընտրություններին: Ունեն քաղաքապետի իրենց թեկնածուն: Վանատուրցի Մեսրոպ Մեսրոպյանը հրաշալի գիտի թե գյուղացու, թե քաղաքացու խնդիրները, հասկանում եւ գնահատում է հողի մարդու չարչարանքը եւ ընդհանրապես սրտացավ մարդ է: «Մենք նրան ենք ընտրելու, քանի որ ուզում ենք, որ քաղաքապետը կարգին մարդ լինի՝ սկզբունքային, չծախվող, արդարամիտ: Ինչ վերաբերում է մեր հիմնական պայքարին` մեր ամենօրյա հավաքները շարունակվելու են: Պայքարը շարունակվում է: Իսկ հացադուլը կվերսկսենք ընտրություններից հետո՝ իրավիճակից ելնելով», - ասաց Արշավիր Բոզինյանը:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.