|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Դատական ֆարսերը շարունակվում են12:31 Yerevan | 8:31 GMT | Wednesday 14 May 2008Մարինե Խառատյան Թե ինչպիսին է արդարադատության վիճակը Հայաստանում, ինչի են վերածվել դատարանները, որոնք կոչված են արդարադատություն իրականացնել, ամենապատկերավոր կերպով ցույց են տալիս մարտի 1-ի գործերով դատավարությունները: Եթե ներկա լինեք դատական նիստերին` կհասկանաք, որ նման դատական համակարգ լինում է թերեւս միայն բռնատիրական երկրներում: Չնայած այս հանգամանքին, Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանը երեկ իր նկատմամբ բացարձակ հարգանք էր պահանջում. մի քանի հոգու հանեց դահլիճից` ոտքի չկանգնելու համար: Ալեքսանդր Արզումանյանի կնոջը` Մելիսա Բրաունին ստիպողաբար, հրելով հանեցին դուրս, դուրս հանեցին նաեւ «Տարեգիր» թերթի լրագրող Գայանե Առուստամյանին: Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քննում էր Արցախյան ազատամարտի հրամանատար, Արցախում երեք անգամ ծանր վիրավորված, հայրենիքի պաշտպանության համար բազմաթիվ պարգեւների ու շքանշանների արժանացած, ԵԿՄ անդամ Խաչիկ Գասպարյանի դեմ հարուցված գործը: Ազատամարտիկին դահլիճն ընդունեց ու ճանապարհեց ծափահարություններով: Սեփական իրավունքների համար պայքարել հանդգնած ազատամարտիկը մեղադրվում է քրօրի 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Երբեմն թվում էր` դատական նիստը վարում է ոչ թե դատավոր Գագիկ Ավետիսյանը, այլ մեղադրողը` դատախազ Աշոտ Նադոյանը. դատավորը մեղադրող կողմի առարկություններն էր կրկնում ազատամարտիկի պաշտպանի միջնորդությունները մերժելիս: Հանրային պաշտպան Ամալյա Ավագյանը միջնորդեց կարճել քրեական գործը` հանցակազմի բացակայության պատճառով: Միջնորդությունը մերժվեց: Մերժվեց նաեւ խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդությունը: Առավել զավեշտալի էր վկաների ցուցմունք տալու պահը: Որպես վկա դատարան ներկայացած Էրեբունու ոստիկան Արմեն Խաչատրյանը երեկ դատարանում իր ցուցմունքը սկսեց ստով. հայտարարեց, թե իբր իրենք` ոստիկանները, մարտի 1-ի առավոտյան «բազմաթիվ անգամ բարձրախոսով զգուշացրել են» Օպերայի հանրահավաքի մասնակիցներին, որ ցրվեն, իրենք խուզարկություն կատարեն, սակայն ժողովուրդն ընդդիմացել է, մի քանիսն, առավել եւս, կոչ են արել չենթարկվել ոստիկաններին: Իսկ Խաչիկ Գասպարյանն իբր իրեն հրել ու հայհոյել է: Այն դեպքում, երբ Արցախյան ազատամարտում 2-րդ կարգի հաշմանդամ դարձած Խաչիկ Գասպարյանն ինքն է այդ առավոտ, ոչ թե Ազատության հրապարակում, այլ Արշակունյաց պողոտայում բազմաթիվ ծանր վնասվածքներ ստացել ոստիկանների հարվածներից: Կա դատաբժշկական համապատասխան եզրակացություն: Ըստ այդմ, նրան պատճառել են միջին ծանրության վնասվածք` ողնաշարի ողի կոտրվածք, ձեռքի ջարդվածք, գլխի պատռվածք, մատները եւս ջարդված են եղել: Քաղաքացին խոշտանգումների առթիվ բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին՝ մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, սակայն պատասխան չի եղել: Ընդհանրապես երեւում էր` ոստիկան վկաները «լավ մշակված էին», դատավորը ժամանակ առ ժամանակ հիշեցնում էր, որ հարցերին պատասխանելիս իրեն պետք է նայեն, ոչ թե մեղադրող դատախազին: Դատախազ Աշոտ Նադոյանին հետաքրքրում էր միայն, թե ինչ գործողություններ է կատարել ամբաստանյալը ոստիկանների նկատմամբ, հո չի՞ փորձել պաշտպանվել, հո չի՞ հրել ոստիկանին: Վկան ասաց, թե Խաչիկ Գասպարյանն իրեն չի հարվածել, բայց հրել է: Սա, սակայն, չբավարարեց դատախազին. վերջինս տարբեր կերպ նույն հարցն էր տալիս, թե բացի դրանից ի՞նչ գործողություններ է կատարել, վկան ասաց՝ ոչ մի: Դատախազը նորից հարցը տվեց, որ կորզի այլ պատասխան: Պաշտպանական կողմն առարկեց: Խաչիկ Գասպարյանը պնդեց, որ իրեն բերման են ենթարկել այլ վայրից ու այլ ոստիկաններ: «Եթե դու ես բերման ենթարկել, ինչու՞ ես մատներս ջարդել, մատանիս տարել, դե ետ տուր մատանիս», - վկա ոստիկանին դիմելով, որը պնդում էր թե ինքն է բերման ենթարկել ամբաստանյալին, ասաց Խաչիկ Գասպարյանը: «Ես մատանի չեմ տեսել», - շփոթված ասաց ոստիկանը: «Եթե ինքը չի տեսել մատանին, ուրեմն ինքը չի բերման ենթարկել», - նկատեց ամբաստանյալը: Պաշտպանական կողմի պնդումներով` Խաչիկ Գասպարյանին բերման են ենթարկել բոլորովին այլ վայրից, Արշակունյաց պողոտայից` իջեցրել են տաքսուց ու ծեծի ենթարկել` նմանեցնելով Սասուն Միքայելյանին: Հետո պարզել են, որ Սասունը չի, բայց, դե, արդեն ծեծել են, պիտի մի կերպ «ձեւակերպում տան»: Երկրորդ վկան` Էրեբունու ոստիկան Սիմոն Պողոսյանը նախ ասաց, թե Խաչիկ Գասպարյանին տեսել է Օպերայի հրապարակում 50 մետր հեռավորությունից, ընդ որում` այդ մթին տեսել է, թե քաշքշում է ոստիկան Արմեն Խաչատրյանին, լսել հայհոյանքները, սակայն չէր տեսել` ինչ գործողություններ է կատարել ինքը` Արմեն Խաչատրյանը: Վկան չկարողացավ նկարագրել, ինչ շորեր էր հագել այդ օրը ամբաստանյալը, որին իբր տեսել է ոստիկանին քաշքշելիս: Մի քանի հարց էլ տվեցին, «քարկապ ընկավ», ասաց` ես բերման չեմ ենթարկել, չգիտեմ: Մյուս երկու վկա ոստիկանները չէին ներկայացել դատարան, չէր ներկայացել նաեւ մեկ քաղաքացի վկա: Դատավորը որոշեց բերման ենթարկել նրանց դատական մյուս` մայիսի 19-ի նիստին: Հ.Գ. Ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանի կինը հիշեց տարօրինակ զուգադիպություն. 1993թ. մարտի 1-ին Արցախի «Զորավար Անդրանիկ» ջոկատի անդամ Խաչիկ Գասպարյանը կրկին մարմնական ծանր վնասվածքներ է ստացել, այդ անգամ Մարտակերտի Սարսանգի ջրամբարի մոտ, որտեղից ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխել են Երեւան, հրաշքով կյանքը փրկվել է: «Փաստորեն թուրքի գնդակից հրաշքով փրկվեց, բայց հիմա հայի ձեռքով է մարմնական վնասվածքներ ստացել ու մոտ երկուսուկես ամիս գտնվում է անազատության մեջ», - ասաց Արեւիկ Պողոսյանը: «Իմ երկու տղաները մեկնել են Ղարաբաղ, երկուսն էլ արյուն են թափել էս պետության համար, հաշմանդամ են դարձել, բայց հիմա տղաս անազատության մեջ է, ինչի՞ համար: Փոխանակ նրան խոշտանգողներին դատարանի առաջ կանգնեցնեն, նրան են անազատության մեջ պահում: Ես` որպես հայ մայր, պահանջում եմ, որ հերոսներին բաց թողնեն», - հավելեց ազատամարտիկի մայրը: |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականՄի ուրվական է շրջում ՀայաստանումԴատելով վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններից, որ արձանագրվում են իշխանության ներսում, կարելի է ասել, որ... ՔաղաքականDe Jure-ի եւ De Facto-ի արանքումԵրբ Հայաստանում իշխանությունը Ռոբերտ Քոչարյանից de jure անցնում էր Սերժ Սարգսյանին, կադրային փոփոխությունները, որ... ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |