“Zhamanak” Armenian-American Political Daily

Պարենային ճգնաժամը կառավարությունների գործունեության հետեւանք է

12:29 Yerevan | 8:29 GMT | Wednesday 14 May 2008

Արմեն Գրիգորյան

Սննդամթերքի թանկացումը, համաշխարհային գործընթաց լինելով հանդերձ, առանձնապես ծանր հետեւանքներ է առաջացնելու Հայաստանում` մի շարք պատճառներով: Դրանք իմանալու հետ համատեղ` անհրաժեշտ է նաեւ հստակ պատկերացում ունենալ համաշխարհային գործընթացների վերաբերյալ ճգնաժամի ողջ լրջությունն ըմբռնելու եւ դրա հետեւանքների մեղմացման ուղիներ փնտրելու համար:

Նախեւառաջ հարկ է նշել, որ իշխանությունների բազմամյա հանցավոր գործունեության արդյունքում Հայաստանում սննդամթերքի գներն արդեն իսկ ավելի բարձր էին, քան նույնիսկ արեւմտյան երկրներում, որոնցում մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն Հայաստանի համանման ցուցանիշին գերազանցում է 10 եւ ավելի անգամ: Դրա համար ուղղակի պատասխանատու են Ռ.Քոչարյանը, Ս.Սարգսյանը, Տ.Սարգսյանը եւ այլք, որոնք ձեւավորել են մենաշնորհներ առաջնային կարեւորության սննդամթերքի ներկրման ոլորտում, վարել են դրամի արժեւորման քաղաքականություն, ինչպես նաեւ յուրաքանչյուր ընտրությունից հետո կամայականորեն բարձրացրել են գները` նախընտրական կամպանիաների եւ ընտրակաշառքների վրա ծախսված գումարները ետ բերելու համար: Այնպես որ, ընտրակաշառքներ վերցրած յուրաքանչյուր ոք նույնպես որոշակի չափով կրում է պատասխանատվություն: Այժմ էլ սննդամթերքի համաշխարհային գների աճը կրկին առավել ծանր հարված է դառնում Հայաստանի քաղաքացիների համար: Այն համընկել է գազի թանկացման, հետեւաբար նաեւ տրանսպորտային եւ այլ հարակից ծախսերի կտրուկ աճի հետ, ինչի արդյունքում Հայաստանում գների աճը կրկին ավելին է, քան այլ երկրներում: Բացի այդ. այն երկրներում, որտեղ, ի տարբերություն Հայաստանի, առկա է իրական տնտեսական աճ, սննդամթերքի թանկացումը մասնակիորեն կարող է հատուցվել բնակչության եկամուտների աճով` չնայած սպառման մակարդակի որոշակի նվազեցումն, այնուամենայնիվ, անխուսափելի է:

Այժմ դիտարկենք սննդամթերքի գների համաշխարհային աճի պատճառները: Նախեւառաջ դրան նպաստում է տնտեսական աճը` որքան էլ սա կարող է պարադոքսալ թվալ: Բանն այն է, որ Չինաստանը եւ Հնդկաստանը, որտեղ բնակվում է Երկրի բնակչության շուրջ 40 տոկոսը, իրենց տնտեսական աճի շնորհիվ կտրուկ ավելացրել են սննդամթերքի, մասնավորապես` հացահատիկի եւ կաթնեղենի ներկրումը. աճող եկամուտների շնորհիվ այդ երկրների բնակիչները սկսել են ավելի բազմազան սնունդ օգտագործել: Սպառումն աճում է նաեւ իրական տնտեսական աճ ունեցող այլ զարգացող երկրներում: Պահանջարկի ավելացումը դարձել է գների աճի բնական պատճառ: Այսպիսով, իրավիճակի լրջությունն արդեն իսկ ակնհայտ է: Սակայն առկա է սննդամթերքի համաշխարհային գների աճի եւս մեկ կարեւոր պատճառ, որն առաջացել է եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի կառավարությունների անհեռատես գործելակերպի եւ շուկայական տնտեսության օրինաչափություններն անտեսելու հետեւանքով:

Ածխաթթու գազի արտանետումները կրճատելու ձգտումը վերջին տարիներին Արեւմուտքում մի տեսակ մոլուցքի է վերածվել: Սակայն հիմքեր կան պնդելու, որ «ջերմոցային էֆեկտ» կոչվող երեւույթի չափազանց վտանգավոր լինելու մասին համաշխարհային հիստերիայի վերածվող պնդումները պարզապես ուղղորդվում են որոշ շրջանակների կողմից` որոնք կորպորատիվ շահերից ելնելով ֆինանսավորում են կասկածելի գիտական հետազոտությունները եւ լրատվամիջոցներում լայնածավալ քարոզչական կամպանիաները: Վերջիններիս արդյունքում «բիովառելիքը»` բենզինին ավելացվող սպիրտը եւ բուսական ձեթից պատրաստվող դիզելային վառելիքը սկսել են համարվել ածխաթթվի արտանետումները նվազեցնելու արդյունավետ միջոց: Պարզունակ տրամաբանությունն այն է, որ չնայած «բիովառելիքի» այրման ժամանակ նույնպես ածխաթթու է առաջանում, դա պակաս վնասակար է, քան նավթամթերքի այրման դեպքում, քանի որ «բիովառելիքից» առաջացած ածխաթթուն կրկին կլանվում է աճող բույսերի կողմից: Ի՞նչ է տեղի ունենում իրականում: «Բիովառելիքի» արտադրության համար օգտագործվում է ահռելի քանակությամբ սննդամթերք` սպիրտի արտադրության համար օգտագործվող եգիպտացորեն, ինչպես նաեւ կանճրակ ու այլ բույսեր, որոնց ձեթից արտադրվում է դիզելային վառելիք: Արդյունքում` ԱՄՆ-ում ու այլուր ֆերմերները սկսել են ավելի քիչ ցորեն ցանել` նախապատվությունը տալով եգիպտացորենին, նվազել է նաեւ մարդկանց սննդի համար նախատեսված որոշ այլ գյուղմթերքների արտադրությունը: ԱՄՆ-ում արտադրվող հացահատիկի մեկ քառորդից ավելին արդեն իսկ օգտագործվում է սպիրտային «բիովառելիքի» արտադրության համար: Բացի այդ, մեծ անտառատարածքներ են հատվում, մասնավորապես Բրազիլիայում` կրկին «բիովառելիքի» արտադրությունում օգտագործվելիք բույսեր աճեցնելու նպատակով: Այս վերջին երեւույթը հանգեցնում է նրան, որ ածխաթթվի արտանետումները ոչ թե նվազում, այլ ավելանում են, քանի որ ոչնչանում են ածխաթթուն առավել արդյունավետորեն կլանող անտառները. սրան գումարվում է նաեւ այն, որ «բիովառելիքային» բույսերի արտադրությունը նաեւ վառելիքի լրացուցիչ սպառման է հանգեցնում: «Բիովառելիքի» օգտագործումը ենթադրաբար պետք է հանգեցներ տրանսպորտային միջոցների շահագործման արդյունքում ածխաթթվի արտանետումների 20 տոկոսով նվազեցմանը. իրականում առաջիկա 30 տարիների ընթացքում արտանետումները գրեթե կրկնապատկվելու են, եւ տասնամյակներ կպահանջվեն` վնասակար հետեւանքները փոխհատուցելու համար: Չնայած վերը նշվածին` 2007թ. ԱՄՆ-ի նախագահ Ջ.Բուշը հաստատել է Կոնգրեսի ընդունած որոշումը, համաձայն որի սպիրտի արտադրությունը պետք է կտրուկ ավելացվի. 2007թ. այն արդեն կազմել է շուրջ 26 մլրդ լիտր, իսկ մինչեւ 2022թ. պետք է հասցվի 136 մլրդ լիտրի: Եվրամիությունում նույնպես ընդունվել են «բիովառելիքի» պարտադիր օգտագործման ավելացմանն ուղղված մի շարք օրենսդրական ակտեր: Մասնավորապես, մինչեւ 2010թ. «բիովառելիքը» պետք է կազմի ԵՄ-ում օգտագործվող վառելիքի 5 տոկոսը, իսկ 2020-ին` 10 տոկոսը: Այնպես որ, սննդամթերքի գների աճը շարունակական է լինելու:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ չնայած նավթի գնի աճին, «բիովառելիքի» ինքնարժեքը շարունակում է զգալիորեն բարձր լինել նավթամթերքի գնից, եւ գների հարաբերակցությունը դեռ երկար կպահպանվի: Ուրեմն, ինչպիսի՞ ուժեր են կանգնած «բիովառելիքի» ետեւում, որոնք այնքան հզոր են, որ կարողանում են ազդել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի օրենսդիրների վրա, եւ ինչու՞ է պարտադիր դարձել տնտեսապես ոչ շահավետ «բիովառելիքի» օգտագործումը: Ինչպե՞ս են ներդրողներն այդքան միջոցներ ծախսում ոչ արդյունավետ մի ոլորտում: Բավական է մի քանի թվեր նշել. 1995թ. «բիովառելիքի» արտադրության ոլորտում ընդհանուր ներդրումները կազմել են 5 մլրդ դոլար, 2005թ.` 38 մլրդ, իսկ մինչեւ 2010թ. կհասնեն 100 մլրդ դոլարի: Բանն այն է, որ բնապահպանության թեման հմտորեն օգտագործողները ահռելի սուբսիդիաներ են ստանում. 2007թ. ԱՄՆ-ում սուբսիդիաների գումարը գերազանցել է 8 մլրդ դոլարը. այդպիսի գումարների շնորհիվ «գյուղատնտեսական լոբբին» դարձել է հզորագույն գործոն եւ գործընթացները մտել են մի արատավոր փակ շրջան: Լոբբիստական գործունեության վրա ավելի մեծ գումարներ են ծախսվում` ավելի մեծ սուբսիդիաներ ստանալու համար: Ազատական տնտեսական հարաբերությունների փոխարեն տնտեսությունը կառավարությունների կողմից կարգավորելու մոլուցքը, այսպիսով, կրկնակի վնասի եւ անբարոյականության է հանգեցրել. նախեւառաջ տեղի է ունենում եկամուտների վերաբաշխում (սուբսիդիաները այն գումարներն են, որ ստանում են «բիովառելիք» արտադրողները` հարկատուների հաշվին). իր էությամբ ռեկետից չտարբերվող գործընթաց, որը, իր հերթին, մի շարք առավել աղքատ երկրներում զանգվածային սովի պատճառ կարող է դառնալ. զարմանալի չէ, որ ՄԱԿ-ի առավել լավատեղյակ փորձագետներից մեկը «բիովառելիքն» անվանել է «մարդկության դեմ հանցագործություն»:

Նշենք, որ այժմ ավելի թանկ մթերք ձեռք բերել ստիպված Հայաստանի քաղաքացիների գումարների մի մասը դարձյալ ուղղվելու է դեպի «բիովառելիքի» միջոցով հարստացողների գրպանները: Այստեղ վնասն ավելի քիչ կլիներ` եթե չլիներ դրամի գերարժեւորումը, որի բացասական հետեւանքներից մեկը ներքին արտադրողների շուկայից դուրսմղումն էր: Այսպիսով, թե հայաստանյան, թե համաշխարհային գործընթացներն ապացուցում են, որ տնտեսության մեջ կառավարությունների միջամտությունը, ազատ շուկայական հարաբերություններին խանգարելը մեծագույն չարիք է: Հայաստանում տնտեսության ազատականացումը թույլ կտար որոշ չափով մեղմել իրավիճակը, սակայն ակնհայտ է, որ ավազակապետության օրոք դա տեղի չի ունենա:

Արխիվ
Վերլուծական

«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել:

Քաղաքական

Այսօր: Մատենադարանի մոտ: 19.00

Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ...

Աշխարհ

Ի՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.