“Zhamanak” Armenian-American Political Daily

Նախագահական ուղարկված նամակները կորչու՞մ են

12:28 Yerevan | 8:28 GMT | Wednesday 14 May 2008

Հեղինե Մանուկյան

Ապրիլի 11-ին ՀՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությանն ու ԱԳՆ մամուլի ծառայությանը միաժամանակ գրավոր հարցում էինք հղել (էլեկտրոնային փոստով), խնդրելով մեզ տրամադրել ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Ս.Սարգսյանին ուղարկված շնորհավորական ուղերձների տեքստերը, տեղեկություններ այն 58 երկրների եւ 12 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասին, ովքեր ներկա էին Ս.Սարգսյանի երդմնակալության արարողությանը, ինչպես նաեւ տեղեկություններ այն երկրների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասին, ովքեր ներկա էին 1998 եւ 2003 թթ.-ին Ռ.Քոչարյանի երդմնակալության արարողությանը:

Ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի` տեղեկություն տնօրինողը գրավոր հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում պարտավոր է դիմողին տրամադրել հարցման պատասխանը, իսկ եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է դիմողին` նշելով հետաձգման պատճառներն ու տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը: Օրենքով սահմանված հնգoրյա ժամկետում ԱԳՆ-ից ստացանք պատասխան նամակ, որում, սակայն, ներկայացված էր նամակում ներառված երկրորդ հարցման` տեղեկություններ 58 երկրների եւ 12 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասին, պատասխանը: Իսկ հատկապես Ս.Սարգսյանին ուղղված վերը հիշատակված շնորհավորական ուղերձների տեքստերն ստանալու համար ԱԳՆ համապատասխան բաժնից առաջարկեցին դիմել նախագահի աշխատակազմ` պատճառաբանելով, որ մեր փնտրած տեղեկությունը տիրապետում է այդ կառույցը (ինչպես վերը նշվեց` արդեն դիմել էինք այդ հիմնարկությանը եւս): Սակայն օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը լրանալուց հետո, երբ այդպես էլ ոչ մի արձագանք չստացանք նախագահականից, զանգահարեցինք աշխատակազմի «հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի» վարչություն, որտեղից մեզ տվեցին ամենաանհավանական պատասխանը, որը կարող էր տալ նման գերատեսչությունը. «Ձեր նամակը կորել է, կամ էլ պատահմամբ ջնջել ենք, խնդրում ենք նորից ուղարկեք»: Թե ինչպես կարող էր կորչել մի փաստաթուղթ, որը էլեկտրոնային փոստով է ուղարկվել, միայն կարելի է երեւակայել: Ինչ վերաբերում է նամակը պատահմամբ ջնջելուն, ապա արժե, որ այդ վարչությունում անցկացվող հերթական ատեստացիայի ժամանակ կամ արտահերթ կարգով մանրամասն ստուգվեին վարչության աշխատակիցների համակարգչային գիտելիքները, որպեսզի վերջիններս նախ զգույշ վարվեն պաշտոնական էլ.փոստի հասցեով ուղարկված փոստի հետ ու պատահմամբ չջնջեն դրանք, իսկ ջնջելուց հետո էլ, գոնե պատասխանատվություն ունենան այնքան, որ իրենց անզգույշ վարմունքի հետեւանքների մասին սեփական նախաձեռնությամբ տեղյակ պահեն նամակի հեղինակին: Ինչեւէ, ըմբռնումով մոտենալով վերը նշված վարչության աշխատաոճին` ապրիլի 22-ին նախագահի աշխատակազմի մամլո ծառայությանը կրկին ուղարկեցինք նույն հարցումները պարունակող երկրորդ նամակը, եւ դարձյալ ոչ մի պատասխան: Երբ հերթական անգամ զանգահարեցինք համապատասխան վարչություն` հետաքրքրվելու` ի վերջո ի՞նչ ճակատագիր ունեցավ նամակն ու թե ի՞նչն է մեր հարցման պատասխանի ուշացումը, հեռախոսով մեզ հետ զրուցող աշխատակցուհին, մեկ րոպե ժամանակ խնդրեց` պարզելու համար, բայց մոտ 10 րոպե սպասեցնելուց հետո պատասխանեց` «Հենց որ ձեր հարցերի պատասխանները լինեն, անպայման կուղարկենք»: Երբ հիշեցրինք ՏԱ մասին օրենքի պահանջների մասին, աշխատակցուհին հավանություն արտահայտող հնչյուններ արտաբերեց ու կախեց լսափողը: Հայտնագործություն չենք անի, եթե փաստենք, որ մյուս բոլոր պետական հիմնարկների պես նախագահականում եւս կոպտորեն օրենք են խախտում, օրենք, որը վավերացվել է հենց այդ հիմնարկի պատերի ներսում` նախկին նախագահ Քոչարյանի կողմից: Սակայն մտահոգիչ է այդ հիմնարկության համապատասխան վարչության կողմից մեզ տրված «պատասխանը»: Նշնեք նաեւ, որ մեր հեռախոսազանգին պատասխանած աշխատակցուհու «հենց պատասխանները լինեն, անպայման կուղարկենք»-ը, ակնհայտ է, որ վերաբերում էր Ս.Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձներին վերաբերող հարցմանը, ինչից կարելի է եզրակացնել, որ հիշատակված պաշտոնյաների կողմից ոչ մի շնորհավորական ուղերձ էլ չի ստացվել, այլապես դրանք ստանալուն պես, ինչպես որ մյուս` «նախագահ ընտրվելու կապացությամբ» ստացված շնորհավորանքների դեպքում էր, կհրապարակվեին ԶԼՄ-ներով եւ առանձնապես մեծ դժվարություն չէր լինի դրանց տեքստերը մեզ տրամադրելը: Մնում է պարզել, թե ինչու է նախագահի աշխատակազմը որոշել այդպիսի անհեռատես քայլի գնալ ու այդպիսի պատկառելի երկրների ղեկավարների անունից ինքնաշնորհավորանքներով զբաղվել: Եվ եթե պարզվի, որ այդ շնորհավորանքները իրականում կեղծ են, ինչը շատ հավանական է, ապա միջազգային սկանդալն անխուսափելի է:

Հ.Գ. Նախագահականին «լիկբեզ» անելու նկատառումներից ելնելով հիշեցնենք, որ ըստ ՏԱ մասին օրենքի 14-րդ հոդվածի` տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելը կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելը, ինչպես նաեւ նույն օրենքով սահմանված կարգի այլ խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.