“Zhamanak” Armenian-American Political Daily

Սերբիան` եվրոպական պետություն

12:27 Yerevan | 8:27 GMT | Wednesday 14 May 2008

Գոհար Բարսամյան

Associated Press գործակալության տեղեկացմամբ` Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը կիրակի` մայիսի 11-ին հռչակել է խորհրդարանական ընտրություններում իր` Դեմոկրատական կուսակցության հաղթանակը:

Սա նշանակում է, որ երկիրը կկողմնորոշվի դեպի Եվրոպա: Դեմոկրատական կուսակցության հիմնական մրցակիցը Ռադիկալ կուսակցությունն է, որը ղեկավարում է Թոմիսլավ Նիկոլիչը: Սերբիայի խորհրդարան է անցել նաեւ «Սերբիայի դեմոկրատական կուսակցություն-Նոր Սերբիա» կոալիցիան, որը ղեկավարում է վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան, ինչպես նաեւ «Սերբիայի սոցիալիստական կուսակցություն-Թոշակառուների կուսակցություն-Միասնական Սերբիա» դաշինքը:

Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ արեւմտամետ կուսակցությունների միությունը` Դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ, առաջին տեղն է զբաղեցրել` պարտության մատնելով ազգայնական Ռադիկալ կուսակցությանը: Կառավարամետ Դեմոկրատական կուսակցությունը այժմ գործընկերներ է փնտրում կառավարման համար: Բելգրադի համալսարանի էկոնոմիկայի պրոֆեսոր Յուրի Բաժեկը կարծիք է հայտնել, որ արտերկրի ներդրողները, ամենայն հավանականությամբ, կսպասեն կառավարության ձեւավորմանը: Արեւմտամետ կոալիցիան առավել կայունություն է ենթադրում: Սրա քաղաքականությունը երաշխավորում է Եվրամիությանը սերտաճում: Ազգայնական կոալիցիան ներդրողներին չի խրախուսում:

Եվրասիա խմբի վերլուծաբան Ջոն Լեւին այլ կարծիք է հայտնում: Ըստ նրա` ինչ կոալիցիա էլ ձեւավորվի` ներդրողները նախապատվություն կտան Եվրամիություն մուտքին: «Ազատ շուկա-կենտրոնի» փորձագետ Միրոսլավ Պրոկոֆեւիչի դիտարկմամբ` ընտրությունները մի բան են նշանակում, ետընտրական գործընթացները` այլ բան: Նրա կարծիքով` դեմոկրատական եւ սոցիալիստական կուսակցությունների կոալիցիան չի կարող երկար գոյատեւել, քանի որ երկու կուսակցությունները տարբեր ծրագրեր ունեն: Ըստ Պրոկոֆեւիչի` ազգայնական կուսակցությունների կոալիցիան ավելի կայուն դրսեւորում կունենա, սակայն ներդրողները կասկածանքով կվերաբերվեն կառավարությանը եւ նրա ապագա քաղաքականությանը: Բրիտանական «The Financial Times» հրատարակությունը գրել է. «Կիրակի Սերբիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների հետեւանքով ոչ ավելի կայուն կառավարող կոալիցիա է ձեւավորվում: Այդուհանդերձ, որքան էլ պղտոր լինեն բելգրադյան քաղաքականության ջրերը, նրանք չեն կարող մթագնել ընտրությունների արդյունքները: Մինչ ընտրությունները` շատերը մտահոգվում էին` քանի որ ԱՄՆ-ի եւ Եվրամիության երկրների մեծ մասը ճանաչում է Կոսովոյի անկախությունը, Սերբիան վճռականորեն երես կթեքի Արեւմուտքից եւ այդ առումով կշահի ազգայնական Ռադիկալ կուսակցությունը, սակայն նրանք ոչ միայն չհաղթեցին, այլ նաեւ կորցրին: Ավելի շատ քվե ստացավ Բորիս Թադիչի արեւմտամետ` Դեմոկրատական կուսակցությունը` 39 տոկոս: Թեպետ Սերբիայի բոլոր կուսակցությունների նման դեմոկրատները հրաժարվում են ճանաչել Կոսովոյի անկախությունը, սակայն ի տարբերություն ռադիկալների եւ ազգայնականների` նրանք ավելի մեծ նշանակություն տալիս են Եվրամիություն մուտքին, քան Կոսովոյի հիմնախնդրին: Ամեն դեպքում` Կոսովոյի շուրջ կրքերը երկրում չեն հանդարտվել, իսկ Սերբիայի ներքաղաքական զարգացումները ունեն հետեւյալ տրամաբանությունը` դեմոկրատները գոնե ընդդիմադիր մեկ հիմնական ուժի հետ պետք է լեզու գտնեն: Ռադիկալների հետ համագործակցության մասին խոսելն անհեթեթ է. Թադիչն ու Կոշտունիցան տարաձայնություններ ունեն Կոսովոյի հիմնախնդրի շուրջ: Ստացվում է, որ կոալիցիայի մասին կարելի է համաձայնության գալ միայն` նախկինում Սլոբոդան Միլոշեւիչի գլխավորած սոցիալիստների հետ: Եթե հաջողվի եվրոպամետ կոալիցիա ստեղծել` դրական իմպուլս կհաղորդվի բարեփոխումների անցկացման ընթացակարգին: Եվրամիությունը պետք է ձեռնարկի անդամակցության ուղու առաջին քայլը, ինչպես նաեւ թեթեւացնի Եվրամիություն երկրների մուտքի անցակարգը, ինչը երկար ժամանակ սերբերին փաստացի օտարել է եվրոպական նորմալ կյանքից: «The Financial Times» հրատարակության դիտարկմամբ` առջեւում դժվարություններ են` կապված Սերբիայի եւ միջազգային ռազմական դատարանի համագործակցության փաստացի բացակայության հետ: Սերբիան մեծ ջանքեր կգործադրի բոսնիացի սերբ հրամանատար Ռադկո Մլադիչին բռնելու համար: Քանի դեռ նա ազատության մեջ է` Սերբիան չի կարող առաջընթաց ունենալ առեւտրական գործընթացներում կամ թեկուզ դառնալ Եվրամիության անդամ:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.