|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ժողովուրդը Լ.Տեր-Պետրոսյանի հետ է12:25 Yerevan | 8:25 GMT | Wednesday 14 May 2008Էմմա Գաբրիելյան Միանգամայն անկեղծ խոստովանություն` իսկապես կարելի է հասկանալ Ռոբերտ Քոչարյանին... Անմեղ ու օրինապաշտ մարդու կերպարի մեջ մտած` հղումներ կատարելով օրենքներին... Բնավ ցանկություն չունենալով անդրադառնալ, մեկնաբանել կամ վերլուծել Քոչարյանի վերջին հարցազրույցի դարակազմիկ մտքերը` մեկ բան պետք է նշել, սակայն, այդ հարցազրույցը մի անեկդոտ հիշեցրեց: Նորմալ մարդու եւ նյարդային հիվանդի միջեւ ի՞նչ տարբերություն կա` հարցնում են: Պատասխանն այսպիսին է` նյարդային հիվանդն էլ գիտի, որ երկու անգամ երկու հավասար է չորսի, բայց ոչ մի կերպ չի հաշտվում այդ մտքի հետ: Իրոք, ծանր օրեր է ապրում Քոչարյանը: Տասը տարի շարունակ իշխանական քարոզչամեքենան, գրպանային ընդդիմությունը միահամուռ ուժերով պայքարեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր վերադարձի դեմ, սակայն մի օր սրանք վեր կացան ու հայտնաբերեցին, որ այդ տասնամյա քրտնաջան «աշխատանքը» ջուրն է լցվել. նա ոչ միայն վերադարձել է, այլեւ` ժողովուրդը կանգնել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Հիմա ինչպիսի զառանցանք ասես կարող ես լսել սրանց շուրթերից: Իրականում, սակայն, ամեն ինչ չափազանց հստակ է ու պարզունակ. Քոչարյանը ի վիճակի չէ հասկանալ, որ այո, այս ժողովուրդը` «մութ ու խավար», «էներգիայի հողանցում», «լափած մազութ» տեսած, պատերազմի տարիներին բազմաթիվ զրկանքներ կրած ժողովուրդը գնացել, փետրվարի 19-ին ընտրել է Լեւոն Տեր-Պետրոսյան նախագահի թեկնածուին: Սա է ընկած Քոչարյանի այսօրվա պահվածքի հիմքում: Ուրիշ ոչինչ: Ավելին` այսօր էլ առաջին նախագահի վարկանիշը շարունակում է բարձրանալ, մինչդեռ ռեժիմը միայն մեկ հնարավորություն ունի գոյությունը քարշ տալու այս երկրում` պատսպարվել ոստիկանական «պատերի» ետեւում, Ազատության հրապարակը անազատության մեջ պահել, քաղբանտարկյալներին պատանդ վերցնել, սեփական ժողովրդի նկատմամբ ռազմական օպերացիաներ իրականացնել... Մեղմ ասած, միայն ծիծաղ է առաջացնում ցանկացած` ամնեզիայով չտառապող մարդու մոտ, երբ որեւէ մեկին Քոչարյանը կարող է մեղադրել «ճգնաժամային պահերին միայն սեփական անձի մասին» մտածելու մասին: Հոկտեմբերի 27, մի քանի տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների չբացահայտված, աղմկահարույց սպանություններ, «Առագաստ» սրճարանի «ազգույշ քաշքշոց» տեսած ժողովրդին հարկավոր է, որ ինչ-որ մեկը «ցեխ շպրտի» Քոչարյանի վրա, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ հետք է թողել Քոչարյանի իշխանավարումը Հայաստանի պետականության վրա... Իսկ երբ նա համարձակվում է խոսել օրենքներից ու դատարաններից, մարդիկ իսկապես փորձ են անում վերհիշել, թե նա քանի անգամ է ոտնահարել Հայաստանի գերագույն օրենքը` Սահմանադրությունը: Վերհիշենք ամենագլխավորները` թե 1998-ին եւ թե 2003-ին Հայաստանում 10 տարվա քաղաքացիություն չունեցող մարդը կեղծ փաստաթղթերով առաջադրվեց, ապա կեղծիքներով նախագահ հռչակվեց: Այս ժողովուրդը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ է: Հաշտվեք այդ մտքի հետ: Հաշտվեք այն մտքի հետ, որ ձեր տասնամյա գործունեության հիմնական մեխ-ծրագիրը` առաջին նախագահի դեմ անհաշտ ու կենաց-մահու կռիվ տալը եւ ժողովրդին զօրուգիշեր հակալեւոնական թույն ներարկելը, տապալվել է: Իսկ եթե կուզեք` անգամ հակառակ ազդեցություն է ունեցել: Դե իսկ ժողովուրդը, թերեւս, Լեւոն Տեր-Պետրոսյանի միայն մեկ «մեղքը» ի զորու չէ ներել: Դա Ռ.Քոչարյանին եւ Ս.Սարգսյանին Հայաստան «բերելն» ու ժողովրդի «վզին փաթաթելն» էր: Սակայն պատճառած այդ «փորձանքի» համար Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն ներողություն խնդրել է... Եվ լուծելու է ժողովրդի առջեւ ծառացած միակ խնդիրը` Հայաստանը ազատագրելու է այս ռեժիմից: Այդ մտքի հետ էլ արդեն հաշտվեք: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |