“Zhamanak” Armenian-American Political Daily

Բռնադատողների վերջին հանգրվանը` 316 հոդված

12:17 Yerevan | 8:17 GMT | Wednesday 14 May 2008

Գագիկ Աբգարյան

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արթիկ քաղաքի բնակիչ Համլետ Աբրահամյանի դատավարությունը:

Ասենք, որ Հ.Աբրահամյանը նույնպես մարտի 1-ի առիթով բռնադատվածներից է եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը իրականացվում է զուտ քաղաքական նկատառումներից ելնելով: Նա ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել մարտի 1-ին, առավոտյան ժամը 8-8.30-ի սահմաններում, որից հետո տեղափոխվել է Մաշտոցի բաժին: Սակայն ձերբակալման արձանագրությունը կազմվել է հաջորդ օրվա երկրորդ կեսին` ժամը 15.50-ին: Սա քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում է: Փաստորեն մարդուն մոտ 31 ժամ զրկել են ազատությունից կամայականորեն, առանց փաստաթղթային որեւէ հիմնավորում տալու եւ սրա համար որեւէ մեկը պատասխանատվություն չի կրելու: Ի դեպ, նախկին քրեական օրենսգիրքը նման դեպքի համար պատիժ նախատեսում էր, սակայն հաջողությամբ «բարեշրջված» օրենսգրքում այդ պատիժը հանվեց, ու հիմա ոստիկանները քաղաքացուն ապօրինի զրկում են ազատությունից, անազատության մեջ նրա հետ վարվում են ինչպես ուզում են, սակայն այդ ամենը անգամ որպես զանցանք չի որակվում եւ գործնականում ոստիկանները մնում են անպատիժ: Ձերբակալումից հետո Համլետին մեղադրանք առաջադրվել է մարտի 4-ին` 316 հոդվածի 2-րդ եւ 225 պրիմ հոդվածի 2-րդ մասերով: Իսկ հաջորդ օրը վարույթն իրականացնող մարմինը դատարանին միջնորդություն է ներկայացրել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Հետագայում տեսնելով, որ երկու հոդվածներից ոչ մեկը չեն կարողանում հաստատել, գործը դատարան են ուղարկում 316 հոդվածի առաջին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր ուժի կիրառում ու մի երեք ոստիկանի էլ սովորեցնում, թե դատարանում ինչ պիտի ասեն: Մի խոսքով, հերթական բռնադատվածը` հերթապահ հոդվածի միջոցով: Հաճախ պատկան մարմինները փորձում են հերքել բռնադատվածների ու քաղբանտարկյալների գոյությունը Հայաստանում, սակայն ինչքան էլ փորձեն հերքել, երբ տասնյակներով մարդկանց են դատում, մեղադրանքի հիմքում դնելով միայն 2-3 ոստիկանի ցուցմունք, ովքեր քրգործում եւ վկա են, եւ ձերբակալող, եւ վարույթն իրականացնող մարմին, ապա այլ բան չի մնում, քան մեղադրյալներին բռնադատվածներ կամ քաղբանտարկյալներ կոչելը: Անդրադառնալով կոնկրետ այս դատաքննությանը` ասենք, որ մեղադրող Հ.Սարգսյանը նույնպես անդրադարձավ այս թեմային` «քաղբանտարկյալ» արտահայտությունը որակելով որպես զգացմունքային եւ անտեղի:

Հ.Աբրահամյանը այն ցուցարարներից է, ում նկատմամբ բավական դաժան են վարվել: Նրա նկատմամբ բռնի ուժ է կիրառվել եւ մարմնի վրա առկա են եղել դրա հետքերը, սակայն վարույթն իրականացնող մարմինը դատաբժշկական ուղեգիր տվել է 12 օր անց, որ ծեծի հետքերը հնարավորինս վերացած լինեն. ձերբակալելուց եւ խոշտանգելուց հետո, հավանաբար, փորձելով ինչ-ինչ բաներ բարդել նրա վրա: Բայց տեսնելով, որ տղան չի կոտրվում, երկար ժամանակ մտածել են, թե ի՞նչ մեղադրանք առաջադրեն: Անազատության մեջ սահմանված 72-ի փոխարեն պահել են 102 ժամ, նոր միայն «տրամադրել» 316-ի առաջին մասը: Անդրադառնալով դատաքննությանը` ասենք, որ Աբրահամյանի պաշտպանը` փաստաբան Ինեսա Պետրոսյանը, միջնորդեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ կարճվի քրեական գործի վարույթը եւ քրեական հետապնդումը դադարեցվի: Միջնորդությունը նա հիմնավորեց նրանով, որ արգելանքի վերցնելու պահից սկսած իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվել են ՀՀ քրդատօրի էական խախտումներ: Բերենք փաստաբանի հիմնավորումներից մի օրինակ. «Վարույթն իրականացնող մարմինը, չբավարարվելով կատարած ապօրինություններով, որոշում կայացրեց կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան: Պաշտպանական կողմը միջնորդեց դատարանին մեղադրող կողմից պահանջել ներկայացնել գոնե բերման ենթարկելու արձանագրությունը, որտեղից պարզ կերեւար, որ ձերբակալման արձանագրությունը եւ դրան հաջորդող բոլոր փաստաթղթերը կազմվել են կեղծիքով, սակայն դատարանը չբավարարեց այդ միջնորդությունը»: Հարուցված քրգործը անվանելով շինծու, իսկ իր պաշտպանյալին` քաղբանտարկյալ, փաստաբանը իր միջնորդությունը հիմնավորեց նաեւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու ԵԽԽՎ բանաձեւի պահանջների կատարման անհրաժեշտությամբ:

Մեղադրող կողմը, բնականաբար, միջնորդեց մերժել միջնորդությունը, եւ դատարանը գնաց խորհրդակցության: Գրեթե 90 րոպե ինքն իր հետ խորհրդակցելուց հետո դատավոր Արմեն Դանիելյանը հետաձգեց միջնորդության լուծման հարցը` մինչեւ միջնորդության վերաբերյալ գործի քննության ընթացքում էական հանգամանքների պարզաբանումը:

Դատապաշտպանը ներկայացրեց երկրորդ միջնորդությունը` փոխել ամբաստանյալի խափանման միջոցը, բայց քանի որ աշխատանքային օրն ավարտվել էր, դատավորը միջնորդությունը չդրեց քննարկման եւ դատը հետաձգեց: Հաջորդ նիստը կկայանա մայիսի 21-ին, ժամը 15-ին:

Հ.Գ. Նիստին մասնակցելու համար Արթիկից Երեւան էին եկել Աբրահամյանի մի քանի հարազատներ: Նրանցից իմացանք, որ միակ կերակրողին կորցնելու հետեւանքով Համլետի ընտանիքը հայտնվել է նյութական ծայրահեղ ծանր վիճակում: Որդու կալանավորումից հետո մոր արյան մեջ շաքարի տոկոսը բարձրացել է, ու ներկայումս նա կոմայի մեջ է: Հայրը, կինը չեն աշխատում եւ, հարազատների պնդմամբ, դժվարանում են կերակրել անգամ երկու տարեկան երեխային: Նկատենք, որ Համլետի պաշտպանությունը իրականացնելու համար փաստաբան տրամադրել է Հանրային պաշտպանի գրասենյակը:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.