“Zhamanak” Armenian-American Political Daily

Ուզունդարա ըծեցաք

12:16 Yerevan | 8:16 GMT | Wednesday 14 May 2008

Միքայէլ Հայրապետեան

Պահպանողական կուսակցության նախագահ

Հետմարտմեկյան դեպքերի ընթացքը զարգանում է մի կողմից` փարիսեցիաբար, մյուս կողմից` պայքար, պայքար, մինչեւ վերջ: Առաջին զգացողությունը, որ ամեն առիթով այժմ ունենում եմ երկգլխանի հրեշի` «ղարաբաղյան կլանի» հանդեպ, խորշանքն է:

Հրեշն ու բոլոր կարգի «հաճախորդները»` «Շառավոյի ծիծիկից» մինչեւ Մազ, միաբերան բարբառում են կայունությունից ու, ելնելով կուլտուրոլոգիական իրենց սուբստանցից, ատելության մթնոլորտի փարատումից: Ինչու՞ կուլտուրոլոգիական. որովհետեւ «բոթասն» ու փողկապը երբեմնի համակցող Ս.Սարգսյանը, որ ընտրությունից ընտրություն իր գենետիկ անհանդուրժողությունն է բարձրաձայնում տարբեր գնանոց կոստյումների հանդեպ, հիմա էլ իր դաշբուլաղցի երկվորյակի հետ պատերազմ է հայտարարել Ավետիք Իսահակյանին: Սամեդ Վուրղունի ու Փոլադ Բյուլբյուլօղլու դաստիարակությունն այսօր, անշուշտ, պիտի այլ կերպ ընկալել տար Իսահակյանի` «Գոտեպնդվեցեք ատելությամբ վառ» արտահայտությունը: Ես Իսահակյանի կողմից եմ: Նա դա ասել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, երբ կարող էր վտանգվել նաեւ Երեւանը, որը, նաեւ շնորհիվ նացիստների հանդեպ մեր ատելության, այն ժամանակ այդպես էլ չվտանգվեց մինչեւ 2008թ. մարտի 1-ը: Մենք մահակներ ու «նաիրյան» ինքնաձիգներ չունենք. մեր զենքը մի կողմից` Սերն է առ Երեւանն ու ամբողջ Հայաստանը, մյուս կողմից` Ատելությունն առ Երեւանում զենք կիրառելու հրաման տվողները:

Ինչ-որ մարդիկ խոսում են համաներման մասին: Ու՞մ ներել. ներում են մեղավորին: Իսկ ես դեռ չեմ տեսել մեղքի գիտակցումն ու ապաշխարանքն արյուն թափելու հրաման տվողների գործողություններում ու խոսքում, որ ներեմ կամ ոչ: Իսկ ինձ ներել պետք չէ. ինձ ներողը կամ չներողն Աստված է, ով տեսավ, որ վատաբար շրջապատման օղակում թողնելով իմ պետության հիմնադրին` փախա` նշխարքը թողնելով շան բերանում, ով արդեն 10 տարի տեսնում է, որ ես ինձ Թումանյան երեւակայելով` «վատը լավ էի տեսնում» ու հանդուրժում սրանց: Ա՛յ, հենց սրա՛ համար է ներում հարկավոր ինձ ու իմ տեսակին, եւ միայն Աստծուց: Նրանք, ովքեր խոսում են համաներումից` իրենք երեւի թաքուն մեղք ունեն, որ կոծկել են ուզում. եւ այս խայտառակ դեպքերի թիկունքում թաքնվելով սահեցնելը բարեպատեհ առիթ է իրենց համար: Չկա ծածուկ բան, որ հայտնի չդառնա. վերեւից մի աչք հետեւում է բոլորիս:

Համալսարանի բանասիրական ֆակուլտետի գրատախտակներն անգամ (բայց ո՛չ երբեք բանասերի դիպլոմ ունեցող Ս.Սարգսյանը) երեւի անգիր գիտեն միջնադարյան առակագրի մի առակը: Առակների այդ ժողովածուն` «Աղվեսագիրքը», ժամանակակից արեւելահայերենով վերապատմել է ճիշտ այսօրվա մթնոլորտի պես մի միջավայրի` 1938-ին զոհ գնացած Ակսել Բակունցը, որի հայրենի եզերքն այսօր մեր խորհրդարանում ներկայացնում է բոթասափողկապավորի մտքի տիտան եղբայրը: Առակը հետեւյալն է: Մի թագավոր ուներ մի սիրելի օձ եւ միամորիկ մի զավակ: Ստացվեց այնպես, որ խաղալու ժամանակ թագավորի մանուկ որդին սրով կտրեց օձի պոչը: Ցավին չդիմանալով` օձը խայթեց մանուկին, եւ նա մեռավ: Իսկ օձը հեռացավ օտար երկիր: Երբ տարիներ անց որդու կորստի ցավը մեղմացրած թագավորը նամակ գրեց օձին` խնդրելով վերադառնալ, իմաստուն օձը պատասխանեց. «Պետք չէ իմ գալը, քանի որ դու ամեն անգամ նայելու ես որդուդ շիրմին, իսկ ես` կտրված պոչիս, ու չեն լինելու առաջվա սերն ու խաղաղությունը»:

Ես հիմա իմ կաղ հանգով վերապատմեցի այդ առակը` միայն վերջին նախադասության համար: Սակայն լուրջ տարբերություններ կան: Նախ` Ս.Սարգսյանը ոչ մի ընդհանուր բան չունի «թագավոր» ասվածի հետ, նա չկայացած «բանասեր» է: Երկրորդ` նա այս օրերին ոչ մի անգամ չընդունեց, որ ի՛ր որդին է սրով կտրել օձի պոչը: Երրորդ` այդ մե՛նք չենք լինելու հեռացողը. Հայաստանը մե՛ր տունն է, մե՛ր պապերն են այն շահել: Չորրորդ` նա դեռ հոխորտում է, թե սեփական պոչը հենց օձն է կտրել ու դեռ պատասխան պիտի տա օրենքի առջեւ: Օրենքն էլ, հավանաբար, խաղաղ ցուցարարիս գարունը հարամելն է, Երեւանի փողոցներն արյունով ներկելը, դիմակավորներով տունս խուզարկելը, քաղաքի կենտրոնից Ազատ մարդկանց առեւանգելը:

Վստահաբար Հայաստանի քաղաքացի՛ն չէր, որ ստիպեց ԿԸՀ-ի նախագահի ճանաչածին խաղալ այս խաղը: Ի՛նքն էր նախընտրական փուլում խոսում սատանայություններից: Իսկ կլանի մարմնի մյուս գլուխը` Ռ.Քոչարյանն էլ մեզ` ժողովրդիս զգուշացնում էր, թե դա ժողովրդի խաղը չէ: Բա ու՞մ խաղն է: Փականագործի աշխատանքային գործիքների լավագույն գիտակ Քոչարյանը թող պատասխանի հիմա, թե այդ դեպքում ինքը ի՞նչ մեխի գլուխ է, որ իր երկրում օտարներն են խաղեր տալիս, որ իր երկրում ընտրությունն ու ընտրության արդյունքները վիճարկելը հենց ժողովրդի խաղը չպետք է լինի: Մե՛նք` Հայաստանի քաղաքացիներս, հենց այս խաղի մասին ենք դարեր երազել, որ ինքնուրույն լինենք, որ ինքնիշխան լինենք: Հիմա եկել է մի ինքնախոստովանած ալբանացի ու ասում է, թե` վերադարձել է ստրկությանդ ժամանակը` սա քո խաղը չէ: Իսկ ո՞րն է իրե՛նց խաղը: Գուցե երեւանցի զոհե՞րն են, գուցե Ազատության հրապարակից անհետ կորած իմ ուսապա՞րկն է, խաչը վրան մեր դրոշնե՞րն են, թե՞ «Թարաքյաման» է...

Քանի դեռ ներում չեն հայցել, ես` ՀՀ քաղաքացիս, համաներում չունեմ իրենց համար, ես Իսահակյանի կողմնակիցն եմ եւ ատում եմ Երեւանիս վրա հարձակվածներին: Ճիշտ այն ատելությամբ, ինչ Պուշկինն է իր բանաստեղծության մեջ արտահայտել ցարի մասին: Ու քանի ներում չեն հայցել, ես չեմ ցավելու նրանց համար նույնիսկ այն ժամանակ, երբ մարդկության դեմ իրենց գործածի համար Հաագայում լինեն:

Արխիվ
Վերլուծական

Արման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»

- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների...

Քաղաքական

Քայլող եւ կանգնած ցուցապաստառներ

Հյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի...

Աշխարհ

Վախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը

81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.