|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ոստիկանական պետության քամահրանքը13:15 Yerevan | 9:15 GMT | Tuesday 13 May 2008Կարինե Հարությունյան «Մեկ տարի առաջ էր: Կանչեցին ոստիկանություն` որպես վկա հարցաքննության: Լուսամուտից գցեցին, սպանեցին, ասացին` ինքնասպանություն է գործել»: Սա դետեկտիվ ֆիլմի սյուժե չի: Սա իրականություն է, որը մեր կյանքի մասն է կազմում: Սա ԵՄ անդամ երկրում է կատարվել: Մի երկիր, որի իշխանությունը արդեն 10 տարի բռնազավթած վարչախումբը գործում է մահակներով, էլեկտրաշոկերով, ավտոմատներով: Մի երկիր, որի փողոցներում վխտում են ոստիկաններ, կարմիր բերետավորներ, մահակավորներ: Օրվա բոլոր ժամերին: Արդեն սրտխառնուքի աստիճան: Քանի որ սուգն էլ են վերածում ծեծի ու բռնության, տոնն էլ: Մեկ տարի առաջ` մայիսի 12-ին Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության շենքում մահացավ Լեւոն Գուլյանը: Նա 30 տարեկան էր: Ոստիկանություն էր հրավիրված որպես վկա: Ժամեր անց հարազատներն իմացան Լեւոնի մահվան մասին: Քրեական գործ հարուցվեց «ինքնասպանության հասցնելու» մեղադրանքով: Տաս ամիս անց նախաքննության մարմինը գործը կարճեց` հիմնավորելով, թե Գուլյանը փորձել է փախչել պատուհանից, վայր է ընկել ու մահացել: Երեկ, Լեւոն Գուլյանի հարազատները հիշատակի երթ էին ուզում անցկացնել Հանրապետության հրապարակից դեպի ոստիկանության քրեական հետախուզության վարչության շենք: Բայց... ժամը 20-ից էլ առաջ Հանրապետության հրապարակում էին արդեն մեր ամենահաս ոստիկանները: Մի շարք բարձրաստիճաններ նույնիսկ քաղաքացիական հագուստով էին: Չգիտեմ ` «պագոններն» էին թաքցնում, թե ինչ, բայց մարտի 1-ից էս կողմ մահակը ձեռքից բաց չթողած բարձրաստիճանը երեկ հագուկապը փոխած էր: Միգուցե պաշտոնն են բարձրացրել խաղաղ ցուցարարներին սպառնալու-ծեծելու համար: Ինչ որ է: Էս ոստիկանը, որը ինչ-որ մի տեղ մի պետի տեղակալ է, ասում էր, որ ժողովուրդը իրավունք չունի երթ անելու, քանի որ այն մերժված է: Բանն այն է, որ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը դիմել էր քաղաքապետարան` երթի թույլտվություն ստանալու հայտով, սակայն գրավոր մերժում չէր ստացել: Ու մարդիկ մտածել էին, որ եթե մերժում չկա, կարող են, ուրեմն, Լեւոն Գուլյանի հիշատակի համար մի-մի մոմ վառել եւ քայլել մինչեւ այն շենքը, որի լուսամուտից, ինչպես ասվում է, գցել են Լեւոնին: Չթողեցին: Հրապարակը ոչ այնքան լիքն էր ոստիկաններով, որքան` «գրաժդանսկիներով»: Այսինքն` ԱԱԾ աշխատողներով ազգային անվտանգության հարցերը լուծել-պրծել են, ընկել են ժողովրդի ջանին: Էդպես, էդ ոգով երեկ «ցրում էին» սգավորներին: Բավականին տեւական ժամանակ ոստիկանների հետ բանակցելուց հետո, Ավետիք Իշխանյանն առաջարկեց մոմավառությունը կատարել հենց Հանրապետության հրապարակում, քանի որ ամեն քայլափոխի ոստիկաններ են, եւ կարելի է համարել, որ ողբերգությունը կատարվել է մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում: Ահա այս տրամաբանությամբ էլ մարդիկ վառեցին մոմերը ու շրջան կազմած կանգնեցին: Նույնիսկ լռության այդ ծանր րոպեները ԱԱԾ ջանասերներին չսթափեցրին, քանի որ սրանք այնքան են տարված «աչոկներ» հավաքելու մրցավազքով, որ մոռանում են ամեն մարդկային բան: Այս առիթով ահա թե ինչ ասաց ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը. «Նույնիսկ պարզ մարդկային կարեկցանքի ընդունակ չեն: Ինչքան են վախենում մարդկանց հավաքներից: Ինչքան կարեւոր էր հարազատների համար, որ այս երթը կայանար, ինչ-որ չափով կմխիթարվեին: Նույնիսկ եթե իրենք էլ միանային երթին, ցույց կտային, որ առաջին հերթին մարդ են, հետո` ոստիկան: Իսկ իրենք ոստիկան չեն` հաստատ, որովհետեւ ոստիկանը կարգուկանոն պահպանող մարմին է: Իրենք դա էլ չեն: Մարդ էլ չեն, ոստիկան էլ չեն, քաղաքացի` առավել եւս չեն: Սա իշխանական բուրգի վախի դրսեւորումն է: Իսկ ոստիկան եւ իշխանություն, նույն բանն են, քանի որ մեր երկիրը հիմա ոստիկանական պետություն է»: Իսկ իրավապաշտպան Միքայել Դանիելյանի կարծիքն էլ հետեւյալն էր. «Իրավապաշտպանը իրավունք չունի դիմելու պետական մարմնին՝ ազատություն խնդրոլով: Ինքը պետք է այդ ազատությունը բերի ժողովրդին: Մենք չպետք է դիմենք ու մտնենք տարբեր վատ օրենքների սահմանների ու սահմանափակումների մեջ: Այլապես, իշխանությունները միշտ էլ կարող են ստիպել իրենց ուզածը»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |