“Zhamanak” Armenian-American Political Daily

Սնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...

13:07 Yerevan | 9:07 GMT | Tuesday 13 May 2008

Արամ Ամատունի

Սնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...
Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների, շատ հին հռոմեացիները կասեին` քեֆ կամ պնակներ հասարակությանը:

Դե, իսկ քանի որ հասարակության համար քեֆ կազմակերպել կարող են միայն օրինական, վտահելի, հանրայնորեն ընդունելի, այլ կերպ ասած` լեգիտիմ իշխանությունները, ապա ներկայիս հայաստանյան իշխանություններին մնում է միայն ապահովել պնակներ: Բանն այն է, որ քեֆի ժամանակ պնակը պետք է լիքը լինի, իսկ դատարկ պնակ մատուցելը որեւէ իշխանության համար դժվարություն չի ներկայացնում, առավել եւս` եթե այն շատ լավ գիտի, որ հասարակության մեջ կան, ընդ որում` բավական մեծ թիվ կազմող խմբեր, որոնք պատրաստ են լիզել իշխանության մատուցած անգամ դատարկ պնակները:

Ինչի մասին էր այս ամբողջ նախաբանը:

Հասարակական պալատի, որի ստեղծման մասին հայտարարվեց մի քանի օր առաջ: Ինչպես տեսնում ենք, Հայաստանում Ռ.Քոչարյանը Պուտինի օրինակով վարչապետ չդարձավ, բայց Ս.Սարգսյանը Պուտինի օրինակով հասարակական պալատ է ստեղծում: Թեեւ պետք չէ զարմանալ, եթե պարզվի, որ այդ պալատն իրականում ստեղծում է Ռ.Քոչարյանը, որպեսզի հետո ինքն էլ գլխավորի այն կամ թեկուզ եւ չգլխավորի, քանի որ կարեւորը անձամբ գլխավորելը չէ, ինչպես ցույց տվեց նոր կառավարության կազմավորման պրոցեսը, ի դեմս որոշ նշանակումների: Հասարակական պալատի ստեղծումը իշխանությունները, բնականաբար, ներկայացնում են որպես հասարակության հետ երկխոսելու, հասարակության կարծիքը հաշվի առնելու ցանկության արտահայտություն: Սակայն ընդամենը մի փոքր տրամաբանելու դեպքում պարզ է դառնում, որ այդ հիմնավորումն ուղղակի մտացածին է, եւ դրա հիմնական նպատակը հասարակությանն ընդամենը օփիումի (առանց որեւէ ենթատեքստի) հերթական խմբաքանակ մատուցելն է: Ամեն ինչ շատ ավելի պարզ է: Որեւէ իշխանություն եթե ցանկանում է որեւէ երկրում հաշվի առնել սեփական հասարակության կարծիքը, ապա դրա համար ամենեւին կարիք չունի ստեղծել հասարակական, հասարակաց կամ որեւէ այլ կարգի պալատներ: Ոչինչ ստեղծել պետք չէ: Պետք է պարզապես հարգել արդեն ստեղծված Սահմանադրությունն ու օրենքները, չկեղծել ընտրությունները, հարգել ժողովրդի իրավունքներն ու ազատությունները, մարդկանց չձերբակալել իրենց քաղաքական հայացքների ու համոզմունքների համար կամ չահաբեկել ոստիկանությամբ, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել բոլոր այն պետական պաշտոնյաներին, ովքեր գերազանցում են օրենքով իրենց տրված լիազորությունը, առավել եւս` դարանակալ կրակ են բացում քաղաքացիների վրա, մեկ էլ պատասխանատվության կանչել այն պաշտոնյաներին, ովքեր տալիս են նման հրաման: Աշխարհը դեռ չի հնարել հասարակության հետ երկխոսության ավելի պարզ եւ հանրամատչելի, ամենակարեւորը` շոշափելի եւ արդյունավետ տարբերակ: Այդ տարբերակը հենց այն «քեֆն» է, որ օրինական իշխանությունները կարող են մատուցել հասարակությանը: Իսկ հասարակական պալատների ստեղծումը, ընդամենն այն պնակն է, որով հասարակությանը խաբում են, պարզապես ընդլայնում են այդ խաբեության շրջանակները: Այսինքն, եթե մինչեւ այս, խաբեության, մոլորությունների եւ ապատեղեկատվության պատասխանատվությունը առավելապես ընկնում էր իշխանությունների վրա, ապա հասարակական պալատի ստեղծումով այդ պատասխանատվությունը դե ֆակտո եւ նաեւ դե յուրե դրվում է հասարակության մի մասի վրա: Այսինքն` այլեւս անհեթեթ օրենքների, իրավունքներն ու ազատությունները սահմանափակող նախագծերի համար պատասխանատու են լինելու ոչ միայն իշխանությունները, որոնք մշակել են ու ընդունել այդ օրինագծերը, այլ նաեւ հասարակության այն խավը, որը անդամակցելու է հասարակական նոր ստեղծվելիք պալատին: Իհարկե, տեսականորեն հնարավոր է, որ պալատը իշխանությունների շատ ու շատ նախաձեռնություններ, որոնք հակասում են հանրային շահին, մերժի` չդառնալով հերթական դակիչը գործադիր իշխանության ձեռքին: Սակայն, այդ դեպքում նորից գալիս է վերը բարձրացված հարցը: Եթե իշխանություններն ունակ են իրենց կողքին ունենալ մի հասարակական, իսկապես հասարակական մարմին, որը իրապես կներկայացնի հասարակության տրամադրությունը, ոչ թե էստրադային աստղերի, պետականամետ մտավորականների, գրողների, նկարիչների, գիտնականների եւ բժիշկների կարծիքը, ապա այդ դեպքում նրանք ունակ կլինեին նախեւառաջ հարգել երկրի օրենքները: Իսկ եթե ունակ լինեին դա անել, ապա բոլորովին կարիք չէր լինի ստեղծել հասարակական պալատ կամ նման մի բան: Միայն այդ պարզագույն դիտարկումը բավական է գրեթե վտահ լինելու համար, որ նոր ստեղծվելիք մարմինն ընդամենը լինելու է քծնանքի եւ շողոքորթության նոր մի կենտրոն, երեւի թե ի շարս այն ֆինանսական, առողջապահական, տուրիստական, մշակութային եւ այլ կենտրոնների, որ մտադրվել է Հայաստանում ստեղծել նոր կառավարությունը: Ավելորդ է արդեն նշել, որ նույն հասարակական պալատը Ռուսաստանում բացարձակապես չի ընդդիմացել նախագահ Պուտինի որեւէ որոշման, իսկ եթե որեւէ բանի ընդդիմացել է, ապա միայն այն դեպքում, երբ դա եղել է Պուտինի շահին համապատասխան: Պետք չէ մեկ վայրկյան անգամ կասկածել, որ նույնը լինելու է Հայաստանում եւ ըստ էության խնդիրն այն է, որ պետության եւ ժողովրդի դեմ ուղղված հանցագործություններն այս անգամ ծրագրվելու եւ իրականացվելու են հասարակության անունից: Իսկ իրականում պալատը հասարակության հետ կապ է ունենալու այնքանով, որքանով որ հասարակության հետ կապ ունեն, ասենք, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Հրանտ Թոխատյանը, Ռադիկ Մարտիրոսյանը, Կարինե Նալչաջյանը, Զորի Բալայանը, Նավասարդ Կճոյանը եւ այդ մարդկանց շատ ու շատ գործընկերներ, որոնք քսան օր շարունակ իշխանություններին օգնում էին հասարակությանը արտակարգ ռեժիմում համոզել, որ ինքը խուլիգան է, վանդալ, ամբոխ, թմրամոլ, հարբեցող, դավաճան: Բայց, ինչպես երեւում է, իշխանություններին դուր չի եկել այդ ջանքի արդյունքը: Եվ բնական է, ինչպես կարող էր դուր գալ, եթե նրանց այդ ջանքը լիովին հակառակ էֆեկտն էր տալիս, եւ հասարակությունը ոչ թե համոզվում էր, որ ինքը վատն է, այլ ավելի էր վստահ լինում այն հարցում, որ, մեղմ ասած, վատը իշխանություններն են: Հետեւաբար նրանք դատարկ պնակից ավելիի արժանի չեն, քանի որ այդ մարդիկ, որոնք անկասկած կազմելու են նոր հասարակական պալատի «սերուցքը», իրականում, ոչ թե օգնում էին, այլ էլ ավելի հեղինակազրկում իշխանություններին, թեեւ, իհարկե, կարծես թե անհնար է ավելի հեղինակազրկել հայաստանյան իշխանություններին:

Վերլուծական
Ազատ ստեղծագործական ժանրից

Ազատ ստեղծագործական ժանրից

Ներսես Երիցյանը դարձել է վերջին օրերի «սիրելի» թեման:

Քաղաքական
ԼՂՀ ԱԺ ընտրությունների թեկնածուներ. ով ով է

ԼՂՀ ԱԺ ընտրությունների թեկնածուներ. ով ով է

Աշոտ Ղուլյանն առաջադրվել է իր թաղում

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.