“Zhamanak” Armenian-American Political Daily

Վարդան Օսկանյանը թյուրիմացության մեջ է ընկել

13:07 Yerevan | 9:07 GMT | Tuesday 13 May 2008

Հեղինե Մանուկյան

Դատելով մեր երկրի ետընտրական զարգացումների բնույթից` կարելի է եզրակացնել, որ քաղաքացիական դիրքորոշման ցանկացած դրսեւորում, անկախ այն բանից, թե այդ դիրքորոշումն ով կամ ինչ կերպ է արտահայտում, դատապարտվում է` աշխատանքից զրկելով, ոստիկանություն բերման ենթարկելով կամ էլ «լավագույն դեպքում»` ճաղերի ետեւ ուղարկելով:

«Ուրբաթ» ակումբում երեկ ասուլիս էին հրավիրել իրենց, ըստ էության, քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու համար աշխատանքից հեռացված ԱԳՆ չորս աշխատակիցները` ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ, ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ԱԳՆ Ամերիկայի եւ Կանադայի բաժնի վարիչ Կարինե Աֆրիկյանը, ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Մարթա Այվազյանը, ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական Առաքել Սեմիրջյանը, ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության բաժնի վարիչ Վարսենիկ Բաղդասարյանը եւ նրանց փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Ինչպես հայտնի է, նշված չորս դիվանագետները փետրվարի 24-ին հայտարարությամբ էին հանդես եկել` միանալով այն չորս դեսպանների (ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյան, Իտալիայում, Իսպանիայում եւ Պորտուգալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյան, Ղազախստանում եւ Ղրղզստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Խաչատրյան, Ուկրաինայում եւ Մոլդովայում ՀՀ դեսպանության արտակարգ եւ լիազոր դեսպանորդ Ռազմիկ Խումարյան) հայտարարությանը, որում իրենց մտահոգությունն էին հայտնել երկրում տիրող իրադրության կապակցությամբ եւ աջակցություն հայտնել «իր ազատության, արդար ընտրության իրավունքի պաշտպանության համար պայքարի ելած» մեր հայրենակիցներին: Հայտարարության հաջորդ օրն իսկ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն աշխատանքից ազատել էր իր ղեկավարած գերատեսչության չորս դիվանագետներին` իր այդ որոշումը հիմնավորելով նրանով, թե վերջիններս խախտել են «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը: Ըստ օրենքի` դիվանագետը զբաղեցրած պաշտոնից հեռացվում է, եթե իր ծառայողական դիրքն ու աշխատանքային միջոցներն օգտագործում է կուսակցությունների, հ/կ-ների շահերի եւ այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար: Աշխատանքից հանիրավի հեռացված չորս դիվանագետներն իրենց աշխատանքային իրավունքները վերականգնելու համար դիմել են Վարչական դատարան, ուր արդեն տեղի է ունեցել նախնական նիստը, որի ընթացքում պատասխանող կողմը որպես դիվանագետներին աշխատանքից հեռացնելու պատճառ ներկայացրել է նրանց փետրվարի 23-ի հայտարարությունը: Այդ, այսպես ասած, անմեղ հայտարարության մեջ ԱԳՆ աշխատակիցներն իրենց մտահոգությունն են հայտնում «հանրապետությունում ձեւավորված ներքին ու արտաքին անցանկալի մարտահրավերներով հղի իրավիճակի կապակցությամբ», իրենց վրդովմունքը հայտնում «ընտրական գործընթացի խախտումների առնչությամբ»: Փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հայտարարեց, որ հասարակական հնչեղություն ստացած այս գործը սխալ է ներկայացվել Վարդան Օսկանյանին ու թյուրիմացության մեջ գցել վերջինիս: Իմ վստահորդները միացել են իրենց գործընկերների հայտարարությանը, այսինքն` նոր բան նրանք չեն ասել: Վարչական դատարանում տեղի է ունեցել նախնական դատական նիստը, ներկայացվել են գործի հետ կապված բոլոր ապացույցները եւ չկա մի ապացույց, որով հիմնավորվի, որ դիվանագետներն իրենց աշխատանքային միջոցներն օգտագործել են կուսակցությունների շահերի համար եւ հայտարարության մեջ չեք գտնի որեւէ բառ կամ արտահայտություն որեւէ կուսակցության հարելու կամ այլ քաղաքական գործունեություն իրականացնելու մասին: Դիվանագետներին ազատել են զբաղեցրած պաշտոններից` անգամ չցանկանալով գրավոր բացատրություն պահանջել, որով եւս մեկ անգամ ապացուցվում է, որ չկա վերջիններիս կողմից կատարված այն խախտումը, ինչի համար նրանցից պետք է գրավոր բացատրություն պահանջվեր»: Վլադիմիր Կարապետյանն իր խոսքում ասաց. «Մեր հարազատ գերատեսչության ներկայացուցիչները շարունակում են որոնել նոր ռեսուրսներ, մեզ դուրս թողնելու արտաքին գործերի նախարարությունից: Փոխանակ նշվեր, որ դեռեւս փետրվարի 24-ին ճիշտ գնահատական եւ ճիշտ կանխատեսումներ էին տրվել դիվանագետների կողմից, այսօր ԱԳՆ-ն պայքարում է մեր դեմ»: Վերջինս համոզմունք հայտնեց, որ շահելու են դատն ու իրենց հայցը շատ լավ նախադեպ կարող է լինել պետական այն ծառայողների համար, ովքեր իրենց ղեկավարների անիրավ որոշումների զոհն են դարձել: Այն հարցին, թե ինչով է հիմնավորվում հայցատուների այդ լավատեսությունը, եթե նկատի ունենանք, որ դատարաններն այսօր արդար դատավճիռներ կայացնելու փոխարեն զբաղվում են «գործ թխելով», փաստաբանը պատասխանեց. «Ցանկացած գործի հետ կապված պետք է ունենալ հավատ, վստահություն դատական մարմինների նկատմամբ: Կարծում եմ, որ արդարադատությունը պետք է հաղթի»: Իսկ եթե ստացվի այնպես, որ Հայաստանի սահմաններից ներս արդարադատությունն այդպես էլ չհաղթի, դիվանագետները կդիմեն Եվրոպական դատարան: Դիվանագետների հայցը Վարչական դատարանում կլսվի մայիսի 14-ին, ժամը 10-ին:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.