“Zhamanak” Armenian-American Political Daily

Մեղադրանք

13:02 Yerevan | 9:02 GMT | Tuesday 13 May 2008

Մեղադրանք
Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության գործադրման փաստը՝ ելնելով քաղաքական անհրաժեշտությունից եւ ներքին կայունությունը պահպանելու հրամայականից: Եվ ամենից խնդրահարույցն իշխանությունների ու հասարակության մի հատվածի տրամադրվածությունն է՝ արդարացնել բռնության կիրառումը` հաշվի առնելով նույնիսկ զոհերի առկայությունը:

Սակայն առաջին անգամ բռնություն է կիրառվել ոչ թե հակառակորդ քաղաքական ուժի, այլ նրան աջակցող քաղաքացիների նկատմամբ: 2008թ.-ի մարտի 1-ը գործող իշխանությունների կողմից Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ուղղակի եւ բացահայտ բռնության կիրառման օրն է:

Հայաստանում լիովին չեն գիտակցվում քաղաքական նպատակներով քաղաքացիների դեմ բռնության գործադրումն արդարացնելու կործանարար հետեւանքները: Սակայն փորձը վկայում է, որ պետությունը, որում այդ պրակտիկան սովորույթի է վերածվում, հայտնվում է մշտական տեռորի մթնոլորտում: Իշխող վերնախավն իշխանությանը հավակնողների կողմնակիցների ֆիզիկական ոչնչացումը սկսում է դիտարկել որպես հակառակորդի նկատմամբ հաշվեհարդարի արդյունավետ միջոց:

Նման մեթոդիկան քաղաքական կյանքից պետք է արմատախիլ անի պետությունը, որն իրավասու է պատժել բռնության կիրառումը պետական օրենսդրության գործադրմամբ: Եվ էական չէ՝ ինչ ռեժիմի պայմաններում է այն իրականացվում. ղեկավարող վարչակարգը կամ պատժվում է առաջնորդների մակարդակով, կամ իշխող կուսակցությունն օրենքից դուրս է հայտարարվում:

Իշխող վերնախավի օրինական եւ բարենպաստ գործունեության պայմաններում երկրում չի կարող իշխանության բռնազավթման կամ սահմանադրական կարգի խախտման հավակնորդների հանդեպ բավարար հասարակական աջակցություն ստեղծվել: Ուստի եթե վարչակարգի դեմ պայքարում հասարակության ներգրավվածությունն այնքան լայնամասշտաբ է, որ իշխանությունների միակ ռեսուրսը մնում է բռնության բացահայտ կիրառումը, ապա այդպիսի իշխանությունը պետք է ճանաչվի ոչ գործունակ, կառավարման համար անպիտան, ստեղծված իրավիճակի միակ պատասխանատու եւ համապատասխան պատիժ կրի: Եթե բռնությունը գործադրվում է քաղաքական հակառակորդների դեմ, գործող վարչակարգի հետագա գործունեությունը պետք է արգելվի օրենքով:

ՀՀ ներկայիս քաղաքական ռեժիմի հետագա գործառնությունը ոչ միայն աննպաստ, այլեւ վտանգավոր է Հայաստանի Հանրապետության ապագայի համար: Հայաստանի հասարակությունը պետք է հասնի նրան, որ մարտի 1-ի բռնությունների համար պատասխանատու վարչակարգը կանգնի դատարանի առջեւ եւ օրինական ճանապարհով հեռացվի իշխանությունից:

2008թ.-ի մարտի 1-ին բռնության գործադրման համար պետք է պատասխանատու ճանաչվեն իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը, նրան սատարող կոալիցիայի անդամ մյուս կուսակցությունները, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հանրապետական» կուսակցությունը եւ նրան սատարող խորհրդարանական մյուս կուսակցությունները (ՕԵԿ, ԲՀԿ, ՀՅԴ) պատասխանատու են.

քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու որոշմանն աջակցելու,

Ազգային ժողովում հասարակության համար վտանգ ներկայացնող հակասահմանադրական օրենքների եւ գործող օրենքների լրացումների ընդունման,

քաղաքացիների նկատմամբ բռնության կիրառումն արդարացնելու նպատակով հասարակությանը նպատակաուղղված ապատեղեկացման համար:

«Հանրապետական» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանը պատասխանատու է քաղաքացիների նկատմամբ վարչական տեռորի եւ բռնության կիրառման, Հայաստանի ԿԸՀ-ի եւ Սահմանադրական դատարանի գործունեությունը կաթվածահար անելու միջոցով իշխանության զավթման համար:

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանատու է քաղաքացիների նկատմամբ բռնությունների գործադրման հրահանգ տալու, ուժային ակցիայի համակարգման եւ ընդդիմության առաջնորդների նկատմամբ հետագա բռնաճնշումների համար:

Վերոհիշյալ հանցագործությունների համար պատասխանատուների նկատմամբ դատական գործընթացի իրականացումը հայ հասարակության կարեւորագույն խնդիրն է: Իշխող վարչակարգի հանդեպ դատավարության եւ դրա օրինական ճանապարհով հեռացման նախադեպն արդեն իսկ քաղաքական պայքարի քաղաքակիրթ մեթոդների, քաղաքացիների համար անվտանգ միջավայրի եւ քաղաքական նպատակներով բռնության հետագա կիրառումը բացառող պայմանների հաստատման արդյունավետ մեխանիզմ է:

«Վեր կաց» քաղաքացիական հոսանք

Վերլուծական
Ազատ ստեղծագործական ժանրից

Ազատ ստեղծագործական ժանրից

Ներսես Երիցյանը դարձել է վերջին օրերի «սիրելի» թեման:

Քաղաքական
ԼՂՀ ԱԺ ընտրությունների թեկնածուներ. ով ով է

ԼՂՀ ԱԺ ընտրությունների թեկնածուներ. ով ով է

Աշոտ Ղուլյանն առաջադրվել է իր թաղում

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.