|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Մեր մասին ու մեզ համար12:53 Yerevan | 8:53 GMT | Tuesday 13 May 2008Մարինա Բաղդագյուլյան Հրանտը... Ու ոչ ոք չի հարցնում. «Ո՞ր Հրանտը». մի Հրանտ կա: Եթե Հրանտ` ուրեմն Հրանտ Մաթեւոսյան, չես շփոթի... Անչար ու ճշմարտացի, պարզ ու խորունկ, կարդում ես, լսում, մեկ էլ ուրվագծվում ես դու ինքդ` այն ամենով, ինչը կուզեիր խնամքով թաքցնել, որովհետեւ ամոթ է... Ինչը կուզեիր իբր անթաքույց ցուցադրել` տեսեք-տեսեք... ...«Եռանդուն մարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում, հյուսիսի Արարատ երկրում պողպատը...- Ոչ, մի պարծեցիր: ...Ազնիվ Դիլբասին փնտրում է 1915-ին անհետ կորած իր Համազասպ հորը, Արուսյակ մորը, երկու միլիոն եղբայրներին ու...- Մի նվնվա: ...Մեկ-երկու տարի հետո թանգարաններ կդառնան Մեծամորը, Հառիճը, Շենգավիթը, Արմավիրը, Լճաշենը, Գլաձորը, Սյունիքը, Աղստեւի հովիտը, Սեւանի ջրերից ազատված տարածքները եւ, շատ հավանական է, ազատվելիք տարածությունները նույնպես: Չէ՞ որ օտարները մեր հանրապետությունը կոչում են թանգարան բաց երկնքի տակ: - Մի հեգնիր»... Չեմ պարծենում, չեմ նվնվում, չեմ հեգնում: Անխոս ընդունում եմ` ես այսպիսին եմ, սա եմ. ...«Խնդրվում է չմտնել վայրէջքի հրապարակ: Վայրէջքի հրապարակ մտնողները պատժվում են օրենքի ամենայն... Խնդրում եմ, մի մտեք վայրէջքի հրապարակ, արտասահմանից հյուրեր կլինեն, ամոթ է... Այ ախպեր ջան, էդ ու՞ր ես գնում, քեզ որ մի բան պատահի, ինձ վրա են խոսելու, չէ... ...Ախպեր, Վաղարշապատի վանքը կար, չէ՞: Վանքը այգի չի. ով էդքանը հասկանում է` ապրի: Վանքի տակը փորեցին` հասան նախաքրիստոնեական մեհյանին: Մեհյանի տակն էլ թող փորեն` հասնեն դարձյալ մեհյանի: Իրենց ինչ է եղել, բահ ու քլունգ էլ ունեն, գիտնական էլ են: Բա իմ խաղողի վազը ես ո՞նց տանեմ տնկեմ մեհյանի տակի խորանի տակ» ... Ինքդ քեզ քո բոլոր սեւ ու սպիտակ գծերով տեսնելիս սկզբում մի քիչ ամաչում ես, բայց միայն սկզբից: Հետո ինքնաճանաչումն է` խալխից ազգ տատանվող մարդախմբի մեջ ու դրանից դուրս: «Քո բոլոր ճակատամարտերն այլեւս տանուլ են տրված: Քո երկրից հաղթանակ տարած ոչ մի զորավար չի մեծարվել հաղթակամարով: Ոչնչացվել են կռվողների քո փոքրիկ խմբերը լեռներում ու կիրճերում: Դու ոչ մի հաղթանակ չունես: Քո պարզած սպիտակ դրոշները թշնամու մեջ չեն խաղացրել սրտառուչ հարգանք եւ հաշտության քո բանագնացները խեղդվել են թաց հռհռոցի մեջ: Քո երկիր մտել են ոչ թե փաղանգների կուռ սպառնալիքով կորզելու հավասարի քո դաշինքը կամ գնելու քո մեծահոգի չեզոքությունը, այլ թափթփված խուժանի խմբերով են եկել` կնիկ, ճարմանդ, կարպետ, ձի խլելու, արտ հրդեհելու: Պատառոտվել են նոր գնդեր գումարելու քո ծրագրերը: Բարձախեղդ է արվել որեւէ ելք փնտրելու քո մտմտուքը: Ուրկից որ գուցե հանեիր զրույցի հրեղեն թուրը` ճզմել են քո գանգի այդ մասը: Դու ջախջախված բանակի միավոր ես: Դու պիտի այն անես, ինչ անում են պարտված բանակները: Պարտված բանակները հաղթողների համար կանգնեցնում են իրենց պարտության հուշասյունը»... Ես տխրում եմ, ինչպես, երեւի, Նեֆզատ Ուստյուն, եթե տնքար բանաստեղծի նյարդը` խելացի դիվանագիտության շերտերի տակ, եւ նա վար դներ գրիչը եւ նայեր ինքն իր ներսը. եւ տխուր կասեր ինքն իրեն. բայց չէ՞ որ երբ մենք մորթում էինք նրանց` նրանք բաց աչքերով նայում էին մեր աչքերին եւ չէին հավատում, որ մորթում ենք... Ու եթե հանկարծ նեֆզատուստյունները որոշեին հուշել հայրենիքի դիվանագետներին խոսք բացել հայերին պատճառած վնասի մասին եւ վեհանձնաբար հանձն առնեին վնասի հատուցումը, ու՞մ են հատուցելու` դաշնակցականների՞ն, ռամկավարների՞ն, հնչակյանների՞ն, ընդհանուր բարեգործականի՞ն, Էջմիածնի կաթողիկոսարանի՞ն, Անթիլիասի՞ կաթողիկոսարանին, համայնավարների՞ն, թե՞ միավորված ազգերի կազմակերպությանը: Ու ի՞նչ կլինի, եթե հանկարծ փոխհատուցեն... Ահավոր տխուր է: Տխրելու հազար պատճառ կա, հազար առիթ: Վռամշապուհ արքան էլ տխրեց, երբ Մեսրոպ Վարդապետ Մաշտոցը բերեց հայոց գրերը: ...«- Լավ գիր է, - տխրեց Վռամշապուհը, - գեղեցիկ, էսպես ինքն իր համար: Ոչ ոքի ոչինչ չի հրամայում: Մեզանից ուրիշի ոչ մի պարտադրանք չի տանում: Ինքն իր համար կա` ներամփոփ, խոհուն եւ իր խորին եզրահանգումն ինքն իր մեջ մեռցնող: Սա Հայոց գիրն է: Մեր մասին ու մեզ համար ճիշտ գիր է»... Մեր մասին ու մեզ համար ճիշտ գրից չեմ վախենում, ինչպես չեմ վախենում ճշմարտության առջեւ կանգնելիս: Հրանտ Մաթեւոսյանից չեմ վախենում, ինչպես չեմ վախենում Աստծուց, որ գիտի ինձ, իմ սրտի խորհուրդը, իմ ծնվելիք միտքը: Ամենադժվարը կատարումի, ելույթի, ասմունքի ու կենդանի խոսքի մեջ Հրանտ Մաթեւոսյանին գտնելն ու ծանոթացնելն է: Աշոտ Ադամյանին հաջողվեց: Նաեւ` Դավիթ Մաթեւոսյանին, ով մատուցման կաղապարն էր փնտրել-գտել: Նաեւ` Վահագն Պապայանին, ով ներդաշնակել էր խոսքը երաժշտության հետ: Հրանտ Մաթեւոսյանի «Մեծամոր» էսսե-մենաներկայացումն էր: Ինչու՞ հենց այս ներկայացումը հենց այս օրերում: «Որովհետեւ հենց այս ներկայացումը` հենց այս օրերում, - պատասխանեց ներկայացման բեմադրիչը` Դավիթ Մաթեւոսյանը, - Կուզեի երկու հարյուր տարի հետո այս գործը առօրեական չլիներ, հաղթահարած լինեինք բոլոր բարդույթները, որ մեր ազգը պարբերաբար ինքն իր համար ետ է բերում, ոտքի կանգնեցնում, նորից ինքն իրեն թաղում: Եթե կարողանայինք Մաթեւոսյանի խոսքով հաղթել, եթե այս խոսքը իր հեղափոխող-հեղաշրջող նշանակությունը, դերակատարումն ունենար մեզ ու մեր հողը չսիրելու, պարբերաբար ինքնաոչնչացման մեր մտայնությունը, մտածելակերպը փոխելու...»... «Ինքնագիտակցության խնդիր է դրված, ինքնաճանաչման. մենք հա՞յ ենք, ո՞վ ենք, ի՞նչ ենք, ինչպիսի՞ն ենք..., - ասաց Աշոտ Ադամյանը, - Տեսակի քննությունը Հրանտի մեջ է մարմաջի նման: Ու էս ամեն ինչը Հրանտը կարողացել է սարքել խոսք հոգու հետ, եւ սրտից խորքից բխող խոսք: Մենախոսություն է, բայց խորապես զրույց ու դիալոգ: Երբ ինքդ քո դիմաց նստում ես եւ ամեն բան ասում` թե լավը, թե վատը»: Ճշմարտությունը, որ գտել եք եւ ուզել եք հենց դա փոխանցել-հասցնել հանդիսատեսին: «Հենց այնպես չի կարելի դժգոհել` չիմանալով ինչու: Հենց այնպես չի կարելի գովել` չիմանալով ինչու: Հենց այնպես չի կարելի ստեղծել` էլի չիմանալով ինչ: Միայն ու միայն մտքով, գիտակցաբար: Եվ մեծագույն ցանկությունը` իմանալ, թե «հիմա»-ն ինչից է բաղկացած: Դրա համար պիտի ամուր կանգնես էս փոքրիկ հողակտորի վրա, բաժակդ բարձրացնես, ասես` ես` ես եմ. ինչպես արել է Հրանտը»... Վերջում ի՞նչ ասաց Հրանտը, ո՞նց վերջացավ: «Ասաց` «Այս է ու կմնա այսպես, քանի դեռ բետոնը տասը կանգուն շերտով մինչեւ վերջին թիզը ծանրացել է այս ցնորական երկրի կավին: Եվ ինձ վրա: Եվ ձեզ վրա»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |