“Zhamanak” Armenian-American Political Daily

Երեւան: 9 մայիսի: «Հաղթանակի» զբոսայգի

13:30 Yerevan | 9:30 GMT | Saturday 10 May 2008

Կարինե Հարությունյան

Վերադարձ: Այս բառի մեջ ամեն ինչ կա: Եվ ապաշխարանք: Եվ պայքար: Եվ հաղթանակ:

...Նա վերադարձավ, ու վերադարձի առաջին լուրն արդեն ավետեց ժողովուրդ- առաջնորդ կայանալիք միասնության փաստը: Դա սեպտեմբերի 21-ին էր: Հայաստանի Հանրապետության անկախության օրը: Իսկ օրվա արժեքը ո՞վ գիտի նրանից լավ:

Նա վերադարձավ, ու զարմանալի բաներ տեղի ունեցան հասարակության մեջ: Հիշողության վրայի 10-ամյա փոշին ազատության քամին սրբեց: Մարդիկ համախմբվեցին, ընդհանուրի-երկրի շահ հասկացողությունները իրենց տեղն ընկան: Ժողովուրդը հասկացավ, որ անխուսափելի է իր գաղափարական-ոգեղեն վերածնունդը: Ժողովուրդը զգաց ազատ խոսելու, ազատ մտածելու եւ մտքերը ազատ արտահայտելու հաճույքը:

Նա վերադարձավ, եւ ժողովուրդը վերադարձրեց իրենից խլված հաղթանակները: Ժողովուրդը միավորվեց նրա շուրջ: Միավորվեցին Սփյուռքն ու Հայրենիքը: Ժողովուրդը հաղթեց:

Երեկ ժողովուրդ-առաջնորդ այլեւս անհաղթելի միասնությունը տոնում էր իր հաղթանակի տոնը: «Հաղթանակի» զբոսայգին սպասում էր հաղթանակի նախագահին: Եկավ: Իր հաղթանակած ժողովրդի մոտ: Իր հաղթանակած ժողովրդի հետ: Իսկ վերջինս իր առաջնորդին դիմավորեց «Լեւոն-Լեւոն» վանկարկումներով: Այստեղ մի հետաքրքիր բան տեղի ունեցավ: Զբոսայգի այցելած եւ արդեն հեռացող ռազմական ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը եւ էլի մի քանի բարձրաստիճաններ` հեռվից տեսնելով առաջին նախագահին, հասցրեցին ճողոպրել` նրա հետ դեմ-հանդիման չհայտնվելու սարսափից երեւի: Իսկ նորաթուխ վարչապետն ու ԱԺ նախագահը, չհասցնելով «արանքը ճղել», շտապով անցան կողքի սրճարանը ու կուչ եկան պատի տակ: Մի ոստիկան մյուսին ասաց. «Արա, չամաչեցի՞ն...փախան»: Բա՞:

Բայց ոմանց չունեցած ամոթի ու այլ համամարդկային զգացողությունները թողնենք մի կողմ ու ՀՀ հիմնադիր նախագահի հետ երթով քայլենք դեպի Անհայտ զինվորի հուշարձան: Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ առաջին շարքում քայլում էին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ ընդդիմադիր քաղաքական այլ գործիչներ: Ճանապարհի մի կողմում կանգնած ոստիկանները չէին էլ թաքցնում իրենց հետաքրքրությունն ու հիացմունքը. առաջին նախագահին էին տեսել: Անհայտ զինվորի հուշարձանին կարմիր վարդերի մի փունջ դրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ կանգնեցին հուշարձանի մոտ ու առաջ անցան: «Մայր Հայաստան» մոնումենտալ համալիրի մոտ ժողովուրդը ծափահարություններով ողջունեց իր նախագահին: Վերջինս շատերին մոտեցավ, ողջունեց, ողջագուրվեց Շարժման նվիրյալների հետ, պապիկի քնքշանքով գրկեց- համբուրեց երեխաներին: Երթը շարունակվեց հետադարձ ճանապարհով: Իսկ մուտքի մոտ ծափահարությունների տարափ տեղաց: Ուրախության հեղեղից շփոթված ոստիկանները ետ քաշվեցին, ու առաջին նախագահը ծափերի, «Լեւոն` նախագահ», «Լեւոն-Լեւոն» վանկարկումների ուղեկցությամբ մեքենա նստեց:

Իսկ հաղթանակի երթը շարունակվեց: Զբոսայգուց մարդիկ քայլեցին դեպի Աբովյան պուրակ: Ամբողջ ճանապարհին վերուվար անող մեքենաները ազդանշաններն ու վարորդների թափահարվող բռունցքները, գլխարկը թափահարող ու բռունցք պարզած ոստիկանները մի բանի վկայությունն էին... որ այս ժողովուրդը հաղթած է: Հաղթած է: Ու գիտեք ինչու՞: Եթե գորժող ռեժիմի իրողության պարագայում ոստիկանի համազգեստով հայը, ով ծառայության մեջ է, որին ուղարկել են հատուկ «ինստրուկտաժից» հետո` որոշակի գործ անելու, եւ ով իր կոլեգաների մոտ «Հաղթանակի» զբոսայգու բարձունքից գլխարկը հանում-թափահարում է, բռունցք է պարզում` ի նշան համերաշխության ռեժիմի դեմ պայքարողներին, ուրեմն ռեժիմը իսկապես իր վերջին օրերն է ապրում: Եթե այդպես չլիներ` ինքնակոչ-ինքնաթուխը մայիսի 8-ի օրը չէր գնա Ղարաբաղ` առանց Եռաբլուր այցելելու, մայիսին 9-ն էլ Ղարաբաղում չէր անցկացնի: Բայց վերադառնանք երթին: «Ազատ, անկախ, Հայաստան», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Սերժիկ-Ռոբիկ` մարդասպան», «Լեւոն` նախագահ» վանկարկումներով Շաժման բանակը հասավ Աբովյան պուրակ, ապա` Կորյունի փողոցով եւ ԿԸՀ առջեւով` Մոսկովյան փողոց ու... Մաշտոցի պողոտա:

Պատկերացրեք` անթիվ երիտասարդներ` մեջքներին փակցված «Իմ ընկերը քաղբանտարկյալ է: My friend is a political prisoner» գրություններով: Այստեղ տեղին է հիշել պատմությամբ սրբագրված ճշմարտությունը. ուժեղ է այն պայքարը, որը հիմնված է երիտասարդության վրա: Իսկ Համաժողովրդական Շարժումը, միանշանակորեն, հիմնված է հայ ազատատենչ երիտասարդների ազատ մտածողության, ազգային արժանապատվության ու երկրում ժողովրդավարական արժեհամակարգի հաստատման կամքի վրա: Այս երիտասարդների համար չկա 88-ի հիշողություն, չկա անկախության ու Ղարաբաղյան պատերազմի հիշողություն, բայց նրանց գենետիկ հիշողությունն ու 21-րդ դարի երկիր մոլորակի քաղաքացին լինելու փաստը նրանց կանգնեցրել է հրամայականի առջեւ. ժողովրդավարությունը այն արժեհամակարգն է, որը մարդկությանը մոտեցնում է Աստծուն: Իսկ թե ինչ եռանդով էին «Ազատ, անկախ, Հայաստան» ու «Լեւոն` նախագահ» վանկարկում այդ երիտասարդները, հնարավոր չէ նկարագրել: Ոչ թե ռեժիմի պարագլուխներին ու կամակատարներին խնայելու նպատակով: Նրանց կողմից ուղարկված եւ «Ա1+»-ի անվան տակ ծպտված օպերատորը այդ ամենը նկարում էր: Բայց վայ թե չհասցրեց գործն ավարտել, քանի որ բացահայտվելուց հետո... փախավ:

Երեկ, Հաղթանակի օրը հայոց նորագույն պատմության մեջ մեկ անգամ եւս ամրագրվեց. առաջնորդը վերադարձավ, ու ժողովուրդը վերադարձրեց իրենից խլված հաղթանակները: Ժողովուրդը հաղթեց: Ժողովուրդն իր հաղթանակի երթի մեջ է:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.