“Zhamanak” Armenian-American Political Daily

Խաբեության մեխանիկան կամ Եվրոպայի ճակատագիրը Հայաստանում

12:41 Yerevan | 8:41 GMT | Saturday 10 May 2008

Արամ Ամատունի

Անցնող շաբաթ, Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ բավական հետաքրքիր մի հանդիպում:

Հանդիպել էին խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը, որին վերջին ժամանակի պահվածքի համար արժանիորեն անվանում են հայկական վարչակազմի «բազե», եւ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, որին էլ երեւի թե արժանիորեն պետք է անվանել «աղավնի», քանի որ արդեն որերորդ հայաստանյան այցն է կատարում մարտի 1-ի իրադարձություններից հետո` փորձելով խաղաղություն հաստատել իշխանությունների եւ Համաժողովրդական Շարժման միջեւ: «Բազեի» եւ «աղավնու» հանդիպումն ինքնին հետաքրքիր է, սակայն դրա ընթացքում տեղ է գտել ուշագրավ մի նրբերանգ, երբ Սեմնեբին խոսել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կազմի ձեւավորման կարգը փոփոխելու անհրաժեշտության մասին: Դրան ի պատասխան` «բազեն», ինչպես ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունն էր տարածել, իր տարակուսանքն է հայտնել «աղավնուն»` հիշեցնելով, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ձեւավորման կարգը սահմանված է նոր Սահմանադրությամբ, որին էլ եվրոպացիները, ում անունից որ եկել է Սեմնեբին, ժամանակին հավանություն են տվել ու ողջունել: Տիգրան Թորոսյանի իրավացիությունը չընդունելը կլինի մեղք ցանկացած հոգու վրա: Իսկապես, Եվրոպան միանգամայն հստակ քաջալերել ու ողջունել է Հայաստանի Սահմանադրության այն հանրաքվեն, որին ըստ էության որեւէ քաղաքացի չմասնակցեց, բայց նկարվեց մեկուկես միլիոն մասնակցություն: Ի դեպ, այդ Սահմանադրության քարոզին լծվել էին նույնիսկ Եվրամիության երկրների որոշ դեսպաններ եւ այլ դիվանագետներ, չնայած Հայաստանի օրենսդրությունը դա չէր թույլատրում: Սակայն խնդիրն իհարկե դա չէ: Մենք հյուրընկալ ազգ ենք, եւ եթե մի քանի եվրոպացի փորձում են մեր երկրում օրենք խախտել, ինչի հնարավորությունից զրկված են սեփական հայրենիքներում, ապա դա մեզ համար խնդիր չէ: Ի վերջո` մի քանի խախտում եւ խախտող ավելի-պակաս` դա, դժբախտաբար, Հայաստանում արդեն էական չէ: Եվ էականն, իհարկե, ամենեւին էլ Սահմանադրության ընդունման կամ հայկական «բազեի» եւ եվրոպական «աղավնու» պատմությունը չէ: Այն ընդամենը խորհրդանշում է մի երեւույթի առկայությունը, որը թերեւս բավական առանցքային է Հայաստանի ներքաղաքական զարգացումների ամբողջ շղթայի համատեքստում եւ դրա հանդեպ եվրոպական կառույցների արձագանքների ծիրում: Ինչպես տեսնում ենք` Տիգրան Թորոսյանը Եվրոպայի աչքն է մտցնում այն բիզը, որը հենց եվրոպացիներն են սրել ու տվել Հայաստանի իշխանության ձեռքը: Սա ընդհանրապես հայ-եվրոպական հարաբերության խիստ բնորոշ օրինակ է, նույնիսկ, կարելի է ասել, բնութագրական օրինակ: Փաստացի ակնհայտ է դառնում, որ Եվրոպան Հայաստանի իշխանությանն օգնել է կամ մղել է կառուցել մի «ժողովրդավարություն», որը չի ենթադրում ընդդիմության գոյություն: Այսինքն` երբ երկրում առաջ է գալիս ժողովրդական տրամադրություններն ուղղորդելու եւ առաջնորդելու ունակ քաղաքական ուժ, ապա Հայաստանում կառուցված եվրոպական դեմոկրատիան, կամ ավելի ճիշտ` այն դեմոկրատիան, որ Հայաստանի իշխանության հետ համատեղ ձեւավորում են եվրոպացիները, դառնում է արդեն անգործունակ: Ըստ էության խնդիրն այն է, որ եթե Հայաստանի իշխանությունը չի ընդունում ժողովրդական տրամադրությունների գոյությունը, ապա եվրոպացիները պարզապես չեն հավատացել, որ Հայաստանում առկա են ժողովրդական տրամադրություններ կամ չեն հավատացել, որ հնարավոր է ձեւավորվի դրանց անհրաժեշտ ձեւ եւ բովանդակություն տվող քաղաքական ուժ:

Հիմա, երբ տեսնում են, որ այդ ուժը կա, Հայաստանի իշխանության հետ մեկտեղ փաստի առաջ է կանգնում նաեւ Եվրոպան: Ինչպես կարելի է դատել հայաստանյան իրադարձությունների մասին եվրոպացիների արձագանքից` նրանք պարզապես չգիտեն, թե ինչպես պետք է վարվեն ներկայիս դրության պարագայում: Ակնհայտ է, որ նախկին գործելաոճը, երբ եվրոպացիները Հայաստանի իշխանությանն էին փորձում խաբել, իսկ Հայաստանի իշխանությունն էլ` եվրոպացիներին, ու հանգել էին ընդհանուր մի հայտարարի, իրեն չի արդարացնում եւ չի էլ կարող, քանի որ պարզվել է, որ Հայաստանում, իշխանությունից ու եվրոպացիներից բացի, կա նաեւ ժողովուրդ, կան քաղաքացիներ, որոնք չեն ցանկանում հայտնվել հայ-եվրոպական փոխադարձ ինտրիգների եւ խորամանկությունների ծիրում: Այստեղ էլ ահա հակասություն է առաջանում իշխանությունների եւ Եվրոպայի միջեւ, քանի որ այն դեմոկրատիան, որ օգնել են եվրոպացիները իշխանություններին կառուցել Հայաստանում, եթե կառուցման փուլում համապատասխանում էր եվրոպացիների շահին, ապա այժմ լիովին համապատասխանում է իշխանությունների շահին, իսկ Եվրոպան մնացել է փշալարից կախված: Եվ այն մաքոքային դիվանագիտությունը, որ ըստ էության եվրոպական դիվանագետները ծավալում են Հայաստանի իշխանության ու ընդդիմության, այսինքն` Համաժողովրդական Շարժման միջեւ, նպատակ ունի պարզապես Հայաստանում վերականգնել եվրոպական շահը, եվրոպացիների վերահսկողությունն առկա պրոցեսների վրա: Սակայն այդ փորձը նրանք կրկին ցանկանում են անել հին մեթոդով, այսինքն` լեզու գտնելով իշխանության, ոչ թե հասարակության, քաղաքացիների հետ` չհասկանալով, որ Հայաստանում իշխանությունն արդեն քաղաքացիներինն է, ժողովրդինը, որ արդեն ժողովուրդն է որոշելու Եվրոպայի տեղն ու դերը Հայաստանում: Այդ իմաստով, որքան էլ զարմանալի է, բայց ակնհայտ է, որ իշխանությունները դա ավելի շուտ եւ ավելի լավ են հասկացել, քան եվրոպացիները, եւ հետեւաբար ոչ թե ավելորդ էներգիա են ծախսում եվրոպացիների հետ լրացուցիչ պայմանավորվածությունների համար, այլ փորձում են պաշտպանվել նախկին պայմանավորվածություններով: Նման իրավիճակում, Եվրոպան ըստ էության, չունի ընտրության մեծ հնարավորություն` կամ կախվածության մեջ է ընկնում Հայաստանի իշխանություններից, որքան էլ դա թվա տարօրինակ, եւ դառնում նրանց պատանդը, կամ համագործակցում է Հայաստանի քաղաքացիների հետ եւ դառնում նրանց ցանկալի հյուրը: Եթե եվրոպացիները դեռեւս խորությամբ չեն գիտակցել Հայաստանում իրողությունների փոփոխությունը, ապա պատանդ եւ հյուր հասկացությունների տարբերությունը գիտակցելը թերեւս պետք է որ ավելի քիչ ջանք պահանջի նրանցից:

Արխիվ
Վերլուծական

«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել:

Քաղաքական

Այսօր: Մատենադարանի մոտ: 19.00

Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ...

Աշխարհ

Ի՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.