“Zhamanak” Armenian-American Political Daily

Եռաբլուր: 8 մայիսի

13:52 Yerevan | 9:52 GMT | Friday 9 May 2008

Էմմա Գաբրիելյան

Երեկ, Հաղթանակների Հրամանատարը այցելեց Եռաբլուր՝ Հաղթանակների այն զինվորներին՝ իրենց Սպարապետի գլխավորությամբ, ովքեր այլեւս երբեք չեն զորացրվի Հաղթանակների բանակից:

«Իշխանությունները հոկտեմբերի 27-ից հետո լուծում են միայն օրվա խնդիր»

Մայիսը` հաղթանակների ամիսն է: Երեկ` մայիսի 8-ը Շուշիի ազատագրման եւ Երկրապահի օրն էր: Հազարավոր մարդիկ երեկ Եռաբլուրում էին: Մի շարք երկրապահներ, սակայն, Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սմբատ Այվազյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Հուսիկ Բաղդասարյանը եւ ուրիշներ, հաղթական այդ օրը «տոնեցին» մեկուսարաններում: Իրեն պարտադրված պատերազմում հաղթնակած ժողովուրդը երեկ զույգ տոներին մռայլ էր ու խոցված...

Համաժողովրդական Շարժման կողմնակիցները` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, երեկ հարգանքի տուրք մատուցեցին Եռաբլուրում հանգչող ազատամարտիկների շիրիմներին: Եռաբլուրում էին առաջին նախագահին սատարող կուսակցությունների առաջնորդները` Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Լյուդմիլա Սարգսյանը, «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, սատարող մյուս կուսակցությունների ներկայացուցիչներ, ԵԿՄ անդամներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Կանանց համաժողովրդական շարժման մասնակիցներ եւ հազարավոր մարդիկ: Լեւոն Տեր-Պետրոսյանը ծաղկեփունջ դրեց Վազգեն Սարգսյանի շիրմաքարին, խոնարհվեց Վազգեն Սարգսյանի մոր` Գրետա մայրիկի առջեւ, ջերմորեն ողջունեց ազատամարտիկ Արաշվիր Բոզինյանին: Տիկին Գրետան շնորհավորեց հավաքվածներին, շնորհակալություն հայտնեց ժողովրդին, որ այդ օրը Եռաբլուրում են. «Մեր ամբողջ ժողովուրդը երկրապահ էր այն տարիներին, մենք էլ երկրապահի թիկունքում էինք», - ասաց Գրետա մայրիկը:

Մինչ Վազգեն Սարգսյանի շիրմաքարին մոտենալը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին հանձնեց Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ` Երկրապահ կամավորական միության թիվ առաջին անդամատոմսը: Ժողովուրդը խմբվել, զրույցի էր բռնվել արցախյան պատերազմը հաղթանակած, առաջին գերագույն հրամանատար` Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Մարդկանց դեմքին առաջին նախագահի գալուց հետո միայն ժպիտ երեւաց, նրանք սկսեցին «Հաղթանակ» վանկարկել եւ ճանապարհեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին ծափերով:

ԺԵ-ի հարցին, թե ինչպես է գնահատում այն փաստը, որ Երկրապահի օրը Հայաստանում ազատամարտիկներ կան անազատության մեջ, Արամ Զավենի Սարգսյանը պատասխանեց. «Դա իշխանությունների հոգեմտավոր ունակությունների հետեւանք է: Ես ուզում եմ իմ երկրապահ բոլոր ընկերներին` թե ազատության մեջ, թե անազատության մեջ գտնվողներին` շնորհավորել Երկրապահի օրվա կապակցությամբ: Ուզում եմ ասել իրենց, որ քաղաքական գործիչները գալու-գնալու են, բայց այն սխրանքը, որ գործեցին իրենք արցախյան ազատամարտի տարիներին հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ ոսկե էջերով է գրվելու, ու իրենք այս ժողովրդի հպարտությունն են մնալու, մարդկանց հիշողության մեջ մնալու են որպես հերոսներ: Դատարանները չեն, որ պիտի որոշեն, թե իրենք ով են: Եթե այսօրվա իշխանությունները վախենում են այդ մարդկանցից, ուրեմն վախենալու խնդիր ունեն, որովհետեւ այդ մարդիկ հայրենիքի` իրենց սեփական տեսակետի, իրենց պատկերացրած հայրենիքի համար մարտնչող մարդիկ են: Այս իշխանությունները 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո լուծում են միայն օրվա խնդիր: Երբեք երկարաժամկետ ծրագրեր չեն ունեցել եւ չեն կարող ունենալ, որովհետեւ ամեն օր իրենց առաջ կանգնած է իշխանությունից հեռանալու խնդիրը», - ասաց Արամ Սարգսյանը:

«Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բազմաթիվ ազատամարտիկների կալանավորման փաստերի առիթով նկատեց. «Սա նշանակում է, որ մեր իշխանությունները թույլ են, անբարոյական են: Իշխանությունների գործողությունները չեն համապատասխանում սահմանադրական կարգին: Եթե Շուշիի ազատամարտի հերոսի` Ժիրայր Սեֆիլյանի դեպքում Ալվինա Զաքարյանը կարող է հարց տալ, թե նա ի՞նչ արժանիքներ ունի քաղաքացիություն ստանալու համար... Նախ` քաղաքացիությունը արժանիքների համար չեն տալիս, այլ օրենքի հիման վրա, եւ երկրորդը` եթե նա արժանի չէ, ապա ո՞վ է արժանի: Անբարոյականություն է, եթե մենք այսօր չենք գնահատում այն մարդկանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել մեր պետականության, մեր անկախության գործում»:

Արխիվ
Վերլուծական

Պարենային ճգնաժամը կառավարությունների գործունեության հետեւանք է

Սննդամթերքի թանկացումը, համաշխարհային գործընթաց լինելով հանդերձ, առանձնապես ծանր հետեւանքներ է առաջացնելու...

Քաղաքական

Արամ Աբրահամյան. «Ես միանգամայն բավարարված եմ»

-Պարոն Աբրահամյան, Դուք գո՞հ եք Սյունիքի մարզպետի վերաբերյալ ծառայողական քննության արդյունքներից...

Աշխարհ

Մարտի 1. հարցեր, որոնք պատասխաններ են

Չստանալով անցած շաբաթ ՀՀ իշխանություններին ուղղված հարցերիս պատասխանը` կցանկանայի մի քանիսով...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.