“Zhamanak” Armenian-American Political Daily

«Ազգի պաշտպանների բռնադատումը կործանարար է պետության համար»

13:30 Yerevan | 9:30 GMT | Friday 9 May 2008

Մարինե Խառատյան

Երեկ երկրապահի օրն էր: Երկրապահի մասին շատ բան լուռ պատմում են Եռաբլուրով մեկ սփռված բազմաթիվ տապանաքարերը, որոնցից մեզ նայող երիտասարդ ու տարեց տղամարդկանց հայացքը սովորեցնում է. հայրենիքը թանկ է, կյանքից էլ թանկ:

Նրանցից շատերը երբեք չէին տեսել Ղարաբաղը, չգիտեին՝ ինչպիսին է Շուշին, բայց ինքնակամ գնացին մահվան հանդիման՝ անտեսելով մահն ու զրկանքները: Երեկ ոչ Ս.Սարգսյանը, ոչ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոչ էլ Ներսես Շնորհալի մեջբերող նորանշանակ վարչապետը չշնորհավորեցին երկրապահին:

Երեկ երկրապահի օրն էր, ու բազմաթիվ երկրապահներ հավաքվել էին ԵԿՄ հիմնադիր Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ՝ շնորհավորելու Սպարապետի տոնը: Բայց ի՞նչ տոն` առանց այդ հաղթանակի հիմնական դերակատարների: Տոնական տրամադրություն չկար, կար բողոք ու պահանջ՝ ազատության մեջ տեսնելու Հայաստանի ու Ղարաբաղի պաշտպաններին: Ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար տարբեր մեղադրանքներով պիտակավորված ու այս օրերին կալանավայրերում գտնվող երկրապահների փոխարեն եկել էին նրանց կանայք՝ ազատամարտիկ ամուսինների նկարները ձեռքներին: Մեդալները կրում էին երեխաները: ԵԿՄ հիմնադրի կիսանդրու մոտ ծաղիկներ դնելուց հետո հավաքվածները սկսեցին անուն առ անուն վանկարկել բացակա ազատամարտիկների անունները. «Սեֆիլյան, Վարդան, Հակոբ, Մյասնիկ, Սասուն, Սմբատ, Խաչիկ, Արմեն, Ջհանգիրյան, Հուսիկ...», նաեւ՝ «Ազատություն մեր հերոսներին», «Ազատություն Շուշին ազատագրածներին»: «Նրանք իրենց կյանքը չեն խնայել հայրենիքի համար, իսկ այսօր նրանց բերդերում են պահում», - բողոքում էին հավաքվածները: «Այսօր մեր հաղթանակի տոնն է, որի համար մենք պայքարել ենք, արյուն ենք թափել, բայց չենք կարող տոնել առանց մեր ընկերների, որոնք անօրինական կալանավորված են», - մեզ հետ զրույցում ասաց ազատամարտիկ Կլիմենտ Ալավերդյանը: «Բոլոր քաղբանտարկյալները իմ հարազատներն են, ցավում եմ, որ մեր հերոսները նստած են, իսկ մարտի մեկ իրականացնողները դրսում են», - ասաց 66-ամյա տիկին Դուխիկը: Արցախյան ազատամարտում 2-րդ կարգի հաշմանդամ դարձած, ազատամարտի հրամանատարներից Խաչիկ Գասպարյանի եղբայրը եկել էր առանց նրա: Խաչիկ Գասպարյանի հետ, ով 5 տարի կռվել ու 2 անգամ ծանր վիրավորվել է Արցախում, մարտի 1-ի առավոտյան հատկապես դաժան են վարվել: Ոստիկանները ջարդել են հաշմանդամ ազատամարտիկի ուսը, թեւը, մատները, պատռել գլուխը, որ նա նաեւ ուղեղի ցնցում է ստացել: Այսօր նա Նուբարաշենում է, բժշկական լուրջ միջամտության կարիք ունի, բայց հրաժարվում են տեղափոխել հիվանդանոց:

«Ազատություն մեր հերոսներին» վանկարկումներով քաղբանտարկյալների կանայք ու երկրապահները տեղափոխվեցին գլխավոր դատախազության դիմաց, ուր Արտակ Զեյնալյանը դատախազությանը հանձնեց երկրապահների պահանջը՝ բազմահազար ստորագրություններով: «Վրդովված ենք այն կործանարար բարոյահոգեբանական մթնոլորտով, որ արհեստականորեն ստեղծվել է ազատամարտիկների հանդեպ: Վիրավորված ենք ապերախտության, կեղծիքների բանսարկությունների տարափից, որ տեղում են հայ ժողովրդի պատմության վրա: Պահանջում ենք ազատ արձակել ձերբակալվածներին, չդառնալ գալիք սերունդների անեծքի առարկա, քանի որ իշխանությունները պետք է հասկանան, որ ազգի պաշտպանների բռնադատումը կործանարար է ազգի, պետության համար: Չպետք է նաեւ մոռանալ, որ մեր պատմության մեջ հիշվել են ոչ միայն հերոսները...», - հայտարարում են երկրապահները՝ զգուշացնելով. «Մեր պահանջները չբավարարելու դեպքում մենք մեզ իրավունք ենք վերապահում ՀՀ Սահմանադրության շրջանակներում դիմելու հետագա գործողությունների»: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատախազությունը չէր վերցրել բողոքը՝ պատճառաբանելով, թե այն պետք է ուղարկել փոստով:

Հավաքվածների մի մասը որոշեց ոտքով գնալ Եռաբլուր՝ երբեմն-երբեմն «Ազատություն», «Երկրապահ», նաեւ «Լեւոն` նախագահ» վանկարկելով, երբեմն էլ հայրենասիրական երգեր երգելով: Մեքենաների վարորդները հաճախ ազդանշաններով ողջունում էին ինքնաբուխ երթի մասնակիցներին:

Եռաբլուր հասան նախատեսվածից ուշ: Լուռ, բռունցքները վեր պարզած սկսեցին բարձրանալ դեպի նահատակների գերեզմաններ: Տեր-Պետրոսյանին հանդիպեցին ճանապարհին: Առաջին նախագահը կանգնեցրեց մեքենան, դուրս եկավ ու ողջունեց ժողովրդին: Նորից հնչեցին «Լեւոն` նախագահ» վանկարկումները: Երթի մասնակիցները ծաղիկներ դրեցին ազատամարտիկների շիրիմներին, հետո ուղեւորվեցին դատարաններ՝ մասնակցելու մարտի 1-ի գործերով դատերին, որ անարդարությունը վերջնականապես չխժռի Հայաստանը:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.