|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ճանապարհից ու վերահսկողությունից դուրս գալուն սպասելիս13:29 Yerevan | 9:29 GMT | Friday 9 May 2008Արամ Ամատունի Երբ փորձում ենք դիտարկել Հայաստանի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցները, հատկապես վերջին մի քանի տարիներին, ապա դրանցում արտահայտված գնահատականները մեր երկրի մասին պետք է որ վաղուց արդեն իրենց բավական լուրջ ազդեցությունը թողած լինեին Հայաստանի եւ ԱՄՆ հարաբերությունների վրա: Սակայն այժմ այդ հարաբերությունները, Պետդեպարտամենտի զեկույցների մասով, հիշեցնում են հին անեկդոտներից մեկը: Թանկարժեք մեքենայով երթեւեկող օլիգարխը մեքենայի հետեւից հարված է ստանում: Օլիգարխն իջնում է ու տեսնում, որ հարվածողը հին «Մոսկվիչի» ղեկին նստած մի ծերունի է: Ծերունին զայրացած օլիգարխին խնդրում է, որ վերջինս ների իրեն եւ ոչ պատժի, եւ ոչ էլ գանձի մեքենայի վնասի գումարը, առավել եւս, որ օլիգարխի համար դա մի մեծ փող չէ: Օլիգարխը ներում է, առաջ շարժվում եւ քիչ անց նորից հարված է ստանում մեքենայի հետեւից: Գազազած օլիգարխը կրկին իջնում է, տեսնում, որ նորից նույն ծերունին է, նույն «Մոսկվիչով»: Ծերունին կրկին խնդրում է, որ ների իրեն, հիվանդ ու աղքատ ծերուկին: Օլիգարխը նորից ներում է, առաջ շարժվում, եւ նորից հարված հետեւից: Երբ կատաղած օլիգարխը կրկին իջնում է` տեսնելու համար, թե ով էր հարվածողը, «Մոսկվիչի» պատուհանից ծերունին հանում է գլուխն ու մոնալիզյան ժպիտով ասում. «Տղա ջան, արխային, ես եմ, քշի, քշի»: Հիմա. միջազգային իրավիճակը Հայաստանի մասով արդեն թողնում է այնպիսի տպավորություն, որ երբ ԱՄՆ Պետդեպի զեկույցի հեղինակները ինչ-որ բան են հայտնաբերում, Հայաստանը պետք է որ ասի. «Տղեք, հանգիստ, այդ նորից ես եմ»: Առայժմ այդ ամենը Հայաստանին ներվում է` սկսած դեռեւս Էլիզաբեթ Ջոնսի հայտնի հայտարարությունից, երբ Լեռնային Ղարաբաղն ըստ էության որակվեց որպես կրիմինոգեն տարածք: Հայաստանը ի պատասխան դրա ոչ թե փորձեց հետեւություններ անել, այլ Ջոնսի դեմ ծավալեց մի մեծ քարոզարշավ: Դրա արդյունքը եղավ այն, որ Պետդեպարտամենտը նորանոր զեկույցներ հրապարակեց թրաֆիքինգի, կոռուպցիայի, օկուպացիայի մասին: Եվ ամեն անգամ Հայաստանը ոչ թե փորձում էր հետեւություններ անել այդ զեկույցներից, այլ դրանք մեկ համարում էր մեր դեմ համաշխարհային դավադրության արտահայտություն, մեկ հրեամասոնական խաղերի վկայություն, մեկ թյուրիմացություն, ծայրահեղ դեպքում` սխալ թարգմանության արդյունք: Ինչ ասես որ չէր ասում Հայաստանն այդ զեկույցի ու դրա հեղինակների մասին: Որպես արդյունք, մենք ունենք հերթականը, այս անգամ հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ: Դրա մասին առաջին ահազանգը հնչեց դեռեւս այն ժամանակ, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պարտականությունները կատարում էր Էնթոնի Գոդֆրին, Ջոն Էվանսի երբեմնի տեղակալը: Այն ժամանակ նա հայտարարեց, որ ԱՄՆ կառավարությունը մտահոգ է Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների խորացումով: Հայաստանի արձագանքը դրան առավել քան տարօրինակ էր: Արտգործնախարար Օսկանյանը հայտարարեց, ընդ որում` Գոդֆրիի խոսքից մի քանի օր անց, թե այդքան էլ ծանոթ չէ հայտարարությանն ու դրա բուն բովանդակությանը: Սա առնվազն տարօրինակ պատասխան է` այն իմաստով, որ լավ աշխատող դիվանագիտական կառույցը պետք է որ հետախուզական կառույցի որակներ էլ ունենա եւ հայտարարությանը ոչ թե ծանոթ չլինի դրանից մի քանի օր անց էլ, այլ նույնիսկ ծանոթ լինի դրանից առաջ, երբ այն դեռ նոր պետք է արվի, պետք է տեղեկություններ ունենա այդ սպասվելիք հայտարարության մասին: Սակայն հիմա, իհարկե, չարժեր խոսել Օսկանյանի աշխատանքի եւ նրա գերատեսչական քաղաքականության մասին: Սակայն խնդիրն այն է, որ մեղավորն այստեղ Օսկանյանը չէ, քանի որ նա ընդամենը համակարգի մի մասն էր: Խնդիրը համակարգային է: Այսինքն` Հայաստան պետության կառավարման համակարգը, որպես այդպիսին, սովոր չէ միջազգային իրադարձություններին արձագանքել համարժեք: Այդպես է նաեւ ներքին քաղաքականության ոլորտում: Օրինակ` երբ ժողովուրդը հարյուր հազարներով դուրս է գալիս փողոց եւ ազատությունների ու իրավունքների համար պայքարում, Հայաստանի կառավարման համակարգը դրան տալիս է պիցցայի ու քաբաբի տրամաբանությամբ լեցուն գնահատական` ասելով, թե փողոցում ամբոխ է, ոչ թե ժողովուրդ: Ներքին ոլորտում այդ ոչ ադեկվատ արձագանքը ինչ-որ տեղ անցնում է, այսինքն` իշխանությունը ոչ ադեկվատը ուժով դարձնում է ադեկվատ: Սակայն պարզ է, որ միջազգային հարաբերություններում այդ բանը ուղղակի չի անցնի: Եթե նույնիսկ «Հայլուրը» ցուցադրի, որ ասենք Սպիտակ տանը նռնակներ կան, զենքեր, իսկ Ամերիկան էլ պետություն չէ, այլ ամբոխի հավաքատեղի, ապա միեւնույն է, դրանից աշխարհը չի փոխվելու: Ոչ էլ հնարավոր է Ամերիկային մահակով ծեծել կամ Ամերիկայի դեմ քրեական գործ հարուցել հայ-իրանական հարաբերությունները ապօրինաբար յուրացնելու մեղադրանքով: Պետք չէ զարմանալ, որ գլխավոր դատախազությունում կգտնվի քննիչ, որը ստանձնի այդ գործը նկարելու պարտականությունը: Սակայն այդ ամենը մի այլ արդյունք է տալիս երկրի ներսում, մեկ այլ արդյունք միջազգային հարաբերություններում: Իհարկե չի էլ կարելի պատկերացնել, որ Ամերիկան ընդդեմ Հայաստանի իշխանության մամուլում ինչ-որ հրապարակումներ կանի կամ կդիմի Երեւանի քաղաքապետարան` իր իրավունքները պաշտպանելու երթ անցկացնելու համար: Ոչ, ի տարբերություն Համաժողովրդական Շարժման, Ամերիկան կլռի, եւ կգերադասի գրել. գրել հերթական զեկույցը, որի մեջ այս անգամ արդեն երեւի թե հայ-իրանական հարաբերությունների շատ ավելի կոնկրետ դրվագներ դուրս կլողան եւ կառաջացնեն ԱՄՆ կառավարության մտահոգությունը: Պարզ է իհարկե, որ Ամերիկան այդ ամենն անում է իր քաղաքական շահից ելնելով, ոչ թե հումանիստական կամ բարոյախրատական սկզբունքներով առաջնորդվելով: Միջազգային քաղաքականությունը առավելապես զերծ է նման սկզբունքներից: Սակայն եթե խնդիրը բարոյականությունը եւ մարդկայնությունը չէ, ապա դա չի նշանակում, որ մնացյալ ամեն ինչ պետք է դիտել անբարոյականության եւ անմարդկայնության համատեքստում եւ ինքզինքը ներկայացնել որպես միջազգային դավադրության զոհ, համարելով, որ այդպես կարելի է պաշտպանվել քեզ համար անցանկալի իրողություններից: Այդպես կարելի է լավագույն դեպքում խղճմտանք հարուցել աշխարհի մոտ: Սակայն այդ պարագայում էլ լավագույն դեպքում աշխարհը ոչ թե կսկսի լսել քեզ, այլ խղճալով կդնի ճանապարհից մի կողմ, որ ոտքի տակ չընկնես, իսկ ինքը կշարունակի ճանապարհը: Սակայն Հայաստանի ներկայիս իշխանություններին, միգուցե, հենց դա էլ պետք է, որ աշխարհը Հայաստանին դնի մոլորակի զարգացման ուղուց մի կողմ, իսկ ինքը շարունակի իր ճանապարհը. որպեսզի իրենք էլ այստեղ մնան եւ ինչ ուզեն անեն: Նրանց, իհարկե, քիչ է հետաքրքրում, թե այդ դեպքում ի՞նչ կարող է լինել բուն հայ-իրանական հարաբերությունների, որեւէ այլ հարաբերության կամ ընդհանրապես երկրի հետ: Սակայն դա էլ պետության մասին պատկերացումների խնդիր է, որովհետեւ միշտ չէ, որ բոլորը նույն բանն են հասկանում պետություն ասելով: Օրինակ` հայտնի է, թե պետություն հասկացության տակ ինչ էր պատկերացնում Լյուդովիկոսներից 14-րդը, համարելով, որ ինքն է պետությունը: Ոմանք գուցե մտածեն, որ այդ սկզբունքը կիրառելու համար գիրք կարդալ է պետք, ինչը Հայաստանի վերնախավում ընդունված չէ: Բայց դա այդքան էլ այդպես չէ, որովհետեւ պետության հետ նույնականանալը ամենեւին էլ գիտելիքի արդյունք չէ, այլ բնազդի: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԽաբեության մեխանիկան կամ Եվրոպայի ճակատագիրը ՀայաստանումԱնցնող շաբաթ, Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ բավական հետաքրքիր մի հանդիպում: ՔաղաքականԵրեւան: 9 մայիսի: «Հաղթանակի» զբոսայգիՎերադարձ: Այս բառի մեջ ամեն ինչ կա: Եվ ապաշխարանք: Եվ պայքար: Եվ հաղթանակ: ԱշխարհՏիգրան Կարապետիչը միշտ դեպի բարին է շրջվածԵրեկ` Հաղթանակի ու Շուշիի ազատագրման օրը, «Տեսակետ» ակումբի հյուրը «Ժողովրդական կուսակցության» ղեկավար... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |