|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Հիսուս Փրկիչ, մեզ ողորմեա...»13:20 Yerevan | 9:20 GMT | Friday 9 May 2008Մարինա Բաղդագյուլյան Իմ քաղաք մի հոգեւորական էր եկել` սեւ փարաջայով, փայլուն խաչով: Ես նրան ուղղակի վարդապետ էի ասում: Ու, ցավոք, ինչպես չգիտեի նրա անունը, այդպես էլ չգիտեմ` ո՞ր համայնքի հոգեւոր առաջնորդն է հիմա: Բայց եթե երբեւէ տեսնեմ, անմիջապես կճանաչեմ` աչքերից: Ես անչափ սիրում էի վարդապետին: Նա երբեք չխրատեց. զրուցում էր, պատմում: Ու ես ճանաչեցի անճառելի Լույսը, ես սիրեցի Հիսուս Քրիստոսին: Իմ պատկերացումներում Հիսուս Քրիստոսը վարդապետի պես էր` սիրում էր երեխաներին, նրանց համար պաղպաղակ գնում: Ամենաիսկական քարոզը անձնական վարքն է: Ամենաարդար ու ամենամեղավոր աշխարհիկ մարդն էլ ուզում է, որ իր քաղաքի, երկրի հոգեւորականը Տիրոջ նմանությունը ունենա` վարքով, խոսքով, վերաբերմունքով. ինչպես, օրինակ, իմ վարդապետն էր, Տեր Կյուրեղը, ով, երեւի, մի քանի դար անց կդասվի Սրբերի շարքը, իսկ լուսանկարը, որտեղ նա կանգնած է ժողովրդի ու զորքի մեջտեղում, կցուցադրվի համատիեզերական ցուցահանդեսներում... Տեր Կյուրեղը չմտածեց, թե իրեն կարգալույծ կանեն կամ թե իր կյանքին վտանգ կսպառնա, քանի որ այնտեղ` կտուրներին` դիպուկահարներ կան: Ոչ էլ «գազազած» ամբոխը հոշոտեց հոգեւորականին: Տեր Սմբատը, ով կիրակնօրյա մի առավոտ երեք կնոջ համար պատարագ էր մատուցում... Համոզված եմ` կլինեն մարդիկ, ովքեր կավելացնեն իրենց սիրելի հոգեւորականի անունը: Ոչ մի աշխարհիկ մարդ` թեկուզ ամենամեղավորը, չի ուզում կնամոլ, փողամոլ, շահամոլ, խոսքը գործին չհամապատասխանող, փարաջայի տակից զենքը կախած, իր հոտի մարմնավոր եւ հոգեւոր ցավերին ու ախտերին անտեղյակ հոգեւորականներ լինեն իր քաղաքում ու երկրում: Կուզեի համոզված չլինել, որ կլինեն մարդիկ, ովքեր ավելացումներ կանեին այս ցուցակում եւս: Ամենամոլորվածն անգամ ուզում է հանդիպել մեկին, ով կբուժի իր մարմնավոր եւ հոգեւոր ցավերն ու ախտերը: Ամենաշատ հոգեւորականից են ակնկալում բարոյական, արդար մարդու կեցվածք, ով կգար, հանդարտ կխոսեր, թողություն կտար մեղքերին` անսահման սիրով, համբերությամբ, ըմբռնումով, ասելով, որ էս աշխարհում դժվար է մեղքեր չգործել, բայց ի սեր Քրիստոսի, ամեն ինչ պիտի անենք նրան նմանվելու... Եթե անգամ մի մարդ այնքան մոլորված է, որ ոչ մեկին չի էլ հավատում եւ փրկվելու ոչ մի ցանկություն էլ չունի, սիրով եւ ներողամտությամբ ասված խոսքն անպայման կփրկեր նրան: Ճշմարիտ խոսքը անպատճառ ներգործում է հոգու վրա: Հիշու՞մ եք` ինչպես «Թշվառների» Ժան Վալժանի հոգու վերքերն առողջացան, ապականությունը վերացավ, խավարը հեռացավ. նրան ներեցին` սիրով, առանց նախատինքի. արքեպիսկոպոսն ասաց` «Մոմակալները ես եմ նվիրել նրան»: Իրականում դրանք գողացել էր Վալժանը իրեն ապաստան տված արքեպիսկոպոսից: Հիշու՞մ եք` ինչպես էր արքեպիսկոպոսը շրջում գյուղից գյուղ, տնից տուն, զրուցում մարդկանց հետ, ցավն ու ուրախությունը կիսում, ընդվզումը հանդարտեցնում, նրանց բողոքին ոչ միայն պատասխան, այլեւ լուծում փնտրում: Արքեպիսկոպոսը երբեք չասաց, թե` անգլիական եկեղեցու հոգեւորականը պիտի դռնեդու՞ռ ընկնի: Հիշու՞մ եք` Իլյա պատրիարքին, ում միջամտությամբ եւ միջնորդությամբ երկխոսեցին իր երկրի` Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը: Արդյունքում` Վրաստանի ոչ մի քաղաքացի չծեծվեց ու չզոհվեց: Եվ ոչ ոք չքաղաքականացրեց հոգեւոր առաջնորդի այդ քայլը, թե պատրիարքը իշխանությանը կամ ընդդիմությանն է սատարում: Հիշու՞մ եք Վազգեն Առաջինին, ով 1988-ին դիմեց Ազատության հրապարակը խորհրդային զորքերից ազատելու գնացող ժողովրդին, թե` «Եթե դուրս գաք, ես կանիծեմ իմ բախտը ու կլռեմ...»: Վեհափառը անհանգստանում, վախենում էր իր հոտի համար եւ պաշտպանելու այլ միջոց չգիտեր, չգտավ: Ժողովուրդը չանսաց իր Վեհափառի հորդորին: Դուրս եկան, ազատեցին Ազատության հրապարակը, եւ ոչ մի զոհ չեղավ: Խորհրդային զորքը չծեծեց, կրակ չբացեց հայերի վրա: Ժողովուրդը դուրս էր եկել Կաթողիկոսի նկարով` վրան սեւ ժապավեն. Վեհափառն այլեւս մեռած էր նրանց համար: Ի դեպ, վիրավորվում են նրանից, ումից հովանավորություն, պաշտպանություն, միջամտություն են ակնկալում, իսկ ամենակարեւորը` ում սիրում են, հավատում... Բոլորն էլ շատ լավ հիշում են, որ Գարեգին Բ Կաթողիկոսը չմիջամտեց, չմիջնորդեց, չդիմեց, չհորդորեց, որպեսզի ժողովուրդը անսար կամ չանսար իր Վեհափառի խոսքին, մեղադրեր կամ չմեղադրեր իշխանություններին, որ տասը պատվիրանները` «մի գողանար»-ից սկսած, խախտելու հարցում անպատասխան են թողնում նույնիսկ Կաթողիկոսի պահանջը: Ես էլ, մյուսներն էլ նեղացած կամ վիրավորված ենք, կամ` երկուսն էլ: Իսկ թե ումից է ժողովուրդը նեղանում կամ վիրավորվում` ասացի: Ահա այս ամենը` իմ հիշողությունները, գուցե շատ անձնական եւ սուբյեկտիվ զգացողությունները պատմեցի Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանին: «Ինձ թվում է` նա չզգաց պահի լրջությունը: Դա բնական է. իր ներքին, հոգեկան աշխարհից է գալիս: Եթե դու քո ժողովրդի կողքին ես, սիրում ես նրան եւ քո ժողովուրդը քեզ համար թանկ է` նրա կողքին պիտի լինեինք: Որովհետեւ ժողովուրդը կարող է մոլորվել` զգացական իմաստով, բայց ինչպես հին աշխարհում մարգարեները զգուշացնում էին այս կամ այն բանը չանել, նույն կերպ Կաթողիկոսը որեւէ հոգեւորականի կամ հրատարակչի միջոցով կարող էր ուղղություն ցույց տալ` մի արեք այս կամ այն բանը, քանի որ դա պիտի վնասի, անդառնալիորեն գցի ազգի արժանապատվությունը: Սա ոչ միայն Վեհափառի, այլեւ որեւէ հոգեւորականի պարտականությունն էր: Բայց, մյուս կողմից էլ, մենք այստեղ չէինք զգում պահի լրջությունը, մենք չէինք հաղորդվում ժողովրդի մոլեգնած վիճակին, դրա համար էլ պասիվ վիճակ էինք ընդունել: Կաթողիկոսությունը թերթերի մեջ խծբծանքի ենթարկելը ճիշտ չէ, որովհետեւ նա օծում ունի, բայց մյուս կողմից էլ` նա պարտ է` որպես Հայրապետ հայոց մտահոգվելու, մտատանջվելու իր ժողովրդի վիճակով: Այդ վիճակը պետք է անմիջապես հաղորդվեր Մայր Աթոռին: Պետք է այնտեղ մարդիկ ունենայինք, որ գային ասեին` այս է վիճակը, պետք է հասնել: Եթե չես կարողանում քո ժողովրդի հոգեւոր պետքերը հոգալ, այսպիսի վշտի մեջ ես ընկնում»: Իսկ իշխանությունների հետ խոսե՞լ, զգաստության հրավիրե՞լ: «Ախր իշխանություններն էլ այն չեն: Ոմանք հավատում են, ուրիշները` ընդհանրապես չեն հավատում: Շատ դժվար կացություն է: Քեզ կարող են քմծիծաղով ընդունել: Եվ հետո` Եկեղեցու անդամակցություն պետք է լինի եւ համայնքի քահանան պետք է հոգեւոր խնամատարը լինի աշխարհիկ մարդու, ով կարող է եւ պետական բարձր պաշտոն զբաղեցնող մեկը լինել: Այդ լինելու համար քահանան պետք ունի բարձրագույն կրթության, գիտելիքների հարուստ պաշարի, միջազգային օրենքները պետք է ճանաչի եւ իր հոգեւոր պարտականությունները լավ գիտակցի: Եվ հոտը պիտի իմանա, որ այսպիսին է իր հովիվը: Առանց վստահության չի լինի»: «Հիսուս փրկիչ մեզ ողորմեա...»` երգում ենք շարականում... Վստահում ենք նրա ողորմածությանը: Իսկ հոգեւորականին վստահու՞մ ենք: Արդյո՞ք մտերմության, վստահության դեֆիցիտի պատճառով չէ, որ հոգեւորականը տեղյակ չէ` ի՞նչ է կատարվում իր երկրի եւ մարդկանց սրտերում: «Գիտե՞ք, խոստովանություն չի լինում: Մենք տեքստ ենք կարդում, դրանով վերջացնում մեր խոստովանությունը: Մենք ոչ մեկ հոգեւորականի առջեւ չենք կարողանում մեր սիրտը բացել, մեր խնդիրները, մտահոգությունները արտահայտել: Վախենում ենք, որ դա ուրիշի սեփականությունը կարող է դառնալ: Խոստովանությունը պետք է փոխադարձ վստահությամբ լինի: Նույնիսկ հոգեւորականը պետք է խոստովանահայր ունենա, որպեսզի իր խնդիրների, մտահոգությունների մասին անկեղծորեն խոսի: Մեր ազգի բոլոր խնդիրները մեզանից անկախ գոյություն չունեն, մենք բոլորս ենք այդ խնդիրների մեջ: Դրա համար մենք էլ մեր խոստովանահայրը պիտի ունենանք, որպեսզի կարողանանք անկեղծանալ, բացվել եւ մաքրվել: Շատ դժվար վիճակ է. այսօր Եկեղեցին դժվար վիճակից է անցնում: Ինչու՞. որովհետեւ մեր ժողովուրդը, բացառությամբ որոշ խավերի, հոգեւորականությանը չի վստահում: Հոգեւորականը պետք է այնքան մաքուր եւ անկեղծ լինի, որ վստահեն նրան: Իսկ եթե չեն վստահում, չեն կարող խոստովանվել: Մարդիկ անընդհատ ենթարկվում են ամեն տեսակ փորձությունների եւ կարիք ունեն այդ ներքին լարվածությունը բացելու, այդ մեղքերը ասելու, որպեսզի հանդարտվեն, խաղաղվեն: Հոգեւորականի համար էլ, աշխարհիկի համար էլ նույնն է հարցը»: Հոգեւորականն էլ մարդ է, նա էլ փրկության կարիք ունի: Ասում են` Դատաստանի օրը նրանք պատասխանատու են լինելու ոչ միայն իրենց, այլեւ իրենց հոտի յուրաքանչյուրի մեղքերի համար: Ի վերջո, ինչպիսին մենք ենք, այդպիսին մեր հոգեւորականն է, ինչքան առողջ լինի մեր Եկեղեցին, այդքան լավը կլինեն մեր քահանաները: Ու քանի որ աղոթքը հոգու լույսն է, իսկ սրտից ելած աղոթքը պատարագի փրկություն է գործում, ի սեր Վեհափառի, ամեն մի հոգեւորականի, ամեն մի հայի փրկության, խնդրենք. «Հիսուս Փրկիչ, մեզ ողորմեա»... |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՍնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների... ՔաղաքականԱրժանապատվորեն...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա: ԱշխարհՄեղադրանքԱյսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |