“Zhamanak” Armenian-American Political Daily

Աշխարհաքաղաքական մեծ խաղի իրողությունները

13:18 Yerevan | 9:18 GMT | Friday 9 May 2008

Գոհար Բարսամյան

...Աշխարհաքաղաքական մեծ խաղի կանոնները 21-րդ դարում ածանցվում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ահաբեկչության դեմ պայքարի առաջնահերթությունից:

Ըստ որում` ԱՄՆ-ի Պետքարտուղարության ապրիլի 30-ի ամենամյա հաշվետվությունում ընդգծվում է, որ աշխարհում ահաբեկչությանը սատարող գլխավոր երկիրը Իրանն է: Փաստաթուղթը հաստատում է, որ Իրանը օգնություն է ցուցաբերում ահաբեկչական որակվող` Համաս, Հըզբոլլահ կազմակերպություններին, Իրաքի գրոհայիններին եւ Աֆղանստանում` թալիբներին: Գլոբալ քաղաքականության շախմատային տախտակի վրա Իրանի դիրքը չափազանց լուրջ է եւ կարեւոր: Աշխարհաքաղաքական իրադրությունը էապես կփոխվի, եթե Իրանը մտնի Շանհայի համագործակցության կազմակերպության մեջ:

Անդրադառնանք Հարավային Կովկասին: Փորձագետ Սերգեյ Ռասովի դիտարկմամբ` Ադրբեջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը նպատակաուղղված է տրանսպորտային հուսալի հաղորդակցության ապահովմանը, ինչը Արեւմուտքը կապում է Արեւելքի հետ` շրջանցելով Ռուսաստանը: Որոշ ծանուցումների համաձայն` ԱՄՆ-ն մտադիր է հսկել Իրանի, Իրաքի, Չինաստանի օդային տարածքները` օգտագործելով Ադրբեջանի օդակայանների լայն ցանցը: Ադրբեջանին, իհարկե, դա շահավետ է նախեւառաջ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր օգտին հանգուցալուծելու առումով: Նույն համապատկերում Ադրբեջանը Ռուսաստանին հասկացրեց իր դիրքի կարեւորությունը, երբ իր մաքսատնով թույլ չտվեց անցկացնել Բուշերի ատոմակայանի համար նախատեսված ռուսական բեռը: Սա զարմանք հարուցեց Ռուսաստանում, քանի որ ռուսական կողմի բացատրությամբ` բեռը համապատասխանում էր միջազգային մաքսային պահանջներին: Ադրբեջանն իր ուժը ցուցադրեց Ռուսաստանին, քանի որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանդեպ Ռուսաստանի հովանավորչական քաղաքականությունը ձեռնտու չէ նույնօրինակ հակամարտություն ունեցող Ադրբեջանին: Եվ Ադրբեջանի ԶԼՄ-ները բազմիցս բարձրաձայնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդրում Ռուսաստանի անթաքույց աջակցությունը Հայաստանին: Փորձագետ Սերգեյ Ռասովի հավաստմամբ` կրակին յուղ լցրեց ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հաշվետվությունը, որում ընդգծվում է Իրանի հետ Հայաստանի սերտ կապերը: Այսինքն` հայ-ամերիկյան հարաբերություններում խնդրահարույց է այն, որ Հայաստանը չի աջակցում Իրանի իրավակարգի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները, եւ ընդգծվում է վտանգավոր միտում. Հայաստանում հարմար է սեւ փողերի լվացումը ահաբեկչությունը ֆինանսավորելու համար: Իսկ Հայաստանի դիրքը հարմար է ռուս-իրանական գազային ընդհանուր նախագծեր իրականացնելու համար: Առհասարակ, ինչպե՞ս է նայվում Հայաստանի մասնակցությունը ԱՄՆ-ի նախաձեռնած` ահաբեկչության դեմ պայքարի միջազգային գործողություններին: Հայաստանը իր աջակցությունն է ցուցաբերել ԱՄՆ-ին, մասնավորապես զորակցել է Իրաքում խաղաղապահ գործողություններին, Հայաստանում ԱՄՆ-ի հաստատություններին: Բացի այդ` Հայաստանը միացել է միջուկային ահաբեկչության դեմ պայքարի համընդհանուր նախաձեռնությանը: Հուլիսին Հայաստանի կառավարությունը հաջողությամբ է «ադապտացվել» երկակի նշանակություն ունեցող ապրանքների ազգային հսկողության ցուցակին: Սեպտեմբերին ՄԱԿ-ի տեսուչները այցելել են Հայաստան` առաջընթացը հետազոտելու նպատակով: Մինչդեռ` ԱՄՆ-ի ֆինանսական հետազոտությունների կենտրոնը ուսումնասիրություններ է կատարել Հայաստանի Կենտրոնական բանկում գումարների լվացման առնչությամբ եւ միայն 9 ամիսների ընթացքում գրանցել է 24 ծանուցում` կասկածելի գործարքների վերաբերյալ, եւ այս առումով Հայաստանի Կենտրոնական բանկը խոցելի է համարել ահաբեկչական գործողությունների գծակարգի ֆինանսավորման առումով: Միացյալ Նահանգներին մտահոգում է Իրանի հետ Հայաստանի խորացվող համագործակցությունը, որի վկայությունը աշնանը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի եւ պաշտպանության նախարար Նաջարի այցն էր Հայաստան: Եվ ոչ միայն... Եթե Ռուսաստանը գազ է մատակարարում Եվրոպային, ապա Իրանը մտադիր է գազ արտահանել Արեւելք: Սա կարող է խափանել Եվրոպայի մատակարարման դիվերսիֆիկացման ծրագրերը: Կենտրոնական Ասիայում խորապատկերը լրացնում են Իրան-Թուրքմենստան, Իրան-Տաջիկստան փոխհարաբերությունները: Աշգաբադը համատեղ ծրագրեր ունի Աստանայի հետ` Չինաստանի գազամուղի եւ Իրանի երկաթուղային ճանապարհների խնդիրներում: Մասնավորապես` հոկտեմբերին Թեհրանում «Հյուսիս-Հարավ» երկաթուղային ճանապարհների շինարարության շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել. ի դեպ, Իրանի մասնակցությամբ` Եվրոպայից Պարսից ծոցի երկրների նավահանգիստներ ճանապարհը կրճատվում է 600 կմ-ով: Թուրքմենստանը մասնակցում է ռուսական` Մերձկասպյան նախագծի արդիականացմանը: Իրանական խողովակատարը նախապես սահմանափակ հզորությամբ է հաշվարկված: Հավանաբար Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը դեմ չէ Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան գազամուղի շինարարությանը: Ղազախստանի «Դելովայա նեդելյա» պարբերականը տեղեկացնում է, որ թուրքմենները պատրաստ են իրենց տարածքում զինվորական նախապատրաստական ճամբարներ բացել ՆԱՏՕ-ի խաղաղապահների համար: Այս կերպ Հյուսիսատլանտյան դաշինքի դիրքերը ամրակայվում են Իրանի սահմանների մոտ: Սա Մոսկվայի համար տագնապալի ազդանշան է: Ընդգծենք, որ մերձկասպյան երկրներից դեռ ոչ ոք իր տարածքը չի առաջարկել ՆԱՏՕ-ի հենակայանների համար: Իսկ Տաջիկստանը Իրանի համար կարեւորվում է այն իմաստով, որ չի թաքցնում, թե կաջակցի Շանհայի համագործակցության կազմակերպություն Իրանի դիմումին: Մարտին Տաջիկստանի, Իրանի եւ Աֆղանստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները որոշում են ընդունել միասնական էներգետիկ համակարգ ստեղծելու մասին: Այս համակարգում կընդգրկվի նաեւ Պակիստանը: Իրանը իր հերթին Տաջիկստանին կօգնի կառուցել հիդրոէլեկտրակայանների ցանց, սակայն Իրանն ընդգրկված չէ ազատ տնտեսական գոտու ստեղծման համար ավտոմոբիլային ճանապարհների եւ երկաթուղիների շինարարության մեջ: Իրանի տնտեսական ներկայությունը Տաջիկստանում բավական բուռն է նայվում այս տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայության խորապատկերում: Տաջիկստանի վիճակագրության հարցերով պետկոմիտեի տվյալներով` Իրանի հետ ապրանքաշրջանառությունը վերջին եռամսյակում 4 անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նույնօրինակ ցուցանիշը: Շանհայի համագործակցության կազմակերպության հերթական գագաթնաժողովը կանցկացվի այս տարվա աշնանը Դուշանբեում, եւ կստեղծվի Տաջիկստան-Իրան-Աֆղանստան միությունը: Փորձագետ Ռաշիդ Հան Աբդուլի կարծիքով` դեպի Ռուսաստան ավանդաբար կողմնորոշված Տաջիկստանը աստիճանաբար սկսում է փոխել արտաքին քաղաքականության վեկտորը դեպի Իրան: Եթե Իրանին հաջողվի իրականացնել իր ծրագիրը, ապա կամրապնդի իր դիրքերը Կենտրոնական Ասիայում եւ լրջորեն կպաշտպանվի ԱՄՆ-ի հնարավոր ագրեսիայից: Կենտրոնական Ասիայում Ուզբեկստանը պաշտպանում է Պակիստանի շահերը: Չինաստանը խիստ կախված է Իրանի ածխաջրածիններից: Ղազախստանը երկբայում է. մի կողմից` լավ հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, մյուս կողմից` չի կամենում վիճել ԱՄՆ-ի հետ: Մեծ քաղաքականության չափումներում, վերջին հաշվով, կարեւորը տարածաշրջանային անվտանգությունն է. մերձկասպյան տարածաշրջանում Իրանը ջանում է համագործակցել Ղազախստանի, ռուսական «Գազպրոմ»-ի եւ «ԼՈՒԿՕՅԼ»-ի հետ: ՆԱՏՕ-ի ընդլայնումը այս տարածաշրջանում կհանգեցնի Մոսկվայի եւ Թեհրանի նաեւ ռազմական համագործակցության:

Արխիվ
Վերլուծական

Պարենային ճգնաժամը կառավարությունների գործունեության հետեւանք է

Սննդամթերքի թանկացումը, համաշխարհային գործընթաց լինելով հանդերձ, առանձնապես ծանր հետեւանքներ է առաջացնելու...

Քաղաքական

Արամ Աբրահամյան. «Ես միանգամայն բավարարված եմ»

-Պարոն Աբրահամյան, Դուք գո՞հ եք Սյունիքի մարզպետի վերաբերյալ ծառայողական քննության արդյունքներից...

Աշխարհ

Մարտի 1. հարցեր, որոնք պատասխաններ են

Չստանալով անցած շաբաթ ՀՀ իշխանություններին ուղղված հարցերիս պատասխանը` կցանկանայի մի քանիսով...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.