“Zhamanak” Armenian-American Political Daily

Այսօր Երկրապահի օրն է

13:38 Yerevan | 9:38 GMT | Thursday 8 May 2008

Կարինե Հարությունյան

Շուշի: Արցախյան ազատամարտի հաղթանակների հաղթանակը:

Շուշին ո՞վ է ազատագրել...

Այսօրվա օրը ունեցանք ՀՀ հիմնադիր եւ առաջին նախագահ, այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանի, հերոսացած զոհվածների ու ողջերի շնորհիվ: Այդ հաղթանակին իրենց մեծ ներդրումն են ունեցել նաեւ նրանք, ովքեր այսօր ձերբակալված են: Ժիրայրը, Սասունը, Մյասնիկն ու Հակոբը, Ալիկն ու Վարդանը... Մյուսները: Բոլորին չես թվի: Ամեն մեկը նրանցից իր տեղում պայքարել է: Արցախի ազատագրման համար: Որպեսզի որոշ ապերախտներ գան, պաշտոնի տիրանան ու մինչեւ վերջին բջիջը կռիվ տված հերոսի մասին ասեն` նա ի՞նչ արժանիքներ ունի: Որպեսզի որոշ հայատյացներ սպանդ կազմակերպեն հանուն Արցախի ազատագրման հոգեւոր, նյութական ու բարոյական զրկանքներ կրած ժողովրդի նկատմամբ: Որպեսզի որոշ խամաճիկներ իրենց երկրի տեր ու տնօրեն երեւակայեն ու ազգակործան գործունեություն ծավալեն:

Այսօրվա տոնը մերն է: Այս երկիրն էլ մերն է: Երեւանն` իր Ազատության հրապարակով, Հյուսիսային պողոտայով, Մատենադարանով, բոլոր փողոցներով ու պուրակներով: Վանատուրն ու Թալինն էլ: Գյումրին ու Ապարանն էլ: Երկրի բոլոր քաղաքներն ու գյուղերը: Բոլոր դատարաններն էլ: Մերն են: Մեր բոլոր հաղթանակները` 88-ից այս կողմ, ինչպես դրան նախորդած հազարամյակների պատմությունը: Ու որեւէ ծախվածի-ստրուկի-կատարածուի հեքիաթները միայն իրենց տերերի սիրտը հովացնելու համար են: Անհույս մխիթարություն պատմություն սարքողների, պատմություն թխողների համար: Պատմությունը մեկն է:

Իսկ պատմության տերերի մի մասը երեկ Վանատուրում իր Ազատության հրապարակում հիշում էր անցած-գնացած օրերը. երբ մայրը որդուն էր սպասում, երբ կինը ամուսնուն էր սպասում, երբ երեխան հորն էր սպասում:

...Վանատուրում ջոկատ կազմավորվեց: Սասուն Միքայելյանի հրամանատարությամբ «Սասուն» անվանված այդ ջոկատը բազմաթիվ հաղթական մարտեր արձանագրեց իր հաշվին: Զոհեր ունեցան, վիրավորներ, հաշմված ազատամարտիկներ` ի դեմս Արշավիր Բոզինյանի եւ էլի շատերի: Վանատուրցին երեկ եւ ուրախ էր, եւ տխուր, եւ...զայրացած: Իր հաղթանակի օրն է այսօր: Իր հերոսներն ու երկրի անկախության մարտիկները հանիրավի ձերբակալված են: Իրենք մինչեւ վերջ կանգնելու են նրանց ազատելու համար: Ու վանատուրցիները եւ Սասուն Միքայելյանի կինը մի շնորհավորական ուղերձ էին պատրաստել` Սասունին եւ մյուսներին ուղղված: Ահավասիկ` ամբողջությամբ.

«Այսօրվա պես հիշում եմ: Առավոտ էր: Լսեցինք բարի լուրը. հայոց արծիվները գրավել են Շուշին: Ավետիս էր, ու ցնծում էր հայոց աշխարհը: Երեկոյան այդ ցնծության պահին հասավ մեկ ուրիշ լուր. Սասունին բերում են, ծանր վիրավորվել է...Փառք Աստծո...վիրավորվել էր:

Հիմա, տարիների հեռվից երբ հիշում եմ այդ օրերը, հասկանում եմ, որ մայիսի 9-ը վիրավորվելուդ օրը չէր, այլ ծննդյանդ: Թեպետ բեկորներով ու վերքերով էր պատված մարմինդ, սակայն արծվացած էր հայացքդ. դու այդ օրը ծնվեցիր որպես հերոս:

...Մեր պատմության ամենապանծալի հաղթանակներից է Շուշին, ու մենք բոլորս հպարտ ենք, որ դու մասն ես այդ հաղթանակի: Չէ՞ որ նաեւ քեզ ու քո ջոկատին էր վստահվել Շուշին վերջնականապես հայացնելու հարցը:

Սասուն, քո ժողովուրդը, քո մարտական ընկերները, քո վանատուրցին հպարտ են այսօր, հպարտ են ու հաղթանակած:

Իսկ փաստը, որ հիմա զնդանում ես փակված ու այսօր քո մարտական ընկերների ու ժողովրդի հետ չես` թող ծանրանա այս իշխանության` արյուններից ու մեղքերից առանց այդ էլ արդեն ծանրացած խղճին:

Շնորհավոր տոնդ, հազարապատիկ հերոսացած հայորդի: Բյուր շնորհավորանքներ քո ժողովրդից, քո վանատուրցուց: Ամուր է ընտանիքդ, ամուր ենք բոլորս ու քո երգն ենք հնչեցնելու այսօր տոնիդ առթիվ:

Վանատուրցիները շնորհավորում են ոչ միայն քեզ, այլեւ բոլոր ազատամարտիկներին` հաղթանակի օրվա առթիվ: Զոհված ու ողջ բոլոր ազատամարտիկների արյան գնով ձեռք բերված հաղթանակի իրողության մեջ ենք այսօր ապրում ու դրա համար պարտական ենք նրանցից յուրաքանչյուրին»:

Պատմությունը մեկն է: Բաներ կան, որ ջնջել հնարավոր չէ: Հերոսների թափած արյունը լվանալ հնարավոր չէ: Սպիները վերացնել հնարավոր չէ: Ոչ մարմնի, ոչ էլ, առավել եւս` հոգու: Էլ չեմ խոսում այն բազմաթիվ գրքերի, տարեգրությունների մասին, որոնցում փաստագրված են Արցախյան ազատամարտի բազմաթիվ մարտական մանրամասներ, դրվագներ, նշված են անուններ, որոնք ոչ մի մորթապաշտ, ազգուրաց, ի բնե հիշողություն չունեցող գոյություն որքան էլ վայրահաչի, չի կարող խմբագրել երկրի հիմնադիր նախագահի, Վազգենի, Ժիրայրի, Մոնթեի, Սասունի, Միշիկի (Վոժդ), Գեղազնիկի (Չաուշ) ու մյուս հազարավորների անձնազոհությունը:

...Շուշին ո՞վ է ազատագրել: Արցախն ո՞վ է ազատագրել: Հայաստանը` որպես անկախ պետականություն, ո՞վ է կայացրել:

Արխիվ
Վերլուծական

Սնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...

Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների...

Քաղաքական

Արժանապատվորեն

...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա:

Աշխարհ

Մեղադրանք

Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.