|
“Zhamanak” Armenian-American Political Daily
ԵԽ-ն այս անգամ չի ների13:26 Yerevan | 9:26 GMT | Thursday 8 May 2008Մարինե Խառատյան Մեր զրույցը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, իրավաբան Զարուհի Փոստանջյանի հետ է: -2003թ. ընտրակեղծիքների ու 2004-ի ապրիլի 12-ի հայտնի դեպքերից հետո Հայաստանի իշխանությունը հաջողացրեց մատների վրա խաղացնել ԵԽ-ին` թե իրոք կատարում է բանաձեւը, եվրոպական արժեքներ կրող երկիր ենք եւ այլն, թեեւ որեւէ ընտրակեղծարար չպատժվեց: Այս անգամ եւս կհաջողվի՞ խաղը: - Կարծում եմ` ոչ, որովհետեւ այս անգամվա բանաձեւը բավական հստակ մատնանշում է, թե ինչ քայլեր պետք է անի ՀՀ իշխանությունը: ՀՀ-ն, որը շեղվել է ժողովրդավարական ուղուց, պետք է վերականգնի իր քաղաքական վարկանիշն ու բարի համբավը, թե ՀՀ քաղաքացիների, թե միջազգային հանրության առջեւ: 2000թ.-ին դառնալով ԵԽ անդամ, 2002-ից ստորագրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, դրանից բխող բավական օրենսդրական բարեփոխումներ են իրականացել: Սակայն քաղաքական համակարգը, որն այժմ գործում է, չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, համահունչ չի գործում, եւ դա էր հիմնական պատճառը, որ տեղի ունեցավ նման ճգնաժամ: 2004-ին նույնպես, երբ ՀՀ քաղաքացիները չէին համակերպվում կեղծված ընտրություններին եւ փորձում էին իրացնել ազատ հավաքի իրենց իրավունքը, բողոքի ձայն բարձրացնել, ենթարկվեցին բռնությունների, եւ ինչպես հիշում եք` հանրահավաքը 2004թ. ապրիլի 12-ին բռնի կերպով ցրվեց, բայց ցավոք հետագայում այն հայցերը, որոնք պետք է ուղարկվեին Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ այդ հայցերի հիման վրա որոշումներ կայացվեին, չուղարկվեցին: Այսօր իրավիճակը այլ է: Ընտրություններից հետո խաղաղ ցույցերը, որոնք տեւեցին գրեթե 10 օր, բռնի ուժով ցրվեցին, ցուցարարաների դեմ ուժ կիրառվեց Ազատության հրապարակում, որից հետո արդեն մարտի 1-ի լույս 2-ի գիշերը զոհեր եղան: Երեւան քաղաքում հայտարարվեց արտակարգ դրություն: Մենք դառնալով ԵԽ անդամ, ստորագրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան` նաեւ ստանձնել ենք պարտավորություն. երբ ՀՀ իշխանությունները մտցնում են արտակարգ դրություն, ապա պարտավոր են արտակարգ դրություն մտցնելու վերաբերյալ համապատասխան ծանուցում ուղարկել ԵԽ քարտուղարին, ինչը եւս չարվեց: Հրամանագրով, փաստորեն, սահմանափակվեցին քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ազատությունները` ազատ տեղաշարժի իրավունքը, խաղաղ երթեր, ցույցեր անցկացնելու իրավունքը, գրաքննություն էր սահմանվել լրատվամիջոցների վրա: Բացի դրանից` նաեւ հրամանագրից շեղված գործողություններ իրականացվեցին ԱԱԾ կողմից, որով 20 օր արգելվեց մի շարք լրատվամիջոցների հրապարակումն ու «Ազատության» հեռարձակումը: Այդ ժամանակահատվածում Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքները վիճակելու հայցի վերաբերյալ որոշում ընդունեց, որը չբավարարեց ՀՀ լայն հասարակայնությանը: Այսօր ԵԽԽՎ բանաձեւում գրված է, որ Սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունել որպես դատարանի որոշում, բայց, այնուամենայնիվ, չհամակերպվել այդ որոշման հետ եւ որոշումը բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Սա, կարծում եմ, եւս առաջընթաց է, որ ունենք այսօր: Բանաձեւի մեջ նշված է, որ ՀՀ դատական համակարգին քաղաքացիները չեն վստահում, այս ատյանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, մեզ հնարավորություն է տալիս պաշտպանել մարդու իրավունքները: Եթե մի քանի գործ գնա եվրոպական դատարան եւ այդ գործերի վերաբերյալ դատարանն արդեն որոշում կայացնի, մնացած դեպքերի համար դա կդառնա նախադեպ եւ հիմք է ծառայելու, որ սկսվեն դատավարություններ` ընդդեմ ՀՀ իշխանությունների: - Այսօր տարբեր մտավորականներ, քաղաքագետներ խոսում են ՀՀ ներքաղաքական խնդիրներում արտաքին ազդեցությունների մասին: Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը, Եվրոպայի միջամտությանը սպասելը, Ձեր կարծիքով, չի՞ ներկայացվի որպես արտաքին ուժերի ազդեցության փորձ: - Գիտեք, երբ մենք որոշում էինք դառնալ ԵԽ անդամ, համաձայնում էինք լինել քաղաքակիրթ երկիր եւ քաղաքակիրթ ղեկավարում ապահովել մեր պետության մեջ: Դա եղել է հայ ժողովրդի ցանկությունը` ունենալ նման երկիր, որտեղ մարդու իրավունքները կպաշտպանվեն, որտեղ մարդն ու նրա արժանապատվությունը հռչակված կլինեն որպես գերագույն արժեք, ոչ թե այլ մեկնաբանություններ կլինեն: Մենք որոշել ենք, որ ուզում ենք նման երկրում ապրել: Մենք մեր հայրենասիրությունը պատկերացնում ենք այդ կերպ: Եթե կան մարդիկ, որ իրենց հայրենասիրությունը պատկերացնում են, թե անձը, ում չենք ընտրում, կարող է ինքն իրեն հռչակել ինչ ուզում է եւ ասել` «ես պետք է մաքրեմ Ազատության հրապարակը», ինչպես արեց Ռոբերտ Քոչարյանը, եթե որեւէ մեկը մտածում է, որ մենք պետք է լինենք բռնապետություն եւ դրան հարմարվելն է հայրենասիրությունը, ես այդ մարդկանց հետ համամիտ չեն: Մենք փոքր երկիր ենք, եւ մեր միակ հարստությունը մարդն է եւ մարդկային ռեսուրսը: Ապամարդկային արժեքներ դավանելով` մենք դարձանք երկիր, որտեղից մարդիկ ցանկանում են փախչել: Երբ այսօր մարդն այստեղ արժեք չունի եւ հայաթափ է լինում Հայաստանը, կարծում եմ, հենց այն մարդիկ են հայրենադավները, ովքեր հայաթափում են Հայաստանը, ճնշում են մարդու իրավունքների իրացումը, մարդուն դիտում են ոչ թե որպես մարդ, գերագույն արժեք, այլ միջոց որոշակի խմբի ցանկությունները իրականացնելու: Մինչեւ մենք չհասկանանք, որ մարդն է գերագույն արժեքը, որն, այո, ունի իշխանությունից տարբեր կարծիք, բայց մարդն է մեզ մոտ գերագույն արժեքը: Եթե մենք դա չենք հասկանում, մենք ինքներս ենք հայրենադավ: - Բանաձեւի ընդունումից անցել է կես ամիս եւ ավելի, կա՞ որեւէ քայլ, որ արվել է մինչ այժմ: - Ոչ, որեւէ քայլ, պատրաստակամություն, որեւէ ռեալ գործողություն, որ կարող է տանել իրավիճակի շտկմանը, ճգնաժամից դուրս գալու միտումներ չեմ տեսնում: Միայն տեսնում եմ, որ ներկայիս իշխանությունները շարունակում են այն գործելակերպը, որն ունեցել են 10 տարիների ընթացքում: Այսօր լսում ենք, որ մարդիկ են ձերբակալվում, կալանավորվում ապօրինի, առանց որեւէ իրավական հիմքերի եւ բավական մեծ թվով անձանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում: Սա նշանակում է, որ մեր իշխանությունները գործում են եւ անգրագետ, եւ անհեռատես, նաեւ ելնում են դրույթից, թե եթե նախկինում ամեն ինչ կարողացել են մարսել, այս անգամ էլ կմարսեն: Այստեղ ամենակարեւոր հանգամանքն այն է, որ այսօր ՀՀ քաղաքացիները պայքարում են սեփական իրավունքների համար, բացի դա, պայքարում են գրագետ: Քաղաքացիները, ովքեր բերման են ենթարկվել, գտնվում են կալանքի տակ, նրանց գերակշիռ մասը պատրաստվում է հայցերով հեղեղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Մինչեւ վերջ գնալու պատրաստակամությունն այսօր ասում է այն մասին, որ այս իշխանությունները պետք է գրագետ մոտեցում ցուցաբերեն: Մինչ այս պահը կան 10 զոհեր եւ բազմաթիվ վիրավորներ, բայց իշխանական կողմից որեւէ անձ չի մեղադրվում թե սպանությունների, թե մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ: Սա նշանակում է, իշխանությունները միակողմանի հետապնդում են իրականացնում եւ որեւէ արձագանք չեն ուզում տալ մարդկանց բողոքներին, ովքեր ապօրինի հետապնդվել են: Բռնության մասին ցանկացած հայտարարություն պետք է իշխանության կողմից քննության առարկա դառնար: Քննության առարկա պետք է դառնա ոչ թե մի քանի բացատրություն վերցնելով կամ դիմումը մերժելով. պետք է խորը քննություն կատարվի եւ պարզվի` ինչպե՞ս այդ մարդը ստացավ այդ մարմնական վնասվածքը, ինչպե՞ս նրա նկատմամբ ոստիկանը ապօրինի գործողություններ կատարեց: Միջոցները պետք է լինեն համապատասխան, համահունչ եւ իրավաչափ: Որեւէ պաշտոնական պատասխան չկա, թե ով տվեց Ազատության հրապարակի խաղաղ ցուցարարներին ցրելու հրամանը: Բայց մինչ այդ Ռոբերտ Քոչարյանն ասաց` պետք է մաքրենք հրապարակը: Ումի՞ց էր մաքրում, խաղաղ ցուցարարների իրավունքը ոտնահարելով` մաքրու՞մ է հրապարակը: ՀՀ իշխանությունները շատ գռեհիկ ձեւով խախտել են մարդու իրավունքները: Երբ երկրի բարձրագույն իշխանությունը կրող անձը նման բան է ասում, սա ինձ համար բացարձակ անընդունելի է: Եթե ՀՀ իշխանությունները չիրականացնեն բանաձեւի պահանջները, ապա չեմ կարծում, որ ԵԽ-ն եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որ ԵԽ կողմից ընդունված դատարան է, այս անգամ ցանկանան ներել ՀՀ իշխանություններին, որոնք խախտել են մարդու իրավունքները` բազում առումներով: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |