“Zhamanak” Armenian-American Political Daily

Մի քանի նկատառում Սահմանադրական դատարանի որոշման առիթով-2

13:22 Yerevan | 9:22 GMT | Thursday 8 May 2008

Ա. Սարգսյան

ՀՀ Սահմանադրական դատարանում դատաքննության ընթացքում առաջադրվեց մի հարց եւս, որը պատասխանի կարիք ունի: Այդ հարցը հետեւյալն է. ՀՀ Սահմանադրության հոդված 53.1-ում ամրագրված է, որ «Ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ հանրապետության նախագահի ընտրություններ չեն անցկացվում...», հետեւաբար կարելի՞ է արտակարգ դրության պայմաններում Սահմանադրական դատարանում դատաքննություն կազմակերպել:

Այսինքն` հարցը հանգում է հետեւյալին. ի՞նչ է նշանակում ընտրություն, ե՞րբ է այն սկսվում եւ ե՞րբ է ավարտվում, Սահմանադրական դատարանում դատաքննությունը ընտրության փու՞լ է, թե՞ առհասարակ կապ չունի ընտրության հետ:

Փորձենք ինքներս մեզ համար պարզել այս հարցը, քանի որ Սահմանադրական դատարանը այս հարցը առհասարակ անտեսեց եւ իր իրավական դիրքորոշումը չարտահայտեց: Այնինչ պարտավոր էր:

Ի՞նչ է ընտրությունը: Ամեն ողջամիտ մարդ կասի, որ ընտրությունը քվե, ձայն տալն է: Բայց ի՞նչ` քվե կամ ձայն տալով ընտրությունը սկսվեց եւ ավարտվե՞ց, թե՞ անհրաժեշտ է նաեւ այն նախապատրաստել եւ ապաեւ` ամփոփել ընտրության արդյունքները: Քաղաքական առումով նոր ընտրությունը սկսվում է նախորդ ընտրության ավարտից անմիջապես հետո, այսինքն` երբ ձեւավորվում է համապատասխան իշխանություն (նախագահի կամ ներկայացուցչական մարմնի ձեւավորումը) եւ ընդդիմություն, որոնք ըստ էության իրենց գործունեությամբ սկսում են նախապատրաստվել նոր ընտրությանը: Իրավական առումով ընտրությունը սկսվում է ՀՀ նախագահի հրամանագրով, որով նշանակվում է ընտրության օրը: Բայց սա ընդամենը սկիզբն է, իսկ շարունակությունը` ընտրության ամբողջ ընթացքը փուլ առ փուլ, քայլ առ քայլ կանոնակարգվում է ՀՀ Ընտրական օրենսգրքով: Դրանց թվին է դասվում նաեւ ընտրությունների արդյունքների ամփոփումը եւ ԿԸՀ-ի համապատասխան որոշման ընդունումը: Բայց այդ որոշման ընդունմամբ ընտրությունը կարո՞ղ է համարվել ավարտված, եթե այն կարող է բողոքարկվել:

Բնականաբար որոշման բողոքարկման արդյունքում ընդունված նոր որոշումը կարող է արմատապես փոխել ԿԸՀ որոշումը: Մասնավորապես` Սահմանադրական դատարանը կարող է ընդունել որոշում, ըստ որի ընտրությունների արդյունքները ճանաչվում են անվավեր կամ նշանակել ընտրության երկրորդ փուլ եւ այլն («Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենք, հոդված 74, կետ 14): Այսքանից հետո, կարծում եմ, պարզ է, որ ընտրությունները կարող են համարվել ավարտված միայն Սահմանադրական դատարանի որոշումից հետո: Որպես ասվածի ընդհանրացում` կարող ենք պնդել, որ ընտրությունները սկսվում են ՀՀ նախագահի հրամանագրով եւ ավարտվում են Սահմանադրական դատարանի որոշմամբ, որովհետեւ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է եւ այլեւս բողոքարկման ենթակա չէ:

Այստեղից հեշտ է եզրակացնել. քանի որ Սահմանադրական դատարանի որոշումը կայացվել է արտակարգ դրության ժամանակ, ուստի ՀՀ Սահմանադրության վերը նշված դրույթի համաձայն Սահմանադրական դատարանում չէր կարող քննարկվել նախագահի ընտրությանը առնչվող որեւէ հարց:

Մի նկատառում եւս, որ առնչվում է քննարկվող հարցին: Ցանկանում ենք անդրադառնալ Սահմանադրական դատարանի եւ խոսքի ազատության փոխառնչություններին: Ուշադրության է արժանի այն դրույթը, որը տեղ է գտել թե Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, թե Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայում, թե ՀՀ Սահմանադրությունում եւ բազմաթիվ այլ իրավական բնույթ ունեցող փաստաթղթերում. դատարանի անկախության սկզբունքի հետ մեկտեղ, կարեւորվում է նաեւ հրապարակային դատաքննությունը: Ինչու՞: Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հասկանալ ոչ միայն խնդրի զուտ իրավական, այլեւ այդ հարցի հասարակական նշանակությունը: Այստեղ ստիպված ենք մատնանշել, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն դռնբաց դատաքննությանը, որին կարող է ներկա գտնվել ցանկացած մարդ եւ նաեւ լրագրողներ ու այլեւայլ մասնագետներ (ասենք` իրավագետներ, սոցիոլոգներ, հոգեբաններ, որոնք ամեն ինչ գնահատում են մասնագիտական մակարդակում), այլեւ որ ներկաները կարող են իրենց կարծիքը, տեսակետը, ընկալումները, տրամադրությունները արտահայտել զանգվածային լրատվամիջոցներում եւ մասնագիտական ամսագրերում: Այս ամենը հնարավորություն է տալիս սահմանել իրատեսական հասարակական վերահսկողություն, առանց որի չի կարող լինել ժողովրդավարական հասարակություն: Այդպիսի քաղաքացիական վերահսկողության պայմաններում իրեն հարգող որեւէ իսկապես անկախ դատարան, որեւէ անաչառ դատավոր թույլ չի տա «մոռացության տալ», անտեսել դատաքննության ընթացքում բացահայտված որեւէ մանրամասն, որեւէ «մանր» ապացույց, կարճ ասած` «ծածկադմփոց» անել եւ ընդունել կամայական, փաստերով չհիմնավորված որոշում: Եթե ասվածի հետ համաձայն եք, ապա ակնհայտ է հետեւյալ եզրակացությունը. առանց խոսքի ազատության դատարանը չի կարող կայացնել արդար որոշում: Ահա թե ինչու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջներից մեկը վերաբերում է հրապարակայնությանը, որը համարվում է դատարանում գործերի քննության հիմնական հինգ սկզբունքներից մեկը` դատարանի անկախության եւ այլ սկզբունքների հետ մեկտեղ (հոդված 5):

Իհարկե, եթե դիմենք Սահմանադրական դատարանի նախագահին, թե ինչու չի ապահովել հրապարակայնությունը, ապա բանեցնելով դեմագոգիայի բոլոր հնարքները` կպատասխանի, որ վերը հիշատակված օրենքի 22-րդ հոդվածով սահմանված բոլոր պահանջները կատարված են, եւ դա իրոք համապատասխանում է իրականությանը: Սակայն կա մի էական հանգամանք. դատարանի դռնբաց նիստում ներկա քաղաքացիները, մի քանի տասնյակ լրագրողները չէին կարող իրենց վերաբերմունքն արտահայտել լրատվամիջոցներով, որոհետեւՀՀ նախագահի` «Արտակարգ դրություն սահմանելու մասին» հրամանագրով այդ հնարավորությունը բացառվում էր: Այսինքն` չկա եւ չի կարող ապահովվել արդար դատավարություն` առանց հասարակության մասնակցության: Սա նույնպես անբաժանելի է ժողովրդավարությունից:

Ի դեպ, նշենք, որ այստեղ խոսքը չի գնում արտակարգ դրության մասին առհասարակ, քանի որ արտակարգ դրություն կարող է ստեղծվել, ասենք, տարերային աղետների դեպքում, այլ խոսքը վերաբերում է այնպիսի արտակարգ դրությանը, որի ժամանակ սահմանափակվում է խոսքի ազատությունը: Հետեւաբար եզրակացությունը միակն է. արտակարգ դրության առկայության պայմաններում, երբ սահմանափակված է խոսքի ազատությունը եւ կատարելապես բացակայում է հրապարակայնությունը, որեւէ դատարան, այդ թվում` ՀՀ Սահմանադրական դատարանը, իրավունք չունի որեւէ հարց (ցանկացած հարց), այդ թվում` ընտրությունների վերաբերյալ վեճեր քննելու:

Արդյոք խոսքի ազատության կատարյալ սահմանափակումը եւ հրապարակայնության բացակայությունը չէ՞ պատճառը, որ Սահմանադրական դատարանի որոշման մեջ անպատասխան են մնացել դիմողի վերը հիշատակված հարցադրումները եւ Սահմանադրական դատարանի որոշումը դարձրել են խայտառակ որոշում:

Ավելացնենք նաեւ, որ արտակարգ դրության առկայությունը ինքնին հզոր ճնշում է դատարանի ու դատավորների վրա, եւ խոսել դատարանի անկախության մասին պարզապես անհեթեթություն է: Այդպես չէ՞, պարոնայք երդվյալ ատենակալներ...

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.