“Zhamanak” Armenian-American Political Daily

Թոշակ, թոշակ... թոշակդ կստանաս

13:19 Yerevan | 9:19 GMT | Thursday 8 May 2008

Արամ Ամատունի

Ով կմտածեր, որ գալու է մի ժամանակ, երբ երկնիշ ու դինամիկ աճ ազդարարող նախագահ Ռ.Քոչարյանի համար փաստացի «դամ» պահողի դեր կատարող ազգային վիճակագրությունը նրան դնելու է խիստ անհարմար վիճակի մեջ:

Իսկ այդ բանը տեղի ունեցավ, երբ օրերս պաշտոնական վիճակագրությունը հրապարակեց մի տվյալ, որը վերաբերում էր տարվա առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվին: Այդ տվյալի համաձայն` 2008 թվականի առաջին եռամսյակում զբոսաշրջիկների թիվը աճել է 15, 1 տոկոսով, այսինքն` եղել է ավելին, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Առաջին եռամսյակը հունվար, փետրվար եւ մարտ ամիսներն են: Ինչու՞ ենք դա ընդգծում: Ոչ միայն այն պատճառով, որ պաշտոնական վիճակագրությունը երեւի թե այդ ժամանակահատվածում որպես զբոսաշրջիկ է հաշվել նաեւ միջազգային դիտորդներին, որոնք եկել էին Հայաստանի նախագահական ընտրությունները դիտարկելու: Ընդ որում` սա իշխանության կողմից կլինի չափազանց ազնիվ քայլ, քանի որ իսկապես, ինչպես միջազգային դիտորդների եզրակացությունները ցույց տվեցին, նրանք Հայաստան եկել էին հենց ավելի շատ զբոսաշրջելու, քան ընտրություններ դիտարկելու նպատակով: Այնպես որ, սա էլ, այսինքն` ազգային վիճակագրության տվյալները, կարելի է համարել որպես իշխանության քաղաքական գնահատականը միջազգային դիտորդների աշխատանքին: Այսինքն` դուք զբոսաշրջիկ եք, ինչ դիտորդ: Սակայն տարվա առաջին եռամսյակի ամիսներն ընդգծում ենք նաեւ այլ պատճառով: Այդ ամիսներին Հայաստանում քաղաքական կրքերը խիստ թեժացել էին եւ նախընտրական զարգացումները հասել էին իրենց գագաթնակետին ու վերածվել ետընտրական համաժողովրդական պայքարի: Բանն այն է, որ երբ իշխանությունն ուժ կիրառեց ժողովրդի դեմ ու հայտարարեց արտակարգ դրություն, որպես իր քայլերի արդարացում, ի թիվս բոմժերի, թմրամոլների եւ խուլիգանների մասին իշխանական քարոզչության, իշխանությունը Ռ.Քոչարյանի շուրթերով ներկայացրեց նաեւ զբոսաշրջությանը վերաբերող մի փաստարկ, որպեսզի չգիտես ում ցույց տա, թե ինչ մեծ վնասներ են հասցվել երկրին տնտեսության ասպարեզում: Տրամաբանությունը հուշում է, որ այդ ամենը ցույց էր տրվում ժողովրդին, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ օրերին ժողովուրդը հեռուստացույց չէր նայում` թե առողջություն խնայելու համար, թե հասկանալով, որ հեռուստատեսությունը այդ օրերին նույնիսկ եղանակի տեսության ժամանակ գուցե չասի այն, ինչ կա իրականում: Բայց քանի որ կան մարդիկ, որոնք մասնագիտության բերումով նաեւ ստիպված են հետեւել հեռուստատեսային լրատվական թողարկումներին, ինչպես օրինակ` լրագրողները, ապա հայտնի դարձավ, թե ինչպես է հեռուստատեսությամբ, այն ժամանակ դեռ գործող նախագահ Քոչարյանը հայտարարել, որ ընդդիմության ետընտրական պայքարը զգալիորեն հարվածել է մեր տնտեսության գերակա ճյուղ համարվող զբոսաշրջությանը: Ռ.Քոչարյանը նույնիսկ նշեց, որ ինքը տեղյակ է, որ շատ զբոսաշրջային փաթեթներ ուղղակի ետ են տրվել: Ինչ-որ տեղ այդ «թեզը» բնական է, քանի որ հայտնի է` զբոսաշրջիկները ձեռնպահ կմնան այցելել այն երկրներ, ուր քաղաքական կրքերը թեժանում են, իշխանության ու ընդդիմության դիմակայությունը սրվում է, տեղի են ունենում տեւական բազմահազարանոց ցույցեր: Թեեւ մյուս կողմից` դա էլ կարող է գրավել էքստրեմալ տուրիզմի սիրահարներին: Բայց ամեն դեպքում Ռ.Քոչարյանի առաջ քաշած փաստարկը իսկապես կարող էր ունենալ ռացիոնալ հիմք: Եվ թերեւս դա ռացիոնալության, առողջ տրամաբանության հատիկներ պարունակող իշխանական միակ խոսքն էր, որ այդ օրերի իրադարձությունների մասին հնչում էր այդ ժամանակահատվածում: Բայց արի ու տես, որ իշխանական մտքի ռացիոնալության այդ «օազիսի» գոյությունը կասկածի տակ է առնում հենց նույն իշխանական վիճակագրությունը` Ռ.Քոչարյանի հեռանալուց օրեր անց հայտարարելով, որ 2008 թվականի առաջին երեք ամիսներին ավելացել է Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը: Ստացվում է, որ կամ Ռ.Քոչարյանն է խաբել հասարակությանը, կամ ազգային վիճակագրական ծառայությունն է հասարակությանը խաբում: Միգուցե երկուսն էլ խաբում են, պարզապես ամեն մեկը իր ժամանակին, ըստ պահի հրամայականի: Այսինքն` Ռ.Քոչարյանին այն ժամանակ պետք էր արտակարգ ռեժիմով խաբել, որպեսզի ցույց տար, թե ինչ մեծ վնասներ է տնտեսությանը պատճառել ընդդիմության ու ժողովրդի ետընտրական պայքարը, իսկ հիմա, երբ այդ ամենն արդեն անցել է, ապա կարելի է վերադառնալ ստի սովորական, առօրեական ռեժիմին եւ խաբել` ցույց տալով, թե ինչ անկասելի աճեր են տեղի ունենում մեր երկրում նույնիսկ այն ժամանակ, երբ ընդդիմությունը փորձում է ապակայունացնել իրավիճակը: Առաջին հայացքից սա եւս մեկ անգամ վկայում է Հայաստանի իշխանական համակարգի անմեղսունակ բնույթի մասին, երբ կորած է գործողությունների պատճառահետեւանքային կապը, եւ ամեն պահի ասվում է այն, ինչ հարմար է տվյալ իրավիճակում` առանց անգամ մտածելու, թե նախորդ պահին ինչ է ասվել կամ արվել, եւ առանց անգամ հաշվարկելու, թե հաջորդ պահին ինչ անելու կամ ասելու անհրաժեշտությունն է ավելի հավանական: Սակայն շատ հնարավոր է, որ մենք գործ ունենք նաեւ մեկ այլ խնդրի հետ, որն առնչվում է ներիշխանական հարաբերություններին եւ խնդիրներին, որ առաջ են եկել Ռ.Քոչարյանի պաշտոնաթողությունից հետո: Չափազանց նկատելի է այն, որ առայժմ, իհարկե ոչ ուղղակի, սակայն ակնհայտորեն ներկայիս նախագահ Ս.Սարգսյանի շրջապատը փորձում է «տակառներ» գլորել Ռ.Քոչարյանի իշխանության ժամանակահատվածի վրա: Հասկանալի է, որ Ս.Սարգսյանն էլ դրանով ընդամենը պահի խնդիր է լուծում, քանի որ անհնար է պաշտոնավարման ամբողջ ընթացքում հասարակության ուշադրությունը առկա խնդիրներից շեղել նախորդ պաշտոնավարողին սեւացնելու միջոցով: Ռ.Քոչարյանն էլ փորձում էր նույն բանը` ամենից սարսափելի մեղքերն ու հանցանքները վերագրելով Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ընդ որում` Ռ.Քոչարյանը դա անում էր ուղղակիորեն, առանց քաշվելու, դիմելով անգամ ակնհայտ մանիպուլյացիաների եւ ստերի: Բայց դա էլ նրան չօգնեց, կամ եթե այդ մարտավարությունն արդարացրեց իրեն, ապա միայն նրա նախագահության առաջին մի քանի ամիսներին: Սակայն պարզ է նաեւ, որ քաղաքականապես սնանկ իշխանություններն այլ բան չեն ունենում անելու, քան ամեն ինչ իրենց նախորդների վրա բարդելը: Այդ իմաստով, իհարկե, Ռ.Քոչարյանի բախտը բերել էր, քանի որ նա Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ բացահայտ առճակատման գնաց եւ իրեն կարող էր թույլ տալ նրան սեւացնել ամբողջ թափով ու առանց քաշվելու` ամեն մի թերություն բարդելով առաջին նախագահի կառավարման տարիների վրա: Ս.Սարգսյանն այդ իմաստով շղթայակապ է, քանի որ նա Ռ.Քոչարյանից ժառանգել է իշխանությունը, այսինքն` եղել է նրա «սիրելի որդին», հետեւաբար Քոչարյանին բացահայտ սեւացնելը նրան ոչ թե օգուտ կբերի, այլ վնաս, քանի որ կդիտվի որպես երախտամոռություն: Այնպես որ, մնում է սեւացնելու խնդիրը լուծելու ստվերային տարբերակների կիրառումը, ինչպես օրինակ` վիճակագրական ծառայության տվյալներով մանր հարվածներ հասցնելը: Դրանց նրբությունն այն է, որ թեեւ հարվածն ինքնին շոշափելի եւ զգալի չէ, սակայն նաեւ չափազանց դժվար է դրանց պատասխանելը: Ինչ պետք է անի Ռ.Քոչարյանը: Հո չի հայտարարելու, որ պաշտոնական վիճակագրությունը ստում է:

Արխիվ
Վերլուծական

Սնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...

Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների...

Քաղաքական

Արժանապատվորեն

...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա:

Աշխարհ

Մեղադրանք

Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.