|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Նոր ռաունդի սկի՞զբ, թե՞ նախորդ 10-ամյակի շարունակություն13:18 Yerevan | 9:18 GMT | Thursday 8 May 2008Էմմա Գաբրիելյան Կկայանա՞ն, արդյոք, բանակցություններ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով... Ամենայն հավանականությամբ առաջիկա ամիսներին ԵԱՀԿ Մինսկի խմբին կհաջողվի կազմակերպել Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը: Նման հանդիպման անցկացումը պետք է նկատել, որ անհրաժեշտ է թե բանակցող կողմերին, թե միջնորդներին: ԵԱՀԿ Մինսկի խմբին դա հարկավոր է վերջին ամիսներին պաշտոնական Բաքվի ջանքերի շնորհիվ բանակցային գործընթացի շուրջ ձեւավորված անարդյունավետության մասին հավաստիացումները ցրելու եւ բանակցային գործող ֆորմատը պահպանելու համար: Այս տարվա հոկտեմբերին կայանալիք Ադրբեջանի նախագահական ընտրությունների ֆոնին Իլհամ Ալիեւին նույնպես նման հանդիպման անցկացումը անհրաժեշտ է` սեփական ժողովրդին ի ցույց դնելու վերջին տարիներին բանակցային գործընթացում Բաքվի դիրքերի ամրապնդման, միջազգային տարբեր կառույցներում (օրինակ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի հավանությանը արժանացավ «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը) ԼՂ հակամարտությունը Ադրբեջանի օգտին կարգավորելու ուղղությամբ կատարված աշխատանքները ներկայացնելու եւ ԵԱՀԿ ՄԽ-ից եւս նման վերաբերմունք ակնկալելու նպատակով: Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքում լեգիտիմության լուրջ պակաս ունեցող Ս.Սարգսյանի համար նույնպես նման հանդիպմանը մասնակցելը անհրաժեշտություն է: Սակայն Ս.Սարգսյանին այդ հանդիպումը հարկավոր է ոչ թե հայկական կողմի համար նպաստավոր լուծում ստանալու համար (եթե անգամ կա նման ձգտում եւ կա նման հնարավորություն), այլ, ընդամենը, իր կասկածելի ու խոցելի լեգիտիմությունը գոնե միջազգային հանրության աչքին փոքր-ինչ փրկելու համար: Սակայն պետք է նաեւ նշել, որ Ս.Սարգսյան-Ի.Ալիեւ հանդիպում կկայանա այն դեպքում, եթե նման ցանկություն ունենա Ադրբեջանի նախագահը (Ի.Ալիեւը նման հանդիպման կազմակերպումը, հակառակ Ս.Սարգսյանի ցանկության, արդեն հասցրել է մեկ անգամ տապալել): Այսինքն` խնդիրն այն է, որ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային նոր ռաունդի մեկնարկն ի սկզբանե լինելու է հայկական կողմի` թույլ, պաշտոնական Բաքվի` խաղի կանոնները թելադրողի ուժերի հարաբերակցության առկայության պայմաններում: ԵԽ նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանի շրջանակներում Ստրասբուրգում մայիսի 6-ի ուշ երեկոյան ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում կայացավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը, ինչին հետեւել է ընդլայնված հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի ներկայությամբ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` հանդիպումից հետո Է.Նալբանդյանը լրագրողներին հայտնել է, որ նախարարների հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ, երկու նախարարները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ, ներկայացրել են իրենց երկրների մոտեցումները եւ պայմանավորվել են շարունակել բանակցությունները: Երկու պետությունների ԱԳ նախարարները պետք է Ս.Սարգսյանին եւ Ի.Ալիեւին ներկայացնեն քննարկման արդյունքները, եւ նրանց կողմից կընդունվեն որոշումներ հետագա անելիքների վերաբերյալ: Մինչ արտգործնախարարների հանդիպումը Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում ԱԳ նախարարները առանձին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Հայաստանի արտգործնախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ հանդիպման առիթով ՀՀ արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը փոխանցել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համանախագահների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա բանակցությունների շարունակման հետ կապված հարցեր: Է.Նալբանդյանը, բարձր գնահատելով մինչ օրս համանախագահների գործունեությունը եւ գործադրած ջանքերը, հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու բանակցությունները լուծումներ գտնելու համար: Ադրբեջանական գործակալությունների փոխանցմամբ` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ կայացած հանդիպման առիթով Էլմար Մամեդյարովը նկատել է, թե դա կառուցողական հանդիպում էր, քննարկման առարկա է դարձել երկու պետությունների ղեկավարների հանդիպման հնարավորությունը, եւ ըստ Ադրբեջանի արտգործնախարարի` առկա են նման հանդիպման կազմակերպման մի քանի տարբերակներ. «Քննարկվում է այս տարվա հունիսին հանդիպում կազմակերպելու տարբերակը: Մենք տեղյակ կպահենք ղեկավարներին մեր հանդիպման արդյունքների մասին, նրանք հանդիպելու վերաբերյալ որոշում կկայացնեն արդեն իրենց մակարդակով», - նշել է Ադրբեջանի արտգործնախարարը` հավելելով, որ եթե բանակցող երկրների ղեկավարները անհրաժեշտություն գտնեն կազմակերպելու արտգործնախարարների եւս մեկ հանդիպում, ապա նման հանդիպում կարող է կայանալ: Է.Մամեդյարովը հավաստիացրել է, թե կա ցանկություն եւ հնարավորություն բանակցությունները շարունակելու ուղղությամբ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարեւան պետություններ են, չեն կարող պարզապես իրարից փախչել, եւ ի վերջո` պետք է լուծում գտնել եւ դուրս գալ ստեղծված իրավիճակից: Ըստ ադրբեջանական գործակալությունների` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին նաեւ հայտնել է. «Հանդիպմանը վերստին հնչեցրինք կողմերի դիրքորոշումները: Ամենագլխավորը այն է, որ եկել ենք համաձայնության, որ բանակցությունները պետք է շարունակվեն: Ես բավական լավատես եմ, եւ դա կապված չէ միայն այսօրվա հանդիպման հետ: Մենք` երկու հարեւան պետություններ ենք, եւ մենք պետք է ապրենք խաղաղ: Կարծում եմ, որ մենք կարող ենք լուծումներ գտնել երկու երկրների միջեւ առկա խնդիրների վերաբերյալ»: ԵԱՀԿ ՄԽ-ում ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը եւս լրագրողներին հայտնել է, որ գոհ է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՍնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների... ՔաղաքականԱզատության համար կռիվ տվողը մինչեւ վերջ է գնումՎանատուր: Կարծում եմ` այսքանով արդեն ամեն ինչ ասված է. ամենօրյա հավաքներ` քաղբանտարկյալների ազատության համար... ԱշխարհՄեղադրանքԱյսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |