“Zhamanak” Armenian-American Political Daily

Դատական ֆարս` բազում գործողություններով

13:16 Yerevan | 9:16 GMT | Thursday 8 May 2008

Գագիկ Աբգարյան

Եթե մի տեղ դատավորը ներս է մտնում, ու դատական նիստի մասնակիցները ոտքի չեն կանգնում, եթե մի տեղ մասնակիցները հոտնկայս ծափահարություններով են դիմավորում ամբաստանյալներին, եթե մի տեղ հասարակության հերոսներ են դառնում ամբաստանյալները ու իրենց ետեւից հասարակություն տանում, եթե ժողովրդի ու իշխանությունների միջեւ ոստիկաններ են հայտնվում, ուրեմն այդտեղ պատմական օրեր են, այդտեղ հեղափոխությունը անխուսափելի է:

Երեւանում տեւական ժամանակ այս վիճակն է, այս վիճակը երեկ տեսանք նաեւ Գյումրիում:

Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր Շոթա Սաղաթելյանի, Աշոտ Զաքարյանի եւ Պետրոս Մակեյանի գործը:

Սկսենք նրանից, որ դատարանի շենքում երեկ ուժեղացված պարեկային ծառայություն էր, եւ դատավոր Վահե Խալաթյանը որոշել էր հայտնի կինոհերոսի նման վերջապես «ասել իր տղամարդու խոսքը»: Բայց այդ «խոսքը» արդարադատության հետ կապ չուներ, նա ուղղակի որոշել էր նիստն անցկացնել փոքր դահլիճում եւ ներս թողնել միայն սահմանափակ թվով մարդկանց: Այս քայլը, բնականաբար, նյարդայնացրեց նրանց: «Հայոց կանանց» շարժման ակտիվիստներին միացած` Գյումրիի ժողովուրդը բողոքի խաղաղ ակցիա կազմակերպեց, ու սկսեցին վանկարկել Ազատության հրապարակի կարգախոսները: Սակայն մուտքի դռան մոտ կուտակված խմբից մեկը, սկսեց բռունցքներով հարվածել դռան ապակուն այնքան, մինչեւ այն կոտրվեց: Ոստիկանին ուղղված իմ այն հարցին, թե ինչու՞ չեք ձերբակալում նրան, նա պատասխանեց, որ կոտրողը ձեզանից է, եւ ինքը ձերբակալելու հրահանգ չունի: «Մեր մեջ կոտրողներ ու կրակողներ չկան», - պատասխանեցի ես:

Դատը սկսվեց 2, 5 ժամ ուշացումով ու կայացավ փոքր դահլիճում, բայց դժվար է ասել, թե դրանից դատավորը շահեց: Որովհետեւ, ինչպես եւ մեծ դահլիճում, իրավիճակին տիրում էին «հանցագործները», դահլիճը ենթարկվում էր նրանց եւ ոչ թե դատավորին: Դատաքննությունը շարունակվեց ընդհատված տեղից` շարունակեց ցուցմունք տալ 34/06 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սիլվա Հովհաննիսյանը: Նրա ցուցմունքից ակնհայտ երեւաց, որ համապատասխան ծառայությունները այս ժամանակը իզուր չեն անցկացրել: Հանկարծ նրա խոսքի երանգը փոխվեց, ու պարզվեց, որ իրեն սպառնացել են. «Մակեյանն ինձ ասաց, որ պատասխան եք տալու ձեր արած խախտումների համար»: Պատկերացնու՞մ եք, տիկինը ուզում է խախտումներ կատարել, բայց երբ հիշեցնում են, որ դրա համար կարող է պատասխանատվության ենթարկվել, դա ընկալում է որպես սպառնալիք: Նրա երեկվա ցուցմունքից դուրս մնաց մի հետաքրքիր պահ: Նախորդ նիստում Հովհաննիսյանն ասաց, եւ դա ձայնագրված է, որ Պետրոս Մակեյանը մտավ ընտրատեղամաս եւ հայտնեց, թե եկել է, որովհետեւ ահազանգ են ստացել լցոնումների մասին ու հարցրել է` ինչու՞ եք լցոնումներ անում: «Ես ասեցի` խի էդ խեղճը ինչքա՞ն ձայն է հավաքե՞լ, որ մի բան էլ լցոնում ենք արել»: Այսինքն` «էդ խեղճը», լցոնումներով հանդերձ, էլի մի կարգին ձայն չի հավաքել ու որպես հիմնական փաստարկ հանձնաժողովի նախագահը դա է օգտագործում: Երեկ, հատուկ ծառայությունների հրահանգով, վկան «սուխոյ ատկազ» էր կանգնում լցոնում բառից, «խեղճը ձայն չի հավաքել» արտահայտությունից, փոխարենն օգտագործում էր զեղծարարություն բառը: Բայց «հատուկ մշակում» անցած վկան վերջնականապես պախարակեց իրեն, երբ սկսեց բացատրել, թե ինչու՞ ինքը չներկայացավ դատարան ապրիլի 30-ին: Սկզբում ասաց, թե ամսի 30-ին եկել է դատարան, բայց երբ տեսել է, որ մուտքի մոտ լիքը «ամբոխ» է հավաքված, ետ է դարձել: Հետո ասաց, թե դատարան ներկայանալուց հրաժարվելու դիմումը ոստիկանի միջոցով ուղարկել է դատավորին: Վ.Խալաթյանը նրան հուշեց, որ նամակն ըստ կարգի պետք է բերած լիներ ապրիլի 29-ին: Հովհաննիսյանը խոսքը փոխեց, թե 29-ին է բերել: Փաստաբանը հարցրեց` այդ դեպքում ինչու՞ էր 30-ին եկել, եթե նախորդ օրը նամակ էր բերել, նա պատասխանեց, որ դատավորը ինձ զանգեց կանչեց: Դատավորն արագորեն հրաժարվեց իր զանգից. «Ես ձեզ չեմ զանգել»: Բայց ամենահետաքրքիրը դեռ առջեւում է: Երբ վկան պնդեց, թե ցուցմունք գրել է իր ձեռքով, զայրացած փաստաբանը հարցրեց. «Դուք, ուսուցիչ լինելով հանդերձ, ինչպե՞ս կարող էիք 28 տառասխալ կատարել մի փոքր տեքստի մեջ»: Տեղեկացնենք, որ վկան Գյումրիի թիվ 37 դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհին է: Ինչ վերաբերում է գործի համար էական նշանակություն ունեցող ցուցմունքներին, ապա պետք է ասել, որ վկա Հովհաննիսյանը մինչեւ վերջ պնդեց, որ ընտրության բնականոն ընթացքը ոչ մի րոպե չի խախտվել, ինչը դրված է մեղադրանքի հիմքում:

Հաջորդ վկան հանձնաժողովի անդամ Նարինե Հմայակյանն էր: Նա, նախորդ վկայի օրը չընկնելու համար, հենց սկզբից հայտարարեց, որ մոր մահվան պատճառով ինքը հոգեկան վատ վիճակում է գտնվել այդ օրերին եւ չի գիտակցել, թե ի՞նչ է գրել նախաքննությանը տված ցուցմունքներում: Նա ասաց, որ ամբաստանյալներին չի ճանաչում, որ ընտրատեղամասում տեղի ունեցածի պատճառով ընտրական գործընթացը չի խանգարվել, որ իր հասցեին սպառնալիքներ չեն հնչել եւ տեղամասում խուլիգանություն տեղի չի ունեցել: Շոթա Սաղաթելյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը, ցույց տալով ամբաստանյալներին, վկային հարցրեց, թե փետրվարի 19-ին ընտրատեղամասում եղե՞լ է այնպիսի մի բան, որի համար արժե, որ այս տղաները նստեն այս աթոռին: Վկան պատասխանեց, որ դրան համարժեք ոչ մի բան տեղի չի ունեցել: Մեղադրող կողմը, տեսնելով, որ ողջ մեղադրանքը կանգնել է փլուզման եզրին, ընթերցեց նախաքննությանը տված Հմայակյանի ցուցմունքը, որտեղ նա գրել է հնչած սպառնալիքների, իր վախեցած լինելու, երեխայի անվտանգության համար անհանգստանալու եւ էլի շատ էսպիսի բաների մասին: «Եթե նորմալ վիճակում կարդայի էս թուղթը` կպատռեի: Ինձ ստիպելով են տարել ոստիկանություն եւ ստիպելով գրել տվել այս ցուցմունքը: Գրել եմ թելադրանքի տակ: Ճիշտն այսօր դատարանում տված ցուցմունքն է, խնդրում եմ այն ընդունել որպես հիմք»: Պատասխանելով ապրիլի 30-ին դատարան չգալու պատճառների մասին Հ.Արսենյանի հարցին` նա ասաց, որ այդ օրը աղջկա նշանդրեքն էր, եւ 29-ին ծանուցագիրը բերած ոստիկանները համոզվել են դրանում. «Նրանք այդ մասին արձանագրություն կազմեցին եւ գնացին: Դատի օրը` 30-ին, դատախազության աշխատողներն են գնացել նրանց տուն. «Արձանագրություն կազմեցին ու գնացին»: Հուսով ենք` հասկացաք ամեն ինչ:

Երրորդ վկային չհաջողվեց քննել մինչեւ վերջ: Աշխատանքային օրն ավարտվեց, եւ դատը հետաձգվեց մինչեւ մայիսի 12-ը:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.