“Zhamanak” Armenian-American Political Daily

Առանց մանրամասների մեջ խորանալու

13:13 Yerevan | 9:13 GMT | Thursday 8 May 2008

Մարինե Խառատյան

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ մարտի 1-ի գործով դատվելու հերթը Միսակ Հովակիմյանինն ու Սողոմոն Երիցյանինն էր:

Պատահականություն էր, թե զուգադիպություն, երկուսն էլ Ազատության հրապարակի նստացույցին չեն մասնակցել, բերման են ենթարկվել մեկը` Հյուսիսային պողոտայից, մյուսը` Մաշտոց-Պուշկին խաչմերուկի մոտակայքից` մարտի 1-ի առավոտյան: Թեեւ եթե հանրահավաքին մասնակցեին էլ, դա նրանց սահմանադրական իրավունքն էր. մինչդեռ ոչ ոք որեւէ մեկին իրավունք չի տվել ընտրակաշառք բաժանել, բռնություն կիրառել, ընտրություն կեղծել: Նման «անհեթեթ» մանրամասներ հատուկ քննչական ծառայությանը, իհարկե, չեն հետաքրքրում: Ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, որ հատուկ քննչական ծառայությունն ու դատարանները պլան են կատարում, որ որքան հնարավոր է շատ «մեղադրանք հաստատող» դատական վճիռներ հայտնվեն Ս.Սարգսյանի ձեռքին, որոնք թափահարելով էլ վերջինս ասի, թե տեսաք` դատարանն ապացուցեց այսքան մարդու մեղսակցությունը: Թեեւ ակնհայտ է, որ ոչ ոք իրեն չի հավատալու. Ռ.Քոչարյանն իր պաշտոնավարման ընթացքում ամեն ինչ արել է` հայաստանյան դատարանների վճիռների նկատմամբ որեւէ հավատ բացառելու համար:

Երեկ դատարանում ամբաստանյալի կարգավիճակում գտնվող Միսակ Հովակիմյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Վահագն Հովակիմյանի հայրն է: Մարտի 1-ի առավոտյան իմանալով, որ Ազատության հրապարակում դեպքեր են տեղի ունեցել ու տղան շտապել է այնտեղ` անհանգստացել ու ինքն էլ է հետեւից գնացել: Հասել է այն պահին, երբ արդեն փողոցներում կանգնածներին էր ոստիկանությունը «հավաքում»: 67-ամյա Միսակ Հովակիմյանին ոստիկանները հրելով նստեցրել են ոստիկանական մեքենա ու տարել քաղմաս: Բերման ենթարկելուց հետո հարազատներին ասել են` պրոբլեմ չկա, բաց կթողնենք: Հետո որտեղից որտեղ իմացել են, որ Միսակ Հովակիմյանը «Հայկական ժամանակ» թերթի աշխատակից որդի ունի, ու տարեց մարդը միանգամից հայտնվել է հատուկ քննչական ծառայության հետաքրքրության տիրույթում: Այժմ նրան դատում են քրօրի 316 հոդվածի առաջին մասով (իշխանության ներկայացուցչի կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Ինչպես արդեն օրինաչափ է մարտի 1-ի գործերով` հայտնվել են ոստիկաններ, ովքեր ցուցմունք են տվել` իբր Հովակիմյանը իրենց դիմադրել, քաշքշել, հայհոյել ու սպառնացել է: Ընդ որում` դրանք եղել են ոչ իրականում բերման ենթարկածները: Երեկ դատավարությունը հետաձգվեց մայիսի 19-ին, քանի որ մեղադրող կողմը չէր ներկայացել դատարան:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչ Սողոմոն Երիցյանը նույնպես դատվում է քրօրի 316 հոդվածի առաջին մասով: Նա մինչ մարտի 29-ը եղել է Ճամբարակում, մարտի 1-ին Երեւան է եկել մեքենայի մաս գնելու: Ազատության հրապարակի մոտով առավոտյան անցնելիս տեսել է, թե ինչ է կատարվում, ապշած իջել է երթուղայինից: Հյուսիսային պողոտայում կանգնած է եղել, երբ ոստիկանները մոտեցել ու բռնել, տարել են քաղմաս` ասելով. «Որոշ բաներ կճշտենք, բաց կթողնենք»: Սողոմոն Երիցյանը կալանավորված է երկու ամսից ավելի: Երեկվա դատական նիստին չէր ներկայացել վկաներից մեկը` Սամվել Յարազյանը, որը դատարանին տեղեկացրել էր, թե չի կարող գալ դատարան` խնդրելով հիմք ընդունել նախնական ցուցմունքները: Դատարան չէր ներկայացել նաեւ Սողոմոն Երիցյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը: Դատական նիստը հետաձգվեց պաշտպանի բացակայության պատճառով: Կշարունակվի մայիսի 26-ին, ժամը 14-ին:

Այսօր նույն դատարանում, ուր այսուհետ ներս են թողնում միայն անձը հաստատող փաստաթղթի առկայության պարագայում, մարտի 1-ի գործով դատերը կշարունակվեն, կարծում ենք, նույն սցենարով, թեեւ դատավորների դեմքերին նայելով` կարելի է կռահել, թե որքան զզված են պարտադրված վճիռներ կայացնելուց, բայց այդքան վճռականություն չունեն իրական արդարադատություն իրագործելու: Այնպես որ, մարտի 1-ի գործով դատավարությունները մեկը մեկից արագ, առանց մանրամասների մեջ խորանալու ընթանալու են, եթե դատավարությանը լրագրողներն էլ չմասնակցեն, դատավորն ու պետական մեղադրողը ավելի լավ կզգան իրենց:

Արխիվ
Վերլուծական

Սնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...

Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների...

Քաղաքական

Ազատության համար կռիվ տվողը մինչեւ վերջ է գնում

Վանատուր: Կարծում եմ` այսքանով արդեն ամեն ինչ ասված է. ամենօրյա հավաքներ` քաղբանտարկյալների ազատության համար...

Աշխարհ

Մեղադրանք

Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.