“Zhamanak” Armenian-American Political Daily

«Շատ տաղանդավոր է` անպայման ուղարկեք արտասահման»

12:53 Yerevan | 8:53 GMT | Thursday 8 May 2008

Մարինա Բաղդագյուլյան

Շնորհք ունե՞ս, թե՞ ոչ. սա կարեւոր է հաջողության հասնելու համար: Սակայն հատկապես շատ կարեւոր է, թե ու՞ր կտանեն օրերի ճանապարհները. փոքրիկ քաղաքից մեծ քաղա՞ք, մեծ քաղաքի փոքր երկրից մեծ երկրի մեծ քաղա՞ք... Դաշնակահարուհի Սոնա Արշակյանի ճանապարհը խաչաձեւվեց Մոսկվայի երաժշտական կյանքին` իր կատարողական վարպետությունը հարստացնելով մոսկովյան դպրոցի առանձնահատկություններով:

«2006 թվին առաջին անգամ գնացի Իտալիայում կազմակերպված միջազգային մրցույթի. դա իմ առաջին մրցույթն էր: Ես տասնինը տարեկան էի: Երրորդ մրցանակին արժանացա: Մրցույթին կարող էին մասնակցել մինչեւ 33 տարեկանները: Շատ դժվար էր: Ուժեղ եւ բարդ մրցակցություն էր. մասնակիցներից ամենափոքրը ես էի: Գոհ եմ իմ այդ մրցանակից: 2007-ին մասնակցեցի դարձյալ Իտալիայում կազմակերպված դաշնակահարների մրցույթին: Գրավեցի երրորդ տեղը, նաեւ` հատուկ մրցանակ Սկարլատիի սոնատները լավագույնս կատարելու համար», - պատմեց Սոնա Արշակյանը:

Ուսումը Մոսկվայում շարունակելը խորհուրդ են տվել նրա երկու ուսուցիչները` Ռ.Անդրեասյանը եւ Ա.Շահբազյանը: Երկուսն էլ ասել են. «Շատ տաղանդավոր աղջիկ է, անպայման ուղարկեք արտասահման` ուսումը շարունակելու»: Անահիտ Շահբազյանը կոնկրետացրել է` Մոսկվա: «Մենք նրան լսեցինք: Ես շատ շնորհակալ եմ այդ խորհրդի համար: Մոսկվայում ուսումը շարունակելը շատ օգնեց: Ես ավելի լավ ճանաչեցի երաժշտությունը... Այլ կարեւոր ազդեցություններ էլ եղան...», - ասաց Սոնան: Դաշնամուրային երեկոյի ընթացքում` իր առաջին մենահամերգին, շատ բան ասաց, պատմեց նրա մատների թեթեւ վազքը ստեղների վրայով, ակորդների փնջերը, որ վստահ, երբեմն` հուժկու, խփում էր, վերցնում, նվիրում:

«Նա հրաշալի ունակություններ ունի երաժշտությունը լսելու եւ լսել տալու: Իր մեկնաբանությունները մտավորական երաժշտի տպավորություն են թողնում: Ամբողջ երեկոյի ընթացքում որեւէ շեղում, անսպասելի բան չտեսա, նա շատ կայուն է որպես երաժիշտ: Ես կուզեի նրա հետ խոսել, որպեսզի մեկնաբաներ որոշ մանրամասներ իր նվագի առանձնահատկություններից», - ասաց կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը:

Չգիտեմ` ինչ կմեկնաբաներ եւ հատկապես իր նվագի որ առանձնահատկությունները, բայց մասնակիցները, հաստատ, սիրով, առանց հոգնության ունկնդրեցին Սկարլատիի, Բեթհովենի, Բրամսի, Շումանի, Ռախմանինովի ստեղծագործությունները:

Ծափեր, ծաղիկներ, բրավոներ... Ժպտաց, խոնարհվեց. ծանոթ դեմքերը շատ էին` իր դասընկերները, ուսուցիչները, պրոֆեսոր Յուրի Հայրապետյանը, պարզապես ժպտացող դեմքեր... Ինքն էլ ժպտաց, ոգեւորվեց: Ինչպե՞ս ասեր. «Ես էլ ձեզ եմ սիրում, շա~տ...»... Ուղղակի մոռացավ հոգնությունը, նորից նստեց դաշնամուրի առաջ ու... Կամերային երաժշտության տան դահլիճում ունկնդիրները նստած էին, բայց նրանց հոգիները, հաստատ, պարեցին Շոպենի վալսի պտույտներում...

Համերգից հետո լրագրողները Սոնային ուղղեցին իրենց ամենասիրելի հարցը. «Ինչպիսի՞ն է հայ հանդիսատեսը, ո՞րն է տարբերությունը հայ եւ ռուս հանդիսատեսի միջեւ»: Այս հարցից, անկեղծ, կծկվեցի. ամոթից: Վախենում էի` հանկարծ չփաստեր, որ հայ հանդիսատեսն այդպես էլ չսովորեց անսալ յուրաքանչյուր համերգից առաջ հնչած հայտարարությանը` «Խնդրում ենք անջատել բջջային հեռախոսները»... Բայց Սոնա Արշակյանը պատասխանեց. «Շատ ջերմ հանդիսատես էր: Ես շատ հանգիստ էի նվագում: Կարող եմ ասել, որ մոսկովյան հանդիսատեսը շատ ավելի խիստ է: Այնտեղ գալիս են պրոֆեսիոնալ երաժիշտներ: Իսկ այստեղ մթնոլորտը շատ ջերմ էր, ես ինձ շատ անկաշկանդ էի զգում: Գուցե նրանից է, որ ես իմ հայրենիքում եմ»:

Իսկ եթե մնար հայրենիքում, չմեկներ Մոսկվա` ուսումը շարունակելու, նու՞յնը կլինեին հաջողությունները:

«Ճիշտն ասած` ոչ: Որովհետեւ Մոսկվան արվեստի այն կենտրոնն է, որ ավելի բարձր է իր մակարդակով: Չնայած ես Երեւանը շատ եմ սիրում... Ես այստեղ եմ ծնվել, այստեղ սովորել, աշխատել... Բայց Մոսկվայի մթնոլորտը բոլորովին ուրիշ է: Իսկ Սոնան երաժշտություն շատ է սիրում: Նա երաժշտությամբ է ապրում. սա է նրա առանձնահատկությունը», - ասաց Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Յուրի Հայրապետյանը:

Նաեւ ավելացրեց, որ ինքը ամեն տարի գալիս է Երեւան, մասնակցում կոնսերվատորիայի պետական քննություններին: Ամեն տարի երկու-երեք զարմանալի տաղանդավոր դաշնակահարներ են լինում: Մեր հայրենիքում հաջողության հասնելու կարեւոր նախադրյալով` շնորհքով օժտված պատանիներից շատերի՞ ճանապարհն է խաչաձեւվում մեծ երկրների երաժշտական կյանքին: Եթե ոչ` ապա ի՞նչ է լինում...

Արխիվ
Վերլուծական

Խաբեության մեխանիկան կամ Եվրոպայի ճակատագիրը Հայաստանում

Անցնող շաբաթ, Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ բավական հետաքրքիր մի հանդիպում:

Քաղաքական

Երեւան: 9 մայիսի: «Հաղթանակի» զբոսայգի

Վերադարձ: Այս բառի մեջ ամեն ինչ կա: Եվ ապաշխարանք: Եվ պայքար: Եվ հաղթանակ:

Աշխարհ

Տիգրան Կարապետիչը միշտ դեպի բարին է շրջված

Երեկ` Հաղթանակի ու Շուշիի ազատագրման օրը, «Տեսակետ» ակումբի հյուրը «Ժողովրդական կուսակցության» ղեկավար...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.