“Zhamanak” Armenian-American Political Daily

Մենք կորցրել ենք մեր առաքելությունը եւ այն գտնելու խնդիրն ունենք

12:04 Yerevan | 8:04 GMT | Wednesday 7 May 2008

Բաբելոնի աշտարակաշինությունը, ստույգ, պատճառ չէ, որ եղել է: Առիթ է եղել միայն: Ազգերը միմյանցից բաժանելու: Իսկ պատճառը շատ ավելի խորքային ու կարեւոր է եղել. մրցակցություն ստեղծել, առաջնահերթություններ ապահովել գործի համար, իսկ վերջապես ու մեծ հաշվով` ընդհանուր մարդկային հատկանիշները կատարելագործել: Բայց` մրցակցության պայմաններում: Քանզի սովորական-հանգիստ պայմաններում կատարելագործումներ չեն ստացվում. խթանների բացակայության պատճառով:

Ու էն ազգը, որը կորցրեց իր առաքելության ճշմարիտ ուղին կամ էլ այլեւս անելիք չուներ` մյուսներին զիջեց իր Հայրենիքը:

Էդպես վերացան...

Լավ, տխուր պատմություններ են: Բոլորդ էլ ամեն ինչ լավ գիտեք: Բաբելոնում «ծնված»-ներից մեկ-երկուսն են մնացել հիմի: Մյուսները կամ վերացել են կամ ձուլվել կամ էլ վերասերվել են: Մնացել են նրանք, ովքեր դեռ չեն կորցրել իրենց առաքելությունը եւ դրա իրականացման անհրաժեշտության գիտակցումը:

Մենք, ոնց որ թե, կորցրել ենք: Բայց դեռ կանք: Այն աղոտ հույսով, երեւի, որ կգտնենք մեր առաքելությունը, որը ոչ թե կորած է, այլ որին կամ արժանի չենք այլեւս կամ էլ ակնհայտ է, որ վեր է մեր ուժերից:

Հենց այստեղ է, որ բանը հասնում է նաեւ լեզուներին. ինչու՞ դրանք եւս բաժանվեցին: Ոչ միայն այն պատճառով, որ ազգային առանձնահատկություններն ընդգծվեցին: Տերը համարել է, որ իր ստեղծած ցանկացած բան, ցանկացած երեւույթ` որ տեղի ունի իր կամքով ու ցանկացած աստվածաստեղծ էակի` մի լեզվով հնարավոր չէ լիարժեքորեն ու ամբողջական բնութագրել: Մեկ լեզվով անհնարին է ընդգրկել Ստեղծողի ստեղծածի ամբողջականությունը: Դրա համար են լեզուներն այդքան շատ, ու եթե ուշադիր լինեք այս կամ այն բանի լեզվական բնութագրումներին, կզգաք, որ միայն այդ բոլորի համադրմամբ է ստացվում նույն այդ բանի լիարժեք ու ամբողջական պատկերն ու բնութագիրը: Բազում ձայների շնորհիվ է ամբողջանում մեղեդին:

Ինչու հիշեցի նաեւ լեզուների տարանջատման մասին: Որովհետեւ մեր առաքելությունը նախեւառաջ լեզվական բնութագիր ունի: Ու մենք, ոնց որ թե, կորցրել ենք այդ բնութագիրը նույնպես: Իսկ առանց այդ բնութագիրը գտնելու` չենք գտնի նաեւ առաքելությունը:

...Արարիչը երբեք մեկ ճանապարհ չէ, որ թողնում է: Նվազագույնը` երեքը: Ինչպես եւ իրեն հասնելու ճանապարհները. հավատք, զգացողություն, գիտություն: Այստեղ էլ երեք ճանապարհ կա. կամ մենք պետք է, ի վերջո, գտնենք մեր առաքելությունը ու գնանք դրա իրականացման ճանապարհով: Կամ պետք է պարզապես գլորենք մեր օրերը. աննպատակ: Կամ էլ մեր գոյությանը նոր իմաստ ու առաքելություն հաղորդենք. եթե աստվածահաճո եղավ` կընդունվի:

Ընտրողը` մենք ենք:

Եվ ոչ միայն ընտրողը:

Իրականացնողն էլ:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.