“Zhamanak” Armenian-American Political Daily

Հանուն ազատության եւ ժողովրդավարության մեր հաղթանակն անկասելի է

12:01 Yerevan | 8:01 GMT | Wednesday 7 May 2008

Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսի հայտարարությունը

Մերժելով վարչախմբի կողմից երկրում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական արատավոր համակարգը եւ միավորվելով լայնածավալ ժողովրդավարական շարժման մեջ, Հայաստանի ժողովուրդը 2008թ. նախագահական ընտրություններում կրկին ելավ վարչախմբի դեմ համաժողովրդական պայքարի: Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու վարչախմբի դեմ միավորված քաղաքական ուժերի ղեկավարությամբ որդեգրվեց քաղաքական պայքարի բացառապես խաղաղ, օրինական եւ ժողովրդավարական գործելակերպ: Նպատակը՝ նախագահական ընտրություններում հաղթելով եւ անհրաժեշտ վերափոխումներ իրականացնելով երկիրը բնականոն զարգացման ուղի դուրս բերելն էր:

Դրան ի պատասխան 1998-2003թթ. նախագահական ընտրությունները կեղծած, հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար պատասխանատու վարչախումբը գործի դրեց ապօրինությունների, բռնությունների եւ ահաբեկումերի իր ողջ զինանոցը եւ կեղծեց նաեւ 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները: Եթե վարչախումբը 2003թ. Սահմանադրական դատարանի վստահության հանրաքվե անցկացնելու մասին որոշումը չկատարելու նպատակով 2004թ. ապրիլի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառեց, ապա 2008թ. արտակարգ դրություն մտցնելու եւ Սահմանադրական դատարանի կողմից իր համար ցանկալի վճիռը կայացնելու համար պլանավորեց եւ իրականացրեց մարտի 1-ի հրեշավոր սպանդը:

Մարտի 1-ը մեր պատմության մեջ գրանցվելու է որպես սեփական ժողովրդի դեմ կատարած մեծագույն ոճրագործության օր: Վարչախումբը, որն ամեն ինչ արեց կոծկելու 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, հիմա էլ շինծու գործ հարուցելով ընդդիմության նկատմամբ` փորձում է խուսափել մարտի 1-ի ոճրագործության պատասխանատվությունից:

Չնայած ժողովրդի նկատմամբ իշխանությունների կիրառած համատարած բռնաճնշումներին եւ հակաիրավական գործողություններին, ռեժիմին չհաջողվեց հասնել իր նպատակներին՝ կոտրել ժողովրդի ոգին եւ սասանել Համաժողովրդական Շարժման մեջ միավորված քաղաքական ուժերի եւ հարյուր հազարավոր քաղաքացիների վճռականությունը: Միասնականացած հայ ժողովուրդը պատրաստ է ավելի մեծ հետեւողականությամբ պայքարելու երկրում ժողովրդավարական ազատությունները վերականգնելու եւ ժողովրդի կողմից ընտրված եւ արդյունավետ գործող իշխանություն հաստատելու համար:

Մենք` Համաժողովրդական Շարժման մեջ միավորված քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիները, եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ չենք ճանաչում կեղծված ընտրությունների արդյունքները: Կայունությունը Հայաստանում կվերականգնվի միայն ժողովրդավարական արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումով:

Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին, դադարեցնել Շարժման ակտիվիստների հետապնդումները, կատարել մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն, վերացնել հավաքները արգելող օրենքները, դադարեցնել քարոզչական տեռորը եւ ապահովել տեղեկատվություն տարածելու սահմանադրական իրավունքը:

Մենք հետամուտ ենք լինելու նշված պահանջների իրականացմանը:

Հանուն ազատության եւ ժողովրդավարության մեր հաղթանակն անկասելի է:

2 մայիսի 2008թ.

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.