|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Սովորական հրաշք՝ պարզ բացատրությամբ11:56 Yerevan | 7:56 GMT | Wednesday 7 May 2008Ասատուր Մարտիրոսյան Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մարտի 7-ին տված մամուլի ասուլիսում բառացիորեն հայտարարել էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդի նկատմամբ իրականացրել է զանգվածային հիպնոս, «հոգեբանական դիվերսիա» ու հասցրել «զանգվածային հոգեխանգարման վիճակի»: Հասկանալի է, որ բացատրության այս վերսիան քննարկվել եւ հաստատվել էր ամենաբարձր մակարդակով: Ի՞նչ է սա նշանակում Սա նախ նշանակում է, որ զանգվածային ձերբակալությունները, բռնության գործադրմամբ կեղծ ցուցմունքներ կորզելը եւ այլն չեն ապահովում եւ չեն կարող ապահովել համապատասխան ապացուցողական հիմքը՝ հիմնավորելու համար Համաժողովրդական Շարժմանը ու նրա ղեկավարությանը ներկայացված մեղադրանքները: Վարչախումբը հասկանում է, որ իր կիրառած բռնությունները, որքան էլ զանգվածային, այնուամենայնիվ, ժամանակավոր են եւ քաղաքական ու իրավական իմաստով ապարդյուն: Մինչդեռ իրական ապացույցները՝ ինչպես վկայությունների, այնպես էլ բազմաթիվ տեսանյութերի ձեւով շրջվելու են հենց վարչախմբի ու նրա ղեկավարների դեմ՝ ապացուցելով խաղաղ ցուցարարներին վայրենաբար ջարդելու, նրանց դեմ հրազեն գործադրելու, գնդակահարությունների, մարդասպանությունների փաստերը: Եվ ահա՝ վարչախումբն, ի դեմս գլխավոր դատախազի այս հայտարարության, ձեռքը փրփուրներին է գցում՝ հոգեկան խանգարման մեջ հայտարարելով մի ամբողջ ժողովրդի, եւ Համաժողովրդական Շարժման առաջնորդին ներկայացնելով մեղադրանքի մի տեսակ, որը միջնադարում կաթոլիկ եկեղեցու ինկվիզիցիան ներկայացնում էր որպես «կախարդություն», եւ ինչի համար մեղադրյալին խարույկ էին բարձրացնում: Այսինքն՝ ինքը վարչախումբն է իր հիմնասյուն անդամներով հանդերձ հայտնվել ծանր, իրոք «հոգեխանգարման» վիճակում՝ չափազանց վտանգավոր ոչ միայն իր, այլեւ ողջ երկրի ու ժողովրդի համար: Ինչ վերաբերում է գլխավոր դատախազին, նա դեռ ժամանակ ու հնարավորություն կունենա պատասխան տալու միլիոնավոր մարդկանց՝ նրանց հոգեկան խանգարված կոչելու համար: Ինչու՞ վարչախմբի պարագլուխները բռնությունների, ահաբեկումների, գործեր թխելու իրենց ընտանի մեթոդներով չբավարարվելով՝ որոշեցին մտնել նաեւ այսպիսի մի «նուրբ», հոգեբանական բացատրությունների ոլորտ: Պատճառն այն է, որ հայաստանյան հասարակության մեջ իրոք տեղի ունեցավ մի իրական հրաշք-վերածնունդ՝ գլխիվայր շրջելով այն համակարգը, որ մեծագույն ջանքերով ստեղծվել էր ամբողջ տասը տարվա ընթացքում: Ո՞րն էր այդ համակարգը Քոչարյանասերժական վարչախմբի վերջնական հաստատումից ու ամրապնդումից հետո Հայաստանում վերացավ իրական քաղաքական կյանքը, քաղաքական գործունեությունը, խոսքի ազատությունը եւ այլն: Վարչախումբն իր վերահսկողության ու թելադրանքի տակ վերցրեց զանգվածային լրատվության բոլոր միջոցները, մասնավորապես՝ հեռուստաընկերությունները: Սուղ տպաքանակներով մի քանի լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ հայտնվող առանձին հոդվածները չէին կարող հասարակական մթնոլորտ ստեղծել կամ եղածից ինչ-որ բան պահպանել: «Նախկինների» դեմ տոտալ քարոզչությունը փորձում էր գլխիվայր շրջել անկախության առաջին տասնամյակի պատմությունը: Իրական ընդդիմադիր մի քանի քաղաքական ուժերի պայքարը հեշտությամբ չեզոքացվում էր մի կողմից՝ վարչախմբի բռնությունների ու ապօրինությունների, մյուս կողմից՝ նրա ձեռնասուն, վճարովի «ընդդիմադիրների» ցինիկ օգտագործմամբ: Ամեն քայլափոխին ու բոլոր մակարդակներում իշխանական պաշտոնյաների օրինազանց գործունեությունը դարձավ կյանքի սովորական նորմ: Թվում էր՝ կոռուպցիոն իշխանական բուրգն ամրակուռ ու կատարյալ է, հասարակությունը լրիվ ընտելացված, համակերպված ու վերահսկելի: 2007 թվականի սեպտեմբերին հասարակության թերեւս 99 տոկոսը այն անվերապահ համոզմունքին էր, որ հերթական նախագահական ընտրություններով եւս ոչինչ հնարավոր չէ փոխել, եւ դա հենված էր համընդհանուր հուսալքության եւ անտարբերության վրա: Այդ համոզմունքում քիչ բան փոխվեց նաեւ այն բանից հետո, երբ իր թեկնածության առաջադրման մասին հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Ի՞նչ արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 10 տարվա լռությունից հետո առաջին անգամ հրապարակային ելույթ ունեցավ ընտրություններից մոտ 5 ամիս առաջ՝ 2007թ. սեպտեմբերի 21-ին: Մինչեւ հունվարի 20-ը դրան հաջորդեցին եւս 4 հանրահավաքային եւ 2 դահլիճային ընդարձակ ելույթներ՝ մոտ 10 ժամ ընդհանուր տեւողությամբ: Հունվարի 21-ից սկսվեց նախընտրական քարոզչության շրջանը, որի ընթացքում նա շրջեց ողջ հանրապետությունով մեկ, ունեցավ հարյուրավոր հանդիպումներ ու ելույթներ: Եվ սեպտեմբերի 21-ի առաջին ելույթից ընդամենը 5 ամիս անց հայաստանյան հասարակությունն այլեւս ո՛չ մի նմանություն չուներ այն հասարակության հետ, որը կար սեպտեմբերին: Բացարձակապես ո՛չ մի: Վախեցած, հուսալքված, անտարբեր, հարմարվող, ապագայի որեւէ հեռանկար չտեսնող, երկրից հեռանալը որպես նպատակ կամ երազանք ունեցող մարդկային զանգվածի փոխարեն Հայաստանում ձեւավորվեց մի իսկական քաղաքացիական հասարակություն՝ վճռականորեն հետամուտ իր ազատությանը, քաղաքացիական իրավունքներին. վերջնականապես կայացավ իր ապագային հավատացող եւ այդ ապագայի համար պայքարի պատրաստ ՔԱՂԱՔԱՑԻՆ: Այսինքն` բառիս բուն իմաստով՝ ջուրը թափվեց քոչարյանասերժական վարչախմբի ամբողջ տասը տարվա «գաղափարական» աշխատանքի ու ջանքերի արդյունքը. նրանք հույս ունեին, թե արդեն անշրջելիորեն ունեն ընտելացված, ամեն ինչի հետ համակերպվող, ճորտի հոգեբանությամբ մի մասսա ու դրա վրա իշխելու հավերժական հնարավորություն:
Ինչպե՞ս կատարվեց այս հրաշքը Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրեց վարչախմբի համար կործանարար՝ պայքարը ինտելեկտուալ դաշտում, քաղաքական լեզվով ու օրինական մեթոդներով վարելու ճանապարհը: Նրա ընդարձակ վերլուծական ելույթները, որքան մանրակրկիտ ու գիտական, բայց նաեւ յուրաքանչյուրին մատչելի, հարյուր հազարավոր մարդկանց գամում էր հրապարակում: Ցանկացած եղանակի, ոտքի վրա ու ժամերով նրան լսում էին ոչ միայն գերագույն ուշադրությամբ, այլ նաեւ մեծագույն հաճույքով: Նրա ելույթների տեսասկավառակները կայծակի արագությամբ` հարյուր հազարներով տարածվում էին ոչ միայն հանրապետությունով մեկ, այլ նաեւ արտերկրի հայկական համայնքներում: Այդքան արագ ու զանգվածաբար 1988-89-ին չէին տարածվում անգամ «Ղարաբաղ» կոմիտեի թռուցիկները: Ինտելեկտուալ, քաղաքական, գրագետ ու գեղեցիկ խոսքի կարոտ ժողովուրդն ամիսներ շարունակ պարզապես ըմբոշխնում էր նրա ելույթներն անգամ ամենահեռավոր գյուղերում: Բազմաբնույթ ու համակարգված գիտելիքների վրա հենված ինտելեկտուալ խոսքի թիվ մեկ հատկանիշը, ինչը եւ առաջին հերթին գերում ու համոզում էր զանգվածներին, այդ խոսքի ճշմարտացիությունն էր: Իսկ երբ խոսքը ճշմարիտ է, այն նաեւ տրամաբանված է: Երբ տրամաբանված է, ուրեմն նաեւ համոզիչ է: Եթե համոզիչ է, ուրեմն նաեւ հուսահատ, վախեցած, անտարբեր մարդու մեջ արթնացնում է քնած մարդկային որակները, հույսը, արժանապատվության, ազատության, իրավունքի ձգտումը: Այսինքն՝ քոչարյանասերժական զույգին ու նրանց գլխավորած վարչախմբին Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթեց նախեւառաջ իր ինտելեկտով, իմացությունների ու գիտելիքների բացարձակ գերազանցությամբ: Ու, որքան էլ զարմանալի, դրան մեծապես օգնեց Ռ.Քոչարյանը: Հիշենք, թե ինչպես նրա յուրաքանչյուր ելույթից հետո Ռ.Քոչարյանը անմիջապես փորձում էր «հայլուրային» մի ռեպլիկով պատասխանել: Եվ այդ պատասխանի խեղճության ու անհեթեթության ֆոնին ավելի ու ավելի ցայտուն էր դառնում պայքարող կողմերի մտավոր ունակությունների ու գիտելիքների ահռելի տարբերությունը, անհամեմատելիությունը: Ստիպելով պայքարը տեղափոխել ինտելեկտուալ դաշտ եւ այստեղ հազարավոր անգամ գերազանցություն ունենալով, Առաջին նախագահն ընդամենը 5 ամսվա ընթացքում հեշտությամբ անվերապահ պարտության մատնեց ապօրինի ու ավազակապետական վարչախմբին՝ հուսահատության գրկից «հետ խլելով» Հայաստանի փաստորեն ողջ ժողովրդին: Դրանով վարչախմբի դեմ գոյացավ քաղաքացիական հասարակության մի անհաղթահարելի պատնեշ: Շարժման մեջ ընդգրկվեցին շուրջ երկուսուկես տասնյակ քաղաքական ուժեր, բազմաթիվ հասարակական կազմակերպություններ: Սկսեց փլուզվել ավազակապետական բուրգը. Շարժմանը միացան տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ, պատգամավորներ, նաեւ իշխանական կուսակցությունների անդամներ ու ամբողջ կառույցներ: Ազատության հրապարակում արդեն «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունների անդամների հերթեր էին գոյացել՝ կուսակցական տոմսերը հրապարակավ պատռելու համար: Այսինքն` քոչարյանասերժական զույգը Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ շրջանառության մեջ դնելով «զանգվածային հիպնոսի» մեղադրանք, իսկ ժողովրդին համարելով «զանգվածաբար հոգեխանգարված», դրանով փաստորեն ընդունում է մտավոր, ինտելեկտուալ դաշտում իր ջախջախիչ պարտությունը եւ փորձում սփոփիչ ինչ-որ բացատրություն գտնել: Վարչախմբի պարագլուխներն ու հիմնասյուները ենթագիտակցորեն զգում են, որ իրենց գործը այժմ ոչ թե Համաժողովրդական Շարժման մի քանի տասնյակ, կամ մի քանի հարյուր ղեկավարների ու ակտիվիստների, այլ փաստորեն ամբողջ մի ժողովրդի հետ է, որն արդեն շնչել է Ազատության օդը, որն արդեն 10 տարվա ընթացքում իրենց «կերտած» հպատակ զանգվածից վերածվել է իրական քաղաքացիական հասարակության ու ոչ մի կերպ չի հանդուրժելու իր վաստակի ու ձեռքբերածի՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ նոր կողոպուտը: Եվ դա արդյունք է այն սովորական հրաշքի, որ գործեց Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՍնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների... ՔաղաքականԱրժանապատվորեն...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա: ԱշխարհՄեղադրանքԱյսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |