|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Մի քանի նկատառում Սահմանադրական դատարանի որոշման առիթով11:54 Yerevan | 7:54 GMT | Wednesday 7 May 2008Ա.Սարգսյան Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը հասարակության մեջ ընդհանուր առմամբ ընկալվել է որպես անարդար, իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքին հակասող եւ անվանում է «տխրահռչակ», «խայտառակ» եւ նման այլ մակդիրներով ու ածականներով: Բնականաբար հարց է առաջանում` ինչու՞: Ի՞նչն է վատ այդ որոշման մեջ, ո՞ր հարցերի պատասխանները չեն տրվել: Դրանք բազմաթիվ են, սակայն մենք կանդրադառնանք առայժմ դրանցից միայն մեկին: Հայտնի է, որ դատաքննության ընթացքում դիմող կողմը առաջադրեց հետեւյալ հարցը. իրավունք ունե՞ր վարչապետը, առանց պաշտոնից ազատվելու, մասնակցել ընտրություններին որպես նախագահի թեկնածու: Երրորդ անձի ներկայացուցիչը, պատասխանելով հարցին, վկայակոչելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը (չնշելով այդ օրենքի կոնկրետ որեւէ հոդված), հայտարարեց, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 78-ի եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի միջեւ հակասություն առաջանալու դեպքում գործում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը: Մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի 6-րդ մասի, հոդված 24-ի 3-րդ մասի եւ հոդված 94-ի 4-րդ մասի 2-րդ պարբերության դրույթներից բխում է, որ տվյալ դեպքում ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 78-ի եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի միջեւ հակասության դեպքում գործում է միայն ու միայն ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 78-ը [«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի 6-րդ մասը սահմանում է. «Օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին»: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 24-ի 3-րդ մասը սահմանում է. «Միեւնույն մարմնի նոր ընդունած իրավական ակտը չպետք է հակասի նախկինում ընդունված եւ ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին: Միեւնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջեւ հակասությունների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը, բացառությամբ սույն օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ նախատեսված դեպքի»: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ մասի 2-րդ պարբերությունը սահմանում է. «Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը միեւնույն մարմնի ընդունած եւ ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջեւ հակասությունների դեպքում գործում են ավելի ուշ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը: Այս նորմը տարածվում է նաեւ սույն օրենքի վրա»]: Այստեղ որոշ իրավաբանների հիշեցնենք, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանվում է իրավաբանության մեջ հանրահայտ այն դրույթը, որ օրենսգիրքը ոչ միայն օրենք է, այլեւ գերակայություն ունի օրենքների նկատմամբ, որի հիման վրա էլ նույն 9-րդ հոդվածի 6-րդ մասում նշվում է, որ ընտրություններին վերաբերող հարցերում հիմնականը օրենսգիրքն է, այլ ոչ թե ցանկացած այլ օրենքը, այնպես, ինչպես մյուս օրենսգրքերի պարագայում: Ասվածը, կարծում ենք, միանգամայն բավարար է պատկերացում կազմելու համար, թե առաջադրված հարցի որ պատասխանն է ճիշտը, իրավացին ու արդարը: Այնուհանդերձ, նշենք նաեւ, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 78-ի եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի միջեւ ոչ մի հակասություն էլ չկա (!!!), որովհետեւ օգտագործված` «գտնվում է պետական ծառայության մեջ» բառակապակցությունը ամենեւին էլ նույնական չէ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում օգտագործված «պետական ծառայող» հասկացության հետ: Առաջին բառակապակցությունը շատ ավելի լայն է, քան երկրորդը, եւ վերջինս ներառվում է առաջինի մեջ, այսինքն` «գտնվում է պետական ծառայության մեջ» բառակապակցությունը ընդգրկում է ոչ միայն պետական ծառայողներին, այլեւ պետական իշխանության ցանկացած պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում` վարչապետին: Բացի այդ, ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 78-ի 1-ին մասի 2-րդ նախադասության մեջ ամրագրված է Հանրապետության նախագահի պաշտոնակատար հանդիսացող վարչապետի վերաբերյալ դրույթը («Հանրապետության նախագահը կամ Սահմանադրության համաձայն` հանրապետության նախագահի պաշտոնակատարը` Ազգային ժողովի նախագահը կամ վարչապետը, հանրապետության նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում շարունակում են իրենց լիազորությունների կատարումը, սակայն չպետք է օգտագործեն իրենց պաշտոնեական դիրքի առավելությունը»), որից բխում է, որ, ի տարբերություն հանրապետության նախագահի պաշտոնակատար հանդիսացող վարչապետի, հանրապետության նախագահի պաշտոնակատար չհանդիսացող վարչապետը ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 78-ի 1-ին մասի 1-ին նախադասության դրույթներին համապատասխան` պարտավոր է դադարեցնել իր պարտականությունների կատարումը: Այսքանը մեր իրավական տեսանկյունից: Բայց, քանի որ իրավաբան չեմ, շատ եմ ցանկանում լսել որեւէ լուրջ, իրեն հարգող իրավաբանի տեսակետը եւս: Օրինակ` Դ.Հարությունյանի: Սա իմիջիայլոց: Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի որոշմանը, ապա, կարծում եմ, որ այդ որոշման մեջ նշված հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշման բացակայությունը վկայում է, որ Սահմանադրական դատարանը թեեւ պարտավոր էր, սակայն խուսափել է իր դիրքորոշումն արտահայտելուց, որովհետեւ այն ամբողջությամբ կհակասեր իր որոշմանը, եւ, երկրորդ` պետք է ենթադրել, որ Սահմանադրական դատարանի անդամների վրա երկրում հայտարարված եւ գործի դատաքննության ընթացքում շարունակվող արտակարգ դրությունն արտակարգ ազդեցություն է ունեցել: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |