|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Առաջին հանդիպումը` հայկական կողմի համար բարդ իրավիճակում11:51 Yerevan | 7:51 GMT | Wednesday 7 May 2008Էմմա Գաբրիելյան Երեկ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանի շրջանակներում նախատեսված էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը, ինչպես նաեւ բանակցություններ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մայիսի 5-ի երեկոյան ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներ` Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը խորհրդակցել են, իսկ երեկ առավոտյան միջնորդները հանդիպել են երկրորդ անգամ: Համանախագահների միջեւ խորհրդակցություններից հետո նախատեսված էր համանախագահների առանձին հանդիպումը նախ Ադրբեջանի ԱԳ նախարարի, ապա Հայաստանի ԱԳ նախարարի հետ, որից հետո էլ ծրագրված էր Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը` միջնորդների մասնակցությամբ: ԵԱՀԿ ՄԽ-ում ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն տեղեկացրել է, որ երեկ երեկոյան համանախագահները ի պատիվ երկու պետությունների արտգործնախարարների ընթրիք են տալու, որտեղ բանակցությունները պետք է շարունակվեն ոչ պաշտոնական մթնոլորտում: Համանախագահները ակնկալում են, որ համապատասխան մթնոլորտ կստեղծվի հետագա բանակցությունների համար, գուցե անհրաժեշտություն առաջանա արտգործնախարարների երկրորդ հանդիպումը անցկացնելու համար` մինչեւ երկու պետությունների ղեկավարների հնարավոր հանդիպումը կազմակերպելը, եւ այս առումով, ԱԳ նախարարների առաջին հանդիպումը վճռորոշ է լինելու: Ադրբեջանական գործակալությունները մինչեւ մայիսի 6-ի հանդիպումը տեղեկացրել էին, որ ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդները արտգործնախարարների հետ քննարկելու են երկու պետությունների ղեկավարների հանդիպման հնարավորությունը, ինչպես նաեւ տարածաշրջան կատարելիք այցի հարցը, այդ մասին APA գործակալությանը հայտնել էր ԵԱՀԿ ՄԽ-ում ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Բ.Ֆասիեն հավելել էր, որ նման հանդիպման մի քանի տարբերակ կա, մասնավորապես` այն կարող է անցկացվել հունիսի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք 12-րդ միջազգային էներգետիկ համաժողովի ընթացքում: Այնուհետեւ ֆրանսիացի համանախագահը շեշտել էր, որ Եվրախորհրդի նախարարների կոմիտեի լիագումար նիստի նախաշեմին Ստրասբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ միջնորդները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին որեւէ հիմնարար առաջարկ ներկայացնել չեն պատրաստվում, եւ հանդիպումը ճանաչողական բնույթ է կրելու, այնուամենայնիվ, նրա հավաստմամբ, այդ հանդիպումը ցույց կտա, թե որքանով են կողմերը պատրաստ շարունակել աշխատանքը. «Մենք բանակցային գործընթացի վրա աշխատելու ցանկություն ենք տեսնում երկու կողմից էլ», - նկատել է Ֆասիեն: Որ ղարաբաղյան բանակցային գործընթացը այս պահին հայկական կողմի համար, մեղմ ասած, ոչ բարենպաստ է` վկայում է անգամ ՀՀ Ազգային ժողովում վերջերս ընդունված հայտարարության տեքստը: Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի հավանությանը արժանացավ` «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը, ավելին` պաշտոնական Բաքուն ակտիվորեն իր դժոգությունն էր արտահայտում ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության վերաբերյալ: Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ ոչ մեկ անգամ շեշտում էին, որ վերապահումներ ունեն ԵԱՀԿ ՄԽ-ի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի նկատմամբ, եւ որ պաշտոնական Բաքվի համար այս պահին ամենագլխավորն է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը շարունակվի ՄԱԿ-ում ընդունված բանաձեւի հիման վրա: Այս առիթով, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովը նկատել էր, որ այն «շատ կարեւոր մի փաստաթուղթ է, որն ինչպես իրավաբանական, այնպես էլ քաղաքական ուժ ունի». «Համանախագահները թող չկասկածեն, որ այսուհետեւ այն ամբողջ աշխատանքը, որ նրանց հետ է տարվելու, հիմնված է լինելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված սկզբունքների վրա: Մինսկի խմբի գործունեությունը պետք է շարունակվի ՄԱԿ-ի ընդունած բանաձեւի հիման վրա», - ընդգծել էր Ազիմովը: Մայիսի 5-ին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Բեռնար Կուշների պաշտոնական հանդիպումը: Բ.Կուշները վստահեցրել է, որ Ֆրանսիան շարունակելու է ջանքերը ԵԱՀԿ ՄԽ-ի կազմում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղիներ գտնելու նպատակով: Փարիզյան հանդիպմանը, ըստ պաշտոնական տեղեկատվության, Է.Նալբանդյանը Բ.Կուշներին ներկայացրել է Հայաստանի ղեկավարության տեսակետները տարածաշրջանային անվտանգության ապահովման, առկա հակամարտությունների կարգավորման եւ համագործակցության զարգացման վերաբերյալ եւ մասնավորապես ուշադրություն է հրավիրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա ընթացքի եւ հեռանկարների հետ կապված հարցերի վրա: Է.Նալբանդյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա` բարձր գնահատելով միջնորդների ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԱրման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների... ՔաղաքականՔայլող եւ կանգնած ցուցապաստառներՀյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի... ԱշխարհՎախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |