|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ընդդեմ քարոզչական քիլլերության եւ քիլլերի11:50 Yerevan | 7:50 GMT | Wednesday 7 May 2008Գագիկ Աբգարյան Երեկ Համաժողովրդական Շարժումը կազմակերպել էր ակցիա` ընդդեմ տեղեկատվական պատերազմի, որ հասարակությանը հայտարարել է Հանրային հեռուստաընկերությունը: Կեսօրին շարժման ակտիվիստների մի բավական մեծ խումբ հավաքվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի շենքի մոտ: Շարժման ավանդական վանկարկումներին այստեղ ավելացել էր «Ամոթ հայլուրին» արտահայտությունը: Բացի վանկարկումներից միջոցառման մասնակիցները նաեւ պարզել էին «Ժողովրդավարությանը խաբել չի կարելի», «Ազատություն Ա1+ին», «Ազատություն Նոյան Տապանին», «Ոչ քարոզչական ավտոմատավորներին, ոչ քարոզչական տեռորին», «Ոչ ստրկապաշտությանը, ոչ ստրկամտությանը», «Մի սարսափեք «ԳԱԼԱ»-ի ճշմարտությունից», «Հայլուրը քարոզչական քիլլեր է, մարտի մեկի պատասխանատու», «Հ1-ը մի դարձրեք անառականոց» ցուցապաստառներ: Այնուհետեւ ցուցարարները երթով շարժվեցին դեպի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի շենք: Ակցիայի մասնակից, քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը, ակցիայի նպատակի մասին մեզ հետ զրույցում մեր այսօրվա խնդիրները կապեց ազատ մամուլի բացակայության հետ. «Եթե Հայաստանում լիներ ազատ մամուլ` մենք այս վիճակին չէինք լինի: Մեր տղամարդիկ չէին հայտնվի բանտում: Եթե վեց տարի առաջ «Ա1+»-ը չփակեին, մենք այսօր ավելի ազատ Հայաստանում կապրեինք: Այսօրվա ակցիայով մենք պահանջում ենք ազատ, անկախ մամուլ, որ երկիրն էլ ազատ լինի»: «Այլընտրանք» հասարակական նախաձեռնության անդամ Նորիկ Նորիկյանն ասաց. «Մենք նպատակ ունենք իշխանությունը զավթած ուժերին մեկ անգամ եւս հիշեցնելու ԵԽԽՎ-ի պահանջների կատարման անհրաժեշտության մասին: Նրանք պահանջը կատարելու փոխարեն դրա իմիտացիա են անում` փորձելով խաբել միջազգային հանրությանը»: Նրա խոսքերով` շարժման ակտիվիստների մոտ ակցիա կազմակերպելու գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ «Հայլուրը» հերթական խեղաթյուրումն է մատուցել հեռուստադիտողին. «Մարդկանց զայրույթը հասավ գագաթնակետին այն ժամանակ, երբ «Հայլուրը» հերթական անգամ դիմեց ստոր քայլի: Կոնտեքստից կտրելով համազգային կոնգրեսում շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ասած այն միտքը, թե Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում ինքը կդիմի իր համախոհներին ու կոչ կանի դադարեցնել քաղաքական պայքարը, վերոհիշյալ հաղորդումը ներկայացրել է իբր Լեւոնը կոչ է անում դադարեցնել պայքարը, ինչը թյուրիմացության մեջ է գցել ժողովրդի մի զգալի հատվածի»: Ակցիայի մասնակիցները Շարժման անունից հանդես եկան հայտարարությամբ, որի օրինակները հանձնեցին երկու հանձնաժողովներին էլ: Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Իշխանությունը բռնազավթած ապօրինի վարչախումբը շարունակում է վարել քոչարյանական ավազակապետության ռեժիմի տխրահռչակ քաղաքականությունը` ոտնահարելով ՀՀ քաղաքացիների անաչառ, օբյեկտիվ եւ բազմակողմանի լրատվություն ստանալու իրավունքը»: Այնուհետեւ անդրադառնալով Fridom haus իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցին, որտեղ հայաստանյան մամուլը որակվում է որպես «անազատ», մատնանշելով ԵԽԽՎ բանաձեւը, որով իշխանություններից պահանջվում է ապահովել հանրային հեռուստաընկերության անկախությունն ու բազմակարծությունը, եզրակացնում. «ՀՌԱՀ կոչվող անկախ հանձնաժողովը, վերածվելով վարչախմբի ապօրինի հրահանգները իրագործող հանցավոր ու խամաճիկ կառույցի, ըստ էության «Ա1+» եւ «Նոյան Տապան» հեռուստաընկերությունների փակման միջոցով դարձավ անկախ ԶԼՄ-ների գերեզմանափոր»: Հայտարարության վերջում ասվում է. «Ընդունելով, որ այս իշխանության գոյության պայմաններում անհնար է այս ոլորտում պատկերացնել դրական, արմատական փոփոխություն, միաժամանակ մեր պարտքն ենք համարում պայքարելու ազատ մամուլի եւ ազատ խոսքի վերականգնման համար: Հանուն ազատ մամուլի, հանուն ժողովրդավարական Հայաստանի պահանջում ենք - ամբողջովին կատարել ԵԽԽՎ-ի բանաձեւի եւ Եվրամիության նախագահության մարտի 4-ի եւ 12-ի հայտարարություններում նշված պահանջները, - վերաբացել «Ա1+» եւ «Նոյան Տապան» անկախ հեռուստաընկերությունները, - լիարժեքորեն ապահովել ՀՀ քաղաքացիների չեզոք, անկողմնակալ եւ օբյեկտիվ տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը, - ՀՌԱՀ կոչվող հանձնաժողովի բոլոր անդամներից եւ նրա նախագահից ցուցաբերել բացառիկ ողջամտություն եւ ներկայացնել հրաժարականի դիմում, - օրենսդրորեն ամրագրել ՀՌԱՀ կազմավորման այլընտրական մեխանիզմներ, որը հնարավորություն կտա այդ հանձնաժողովում ապահովելու հասարակության ողջ ներկապնակը եւ կվայելի վերջինիս իրական վստահությունը: Համաժողովրդական Շարժումը վերահաստատում է իր վճռականությունը հնարավոր բոլոր օրինական միջոցներով պայքարելու ՀՀ-ում օրինական իշխանություն ձեւավորելու եւ ժողովրդավարական Հայաստան կառուցելու գործում»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |