|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Էսքան մեղքի տակից ո՞նց են դուրս գալու»11:45 Yerevan | 7:45 GMT | Wednesday 7 May 2008Մարինե Խառատյան Անարդարությունը Հայաստանում դրսեւորվում է ամեն օր՝ մեկ, ավելի ճիշտ՝ մի քանի «շտամպով խփած» անարդար դատավարությունների տեսքով: Մեղադրյալի աթոռին են հիմնականում մարդիկ, ովքեր իրենք են տուժել մարտի 1-ի դեպքերի ժամանակ: Ազատության հրապարակը, Ռ.Քոչարյանի խոսքերով, «մաքրելու» արդյունքում դաժանաբար ծեծված ու տարբեր մարմնական վնասվածքներ ստացածների դեմ քրեական գործեր հարուցվեցին հետեւյալ «տրամաբանությամբ». եթե մարմնական վնասվածք ես ստացել, ուրեմն դիմադրություն ես ցույց տվել ոստիկաններին: Նույնն է նաեւ Մյասնիկյանի հարակից տարածքում ծեծվածների մասով, թեեւ բազմաթիվ կադրեր կան, թե ինչպես են ոստիկանները մի 10 հոգով գետնին գցում ու ոտքերով հարվածներ տեղում ցուցարարների վրա: Ասում են՝ նույնիսկ կան «հերթապահ» ոստիկաններ, ովքեր այս օրերին դատարանից դատարան են անցնում ու ցուցմունք տալիս, թե բերման ենթարկելու ժամանակ այսինչն ու այնինչը դիմադրություն են ցույց տվել իրեն, այդպիսով գործը սարքվում է: Մինչդեռ սեփական սահմանադրական իրավունքների համար պայքարող քաղաքացիների դաժան ծեծի, խոշտանգման, նաեւ սպանությունների համար ոչ մի ոստիկան կամ իրավապահ չի պատժվել, նույնիսկ ձերբակալվել: Չի պարզվել նաեւ խանութները իրականում թալանած ու մեքենաներ այրած անձանց ինքնությունը: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հատուկ պահպանության ռեժիմ էր մտցվել, դատական կարգադրիչների ծառայությունը համալրվել էր նոր կարգադրիչներով, ովքեր ստուգում էին ներս մտնողների պայուսակները: Մոտ 10-15 ոստիկաններ դրսում էին: Դատարանը երեկ եւս երկու ամսով երկարաձգեց ԵԿՄ Վայոց ձորի մարզխորհրդի փոխնախագահ, Տեր-Պետրոսյանի Վայոց ձորի շտաբի պետ, 2-րդ կարգի հաշմանդամ Աղասի (Կոլյա) Մկրտչյանի ազատազրկման ժամկետը: Գրավի դիմաց ազատ արձակելու՝ պաշտպանի միջնորդությունը մերժվեց: «Դատարանը ոչ բան հաշվի չառավ. ոչ Մկրտչյանի 2-րդ կարգի հաշմանդամ լինելու հանգամանքը, ոչ խնամքին երկու անչափահաս երեխա ունենալը, ոչ կնոջ մոտ հիվանդության առկայությունը, ոչ էլ ազատամարտիկի՝ հայրենիքի նկատմամբ մատուցած ծառայությունները, որոնց համար պարգեւատրվել է մոտ մեկ տասնյակ մեդալներով», - մեզ հետ զրույցում ասաց պաշտպան Հարություն Բաղդասարյանը՝ շարունակելով. «Կատարվածը քաղաքական հետապնդման հետեւանք է»: Նշենք, որ հաշմանդամ ազատամարտիկը հանդգնել է մասնակցել ընդդիմության հանրահավաքներին ու նստացույցին, մարտի 1-ի առավոտյան մազապուրծ փախել է ոստիկանական հետապնդումից ու մոտ 500 հազար քաղաքացիների պես գնացել Մյասնիկյանի արձանի հարակից տարածք: Երեկոյան, սակայն, առողջական վիճակի վատացման պատճառով, գնացել է քրոջ տուն ու գիշերն այնտեղ է անցկացրել: Մարտի 11-ից կալանքի տակ է քրօրի 154 եւ 225 հոդվածի 2-րդ մասով: Ի դեպ, նրա դեմ մեղադրանք է ներկայացվել նաեւ, թե իբր Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի հետ ընտրակաշառք է բաժանել Վայքում: Այս առթիվ ստիպողաբար ցուցմունք տվածները Աղասի Մկրտչյանի կնոջը ծանոթների միջոցով ասել են, որ ճնշումների տակ են նման ցուցմունք տվել ու պատրաստ են հերքել դրանք դատարանում: Ընտանիքն այսօր գոյատեւում է հաշմանդամ ազատամարտիկի 20 հազար դրամ թոշակով, որն էլ ծախսվում է Վայք-Երեւան գնալ-գալու վրա: Ժամը 16-ին նույն դատարանը քննում էր մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի արդյունքում ձերբակալված Համլետ Աբրահամյանի գործը: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ): «Էսքան մեղքի տակից ո՞նց են դուրս գալու», - շինծու մեղադրանքների ու դատական վճիռների առթիվ նկատեց դատարանի առաջ հավաքված կանանցից մեկը: Անարդարության դեմ բողոքող կանանցից շատերին երեկ դատական կարգադրիչները թույլ չտվեցին մտնել դահլիճ ու մասնակցել դատական նիստին: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ մայիսի 13-ը, քանի որ Համլետ Աբրահամյանի փաստաբանը առողջական պատճառներով չէր ներկայացել դատարան: Երեւանի քրեական դատարանը եւս երեկ աշխատում էր ծանրաբեռնված ռեժիմով. դատարանը երեկ 2 տարի 10 ամիս 26 օր պայմանական ազատազրկման դատապարտեց Կարլեն Մանուչարյանին` մարտի 1-ին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ դրանց մասնակցելու համար»: Քրեական դատարանում հետաձգվեց Մկրտիչ Աբրահամյանի գործով դատավարությունը, ում ներկայացված է նույն մեղադրանքը: Չէր ներկայացել պետական մեղադրողը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծական«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել: ՔաղաքականԱյսօր: Մատենադարանի մոտ: 19.00Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ... ԱշխարհԻ՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |