“Zhamanak” Armenian-American Political Daily

Խաղի կանոնները չեն փոխվի

11:44 Yerevan | 7:44 GMT | Wednesday 7 May 2008

Գոհար Բարսամյան

Նախագահական ընտրությունները երբեմն սերնդափոխության խնդիր են հետապնդում: Քաղաքացիները փոփոխությունների ներքին պահանջ ունեն, եւ դա երբեմն շատ վատ վիճակից չէ, կամ էլ` վատ վիճակից:

Օրինակ` ամերիկացիները այսօր «խոժոռ եւ իրապես դժգոհ են: Այս երկրի բնակչության 81 տոկոսը հանրային հարցումների ժամանակ կարծիք է հայտնել, որ երկիրը գնում է ոչ ճիշտ ճանապարհով»: Այդ մասին իրազեկում է «Newsweek»-ը: Առհասարակ` երկրում քաղաքացին անհարմարավետության` դիսկոմֆորտի զգացողություն է ունենում, երբ ունենում է հոռետեսության եւ անհանգստության զգացումներ. երկար ժամանակ միաբեւեռ աշխարհում Ամերիկան գերազանց դիրքեր ուներ, իսկ աշխարհը իրապես շատ արագ է փոխվում: Ակամայից հիշում ես մանկական խաղը` ամենագեղեցիկը, ամենաուժեղը, ամենաիմաստունը: Սակայն, օրինակ, ամենախոշոր բորսան գտնվում է Պեկինում, ամենաբարձր երկնաքերը կառուցվում է Դուբայում, ամենախոշոր կինոինդուստրիան Բոլիվուդն է եւ ոչ թե Հոլիվուդը, եւ այդպես` մրցակցային անհեթեթ իրողություններ... Սակայն անհեթեթ չէ այն իրողությունը, որ իրապես ազատական եւ ժողովրդաիշխանական երկրում մարդն իրեն դրսեւորում է իր ողջ կարողունակությամբ: Եվ պատահական չէ, որ այդօրինակ երկրներն անընդմեջ ինովացիաների մեջ են` ի հաշիվ ներգաղթածների մտավոր կարողության... Շարժում, զարգացում, վերելքներ ենթադրում են այդ երկրները: Մեծ քաղաքականության չափումներում էական խաղադրույքներ ունի նաեւ Ռուսաստանը: Այսօր Դմիտրի Մեդվեդեւն անցնում է նախագահական պաշտոնի, իսկ Վլադիմիր Պուտինը զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը: Ռուսաստանի պատմության մեջ սա առաջին նմանօրինակ դեպքն է: Փորձագետներն այն կարծիքն են հայտնում, որ Պուտինը դեռ երկար կպահի կառավարման լծակները: Կրեմլից կառավարություն տեղափոխվելիս` Պուտինը իր հետ կվերցնի իր շրջապատի աշխատակիցներին: Պուտինը իր գործողությունների մեջ ազատ լինելու համար օրենքի մեջ փոփոխություններ կմտցնի եւ մեծ ազատություն ձեռք կբերի ռազմավարական խնդիրներ լուծելիս: Նա նաեւ չի հրաժարվի նահանգապետերի վրա հսկողություն սահմանելուց: Հարց է ծագում, թե իշխանությունը ինչպես կտարբաժանվի Պուտինի եւ Մեդվեդեւի միջեւ:

Ռուսական ԶԼՄ-ներին մինչ հիմա մտահոգում է այն հարցը, որ Մեդվեդեւը կգտնվի Պուտինի եւ նրա թիմի հսկողության ներքո: Ոմանք այն կարծիքն ունեն, որ ամեն դեպքում մայիսի 8-ից երկրում փոփոխություններ կլինեն:

Նորընտիր նախագահի հետ կապված ի՞նչ հույսեր ունի Եվրոպան եւ առհասարակ աշխարհը... Խնդիրն այն է, որ նրա նախորդը` Վլադիմիր Պուտինը, երկրում ազգային առաջնորդ է համարվում եւ ունի իշխանական լծակառքը վարելու միջոցները. նախ` երկրի վարչապետ է, կառավարամետ կուսակցության առաջնորդ, հետեւաբար հսկում է Պետական դումայի երկու երրորդը: Այնպես որ, նրան հնարավոր չէ օտարել իշխանություններից: Իսկ երկրի ժողովրդագրական դեմքը սարսափելի է. երկրի տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը 59 տարի է, հաշվարկները ցույց են տալիս, որ Ռուսաստանի բնակչության թիվը առաջիկայում կկրճատվի երկու երրորդով: Փորձագետները Ռուսաստանում գերխնդիր են համարում այն, որ ահռելի մեծ չափեր ընդգրկող ճգնաժամ է տիրում Ռուսաստանի էներգապաշարների ոլորտում, որում պետությունը սահմանել է իր հսկողությունը եւ գործում է ապօրինի մեթոդներով: Այս երկրում հակադարձ գործընթաց է. սակավարդյունավետ պետական ձեռնարկությունները ուժով ճնշում են բարձր արդյունավետություն ունեցող ձեռնարկությունները, իսկ այնուհետեւ ի վիճակի չեն լինում ներդրումներ կատարել արտադրության հզորությունը ապահովելու համար: Ստացվում է, որ նրանք ներքին պահանջը չեն ապահովում: Բնականաբար խնդիրներ են ծագում նաեւ արտահանման հետ կապված, ինչն էլ ապահովում է ռուսական տնտեսության աճը: Երկրի ընդդիմադիր ուժերի դժգոհության առանցքը հենց դա է: Բրիտանական «The Guardian» պարբերականի վերլուծաբանը կարծիք է հայտնում, թե բնակչությունը դաստիարակվում է պարանոիդալ քսենոֆոբիայով եւ շովինիստական նկրտումներով եւ հեշտությամբ է հարմարվում այլ ուղիների: Ամեն դեպքում` Ռուսաստանը, ինչպիսին էլ որ լինի, արտաքին քաղաքական մարտահրավեր է նետում Եվրոպային: Հույսեր կան, որ ամռանը Եվրամիության եւ Ռուսաստանի հարաբերություններում հավասարակշռություն կստեղծվի, եթե թողնի ավտորիտար իրավակարգի կանոններով շարժվելու սկզբունքը: Հակառակ պարագայում` Եվրամիությունը «հեռավորություն կվերցնի» այս երկրից: Ռուսաստանի եւ Եվրամիության հարաբերություններում գերխնդիրը էներգետիկ ոլորտում մենաշնորհային քաղաքականությունն է. «Գազպրոմ»-ը ձեռք է բերել Եվրոպայի խոշոր էներգետիկ ընկերությունների իրավունքը: Կառավարման պուտինյան նախատիպը ի զորու չէ ներքին` սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ լուծելու, որոնք պետք է երկրի իրական վերածնունդը ապահովեն: Այսինքն` Ռուսաստանը կանգնել է Եվրամիության հետ ազատական, բաց տնտեսական հարաբերությունների հաստատման հրամայականի առաջ: Մայիսի 5-ին Եվրահանձնաժողովը բացառել է ամերիկյան «Նաբուկո» ծրագրին Ռուսաստանի միանալը: Եվրամիության ներկայացուցիչներն ընդգծել են, որ Եվրոպան կջանա դիվերսիֆիկացնել էներգապաշարների աղբյուրները: Իսկ Ռուսաստանը աշխատում է իր սեփական` «Հարավային հոսք» նախագծի վրա: Եվրամիության արտաքին կապերի կոմիսար Բենիտա Ֆերերո-Վալդները եւս հերքել է Ռուսաստանի մասնակցությունը նախագծին: «Նաբուկոն» 2012-2013թթ. ենթադրում է Կասպյան տարածաշրջանից Եվրոպա գազի մատակարարում` շրջանցելով Ռուսաստանը:

Արխիվ
Վերլուծական

Սնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...

Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների...

Քաղաքական

Արժանապատվորեն

...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա:

Աշխարհ

Մեղադրանք

Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.