“Zhamanak” Armenian-American Political Daily

Արիել Քոեն. «Հայ ժողովուրդը հրաշալի նախաձեռնող ու տաղանդավոր է»

14:29 Yerevan | 10:29 GMT | Tuesday 6 May 2008

Էմմա Գաբրիելյան

«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը, այդ երկրների ժողովուրդներն ու ղեկավարները համաձայնության գան փոխընդունելի լուծումների շուրջ, Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի հզոր հենակետը: Ցարական կայսրության ժամանակ Հարավային Կովկասում` Վրաստանում, Ադրբեջանում, ինչպես եւ Հայաստանում, տնտեսության մեծ մասը կառավարվում էր հայերի կողմից: Ոչ մի պատճառ չկա, որ այսօր այդ նույն վիճակը չվերադառնա»:

Նման կարծիք է հայտնել «ԺԵ»-ի զրուցակից` ամերիկացի հայտնի քաղաքագետ, «Heritage Foundation» վերլուծական կենտրոնի Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով ծրագրի գիտաշխատող Արիել Քոենը: Վերջինիս ուսումնասիրության տիրույթը ներառում է Ռուսաստանը, նախկին Խորհրդային Միության Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրները: Ա.Քոենը ԱՄՆ Միջազգային հարաբերությունների խորհրդի, Լոնդոնի Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի անդամ է: Նա հայտնի խորհրդայնագետ է` արտաքին քաղաքականության, անվտանգության եւ միջազգային հարաբերությունների գծով, արհեստավարժ փորձագետ է` ՌԴ-ի տնտեսական եւ ֆինանսական ոլորտի, ռուս-ամերիկյան հարաբերությունների, Կասպից ծովի տարածաշրջանի նավթի արդյունահանման խնդիրների, հակամարտությունների, ինչպես նաեւ` ԱՊՀ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունների հարցերով: Ա.Քոենը աշխատել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունում, Համաշխարհային բանկում, Սենատում եւ ԱՄՆ-ի կառավարությունում որպես խորհրդատու, դասախոսություններ է կարդացել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունում, հաճախ հանդես է գալիս ԱՄՆ-ի Կոնգրեսի տարբեր հանձնախմբերում, տպագրվում է` «Washington Post», «The Washington Times», «The Wall Street Journal», «The Journal of Commerce», «Harvard International Review» եւ այլ թերթերում ու ամսագրերում: Ա.Քոենը Ռուսաստանի վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ է, այդ թվում` «Ռուսական իմպերիալիզմ. զարգացում եւ ճգնաժամ»:

- Պարոն Քոեն, ինչպե՞ս եք գնահատում Միացյալ Նահանգների կողմից վարվող քաղաքականությունը Հարավային Կովկասի պետությունների նկատմամբ: ԱՄՆ-ի ազդեցությունը Ռուսաստանի հետ համեմատությամբ որքա՞ն է մեծացել այս տարածաշրջանում վերջին տարիների ընթացքում: Որքանո՞վ եք ադեկվատ եւ համաչափ գնահատում ԱՄՆ քաղաքականությունը ռեգիոնում ընդհանրապես:

- Ամերիկայի Միացյալ Նահանգները Հարավային Կովկասը դիտում է իբրեւ ռազմավարական տարածք, որը էներգակիրներով հարուստ Կասպյան ավազանը Սեւ Ծովի ափով կապում է համաշխարհային շուկաների հետ, ինչպես նաեւ իբրեւ հյուսիսից Ռուսաստանի եւ հարավից Իրանի ու Թուրքիայի միջեւ ընկած կարեւոր աշխարհաքաղաքական հանգույց: ԱՄՆ կառավարությունը փորձում է բոլոր երեք հանրապետությունների` Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ: Երբեմն դա դժվար է, քանի որ այդ երկրների էլիտաները բավական զբաղված են իրենց սեփական խնդիրներով` առանց բավարար ուշադրություն հատկացնելու տարածաշրջանին ու ավելի ընդգրկուն տարածքներին: Օրինակ` եթե երեք երկրների միջեւ հարաբերությունները բնականոն լինեին եւ գոյություն ունենար ընդհանուր շուկա, այդ երկրների ՀՆԱ-ն շատ ավելի արագ կաճեր: Իրավական համակարգի ու մաքսային ծառայության միջեւ կլիներ ներդաշնակություն, գոյություն կունենար առեւտրի եւ տնտեսական փոխանակումների առավել մեծ ծավալ: Փոխարենը, սակայն, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առկա է ցածր լարվածության հակամարտություն եւ ոչ բավարար համերաշխ վերաբերմունք Վրաստանի հանդեպ, որը Ռուսաստանին միայնակ է դիմակայում:

- Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրի ղեկավարության կողմից վարվող արտաքին քաղաքականությունը ինչպե՞ս եք գնահատում եւ այդ երկրներում ժողովրդավարության հաստատումը, ձեր կարծիքով, դրական զարգացու՞մ է ապրել, թե՞ ընդհակառակը` այս երկրներում հետընթաց է արձանագրվել ժողովրդավարական հաստատությունների հարցում:

- Վերջին տարիներին որոշ երկրներում, օրինակ` Հայաստանում, ցավալիորեն ժողովրդավարության նահանջ է նկատվում, ուր իշխանությունները բիրտ ուժ կիրառեցին ընդդիմության դեմ: Թեեւ ոմանք կարող են մատնացույց անել Վրաստանին` անցյալ նոյեմբերին այնտեղ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ, սակայն իրադրությունը խիստ տարբեր է: Վրաստանի կառավարությունն ընդունեց, որ սխալներ է գործել, եւ փորձեց դրանք շտկել` նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ: Ադրբեջանը կայուն է թվում, եւ ընդդիմությանն առայժմ չի հաջողվել Ալիեւի վարչախմբին մրցակից դառնալ: Առաջիկա տարիներին Ադրբեջանը հավանաբար կկենտրոնանա իր տնտեսության արագ զարգացման վրա: Հուսանք, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով, ինչը երկու երկրների համար էլ տնտեսական զարգացման նոր հնարավորություններ կբացի: Կարծում եմ, որ բոլորն էլ արդեն բավական տուժել են հակամարտությունից:

- Ի՞նչ հեռանկար ունեն նախկին խորհրդային այն բռնատիրական ռեժիմները (Հայաստան, Բելառուս, Ուզբեկստան), որոնք իրենց երկարակեցությունը պայմանավորում են բացառապես Ռուսաստանի հետ սերտ գործընկերությամբ:

- Բոլոր այդ ռեժիմները նախեւառաջ հետապնդում են իրենց իսկ շահերը, որոնց մեջ առաջնահերթը իրենց առաջնորդի քաղաքական կենսունակության խնդիրն է: Նրանք Ռուսաստանի ձեռքի գործիքներ չեն: Եթե Ռուսաստանն ինչ-որ հրաշքով սկսեր Ձեր մատնանշած երեք երկրներում սատարել ժողովրդավարական ուժերին կամ եթե ցանկանար Թուրքմենստանում կամ Տաջիկստանում ազատ ու արդար ընտրություններ անցկացնել, կտեսնեիք, թե այդ առաջնորդները ինչպիսի արագությամբ են փոխում իրենց հավատարմությունը: Հայաստանի ղեկավարությունը, օրինակ, կմերձենար Իրանին: Կենտրոնական Ասիայի հանրապետություններն ու Բելառուսը` Չինաստանին: Բելառուսը նաեւ ամուր կապեր է հաստատում Արաբական ծոցի երկրների ու Ուգո Չավեսի Վենեսուելայի հետ: Այսպիսով, հարցը միայն Ռուսաստանը չէ, հարցը ավտորիտար ռեժիմները ջրի երեսին պահելն է` ի շահ այն մարդկանց, ովքեր ղեկավարում են այդ ռեժիմները:

- Հայաստանի իշխանությունը եւս, հատկապես վերջին նախագահական ընտրություններից հետո, իր ապագան կապում է բացառապես Կրեմլի հետ: Քաղաքական զարգացումները մեր երկրում դեռ չեն ավարտվել, ավելին` դրանք նոր թափ ստանալու միտումներ ունեն: Հայաստանյան վերջին իրադարձություններից հետո ԱՄՆ մի շարք կոշտ հայտարարություններին եւ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի միջոցների հատկացումների դադարեցմանն այդպես էլ ՀՀ իշխանությունները անսալու տրամադրություններ չեն դրսեւորում: Ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր կհետեւեն հետայսու պաշտոնական Վաշինգտոնի կողմից:

- Առաջին. ԱՄՆ կառավարությունը պետք է երկխոսի թե՛ Երեւանի եւ թե՛ սփյուռքի հետ: Այն պետք է վերահաստատի, որ 21-րդ դարում այնպիսի դաժան հարձակում, որի ընթացքում մարդիկ են սպանվում, բռնությունների ենթարկվում կամ կասկածելի հիմքերով բանտարկվում` անընդունելի է: Ի վերջո, նույնիսկ Զիմբաբվեում տեղական իշխանություններն ընդունեցին, որ կառավարող կուսակցությունը տանուլ է տվել խորհրդարանական ընտրություններում, իսկ նախագահ Ռոբերտ Մուգաբեն տանուլ է տվել նախագահական ընտրություններում: Այնտեղ կլինի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ իշխանությունները բոլորին եւ միշտ հիմարացնել չեն կարող: Սա` Զիմբաբվեու՛մ:

Իսկ մենք այստեղ խոսում ենք Հայաստանի մասին. մի երկրի, որը մոլորակի հնագույն ու խորքային մշակույթներից ու քաղաքակրթություններից մեկն ունի: Ինչպիսի՜ ամոթ: Ինչպիսի տխուր, տխուր պատմություն: Փոխանակ տարածաշրջանին ու աշխարհին ցուցադրելու, թե հայերն ինչպես կարող են թափանցիկ ու ժողովրդավարական ձեւով լուծել վեճերը, մենք ուժի ցուցադրում ստացանք: Եվ, խնդրեմ` չկարծեք, թե դա էժան է նստելու: Ներդրողները Հայաստանը դիտելու են որպես արատավոր քաղաքականությամբ մի երկիր` Ադրբեջանի հետ առանց հարաբերությունների եւ Թուրքիայի հետ փակ սահմաններով. կարծում եք` նրանք այդտեղ ներդրու՞մ կանեն: Ավելին` Հայաստանը ԵՄ հարեւանության ծրագրի մաս է կազմում: Կարծում եք` եվրոպացիները կու՞յր են, չե՞ն տեսել, թե փետրվար-մարտ ամիսներին Երեւանում ինչեր կատարվեցին: Որքա՞ն վարկանիշ կորցրեց Հայաստանն այդ զարգացումների պատճառով, եւ քանի՞ տարի է հարկավոր այն վերականգնելու համար: «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի ֆինանսական միջոցներից զրկվելն ամենավերջին բանն է, որ պիտի մտահոգի իշխանություններին:

- Մեր տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման հարցում ի՞նչ ակնկալիքներ ունեք: Երբեմն մեր հասարակության մեջ իշխում է այն տեսակետը, թե հակամարտությունները չեն կարգավորվում, քանի որ գերտերությունները այդքան էլ չեն ձգտում հասնել դրանց վերջնական կարգավորմանը, հետեւաբար այդ պատճառով էլ անհրաժեշտ ճնշումներ չեն գործադրում հակամարտող երկրների իշխանությունների վրա... Իրականությանը մո՞տ են նման կարծիքները:

- ԱՄՆ-ն խիստ շահագրգիռ է Հարավային Կովկասում լարվածության թուլացմամբ: Մենք այնտեղ կայունություն եւ տնտեսական աճ ենք ուզում: Ցանկանում ենք, որ երեք երկրներն էլ ինտեգրվեն Արեւմուտքին, ոչ թե Իրանին կամ Ռուսաստանին, որտեղ իշխանություն ունեցող մարդիկ ամեն գիշեր կայսերապաշտական երազներ են տեսնում: Ռուսաստանը շահագրգռված է սառեցված կամ թեժ հակամարտություններով: Հետո կարող են հաշտարարի դեր ստանձնել: Ռուսաստանը պետք է Աբխազիայի խաղաղարարը լիներ, այնինչ ականատես ենք լինում մեկ այլ` անեքսիայի քաղաքականության: Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության շարունակականությունից շահում է: Նախ` դրանով իր ռազմակայաններն է պահպանում Հայաստանում: Երկրորդ` երկու կողմերին էլ զենք է վաճառում: Երրորդ` այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտությունը շարունակվում է` Հայաստանը վախենալու է Թուրքիայից եւ թշնամի է մնալու Ադրբեջանին, հետեւաբար նետվելու է «մայր-Ռուսաստանի» գիրկը: Արդեն հարյուր տարուց ավելի է այս վիճակը շարունակվում: Ի՞նչ նոր բան կա այստեղ:

- Կոնկրետ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ի՞նչ հնարավորություններ եք տեսնում առաջիկայում, եւ ԼՂ խնդրի չկարգավորումից այս տարիների ընթացքում Հայաստա՞նն է առավելապես տուժել, թե՞ Ադրբեջանը: Կամ` ո՞ր կողմն է ավելի շատ շահել եւ ու՞մ դիրքերն են ամրապնդվել այս ընթացքում:

- Ես կարծում եմ, որ Հայաստանն ավելի շատ բան է կորցրել. մեծապես տուժել է երկրի տնտեսական զարգացումը, արտագաղթի պատճառով երկիրը կորցրել է իր ազգաբնակչության մեկ քառորդը, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանները փակ են: Հողը շատ կարեւոր է, բայց նույնքան կարեւոր է նաեւ տնտեսական զարգացումը: Եվ, ի տարբերություն իսրայելա-արաբական հակամարտության, չեմ կարծում, թե ադրբեջանցիները ցանկանում են կամ ի զորու են Հայաստանն առհասարակ վերացնելու:

Եթե Հայաստանն ու Ադրբեջանը, այդ երկրների ժողովուրդներն ու ղեկավարները համաձայնության գան փոխընդունելի լուծումների շուրջ, Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի հզոր հենակետը: Հայ ժողովուրդը հրաշալիորեն նախաձեռնող ու տաղանդավոր է: Ցարական կայսրության ժամանակ Հարավային Կովկասում` Վրաստանում, Ադրբեջանում, ինչպես եւ Հայաստանում, տնտեսության մեծ մասը կառավարվում էր հայերի կողմից: Ոչ մի պատճառ չկա, որ այսօր այդ նույն վիճակը չվերադառնա: Հայերին հասանելի է աշխարհով մեկ սփռված կապիտալը` սկսած Լոս Անջելեսից, Միջին Արեւելքից, վերջացրած Եվրոպայով ու Ռուսաստանով: Սակայն կապիտալը երկչոտ է. մարդիկ ներդրում չեն անի, քանի դեռ կա չլուծված հակամարտություն: Իսկ այդ նույն ընթացքում Ադրբեջանը դառնում է ավելի հարուստ եւ ավելի ուժեղ: Սա արդո՞ք լավ ռազմավարություն է Հայաստանի համար:

- Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում ընդունված ամփոփիչ հռչակագրում նշվեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները ճանաչում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունը: Ինչո՞վ էր պայմանավորված ՆԱՏՕ-ի նման հայտարարության ընդունումը եւ այս հայտարարությունը նշյալ պետություններում առկա հակամարտությունների կարգավորման հեռանկարների վրա որեւէ կերպ կարո՞ղ է ազդեցություն ունենալ:

- Կարծում եմ, որ դա հզոր ուղերձ էր Ռուսաստանին եւ տարածաշրջանի անջատողական ուժերին: Եկեք դրանցից յուրաքանչյուրի մասին առանձին խոսենք: Ռուսաստանին ուղղված ուղերձն այն է, որ վերջինս դադարեցնի օժանդակել անջատողականներին: Հայաստանին ուղղված ուղերձն այն է, որ Ղարաբաղն իբրեւ հայկական տարածք չի ճանաչվելու, խնդրեմ բարի եղեք բանակցեք` լուծում գտնելու նպատակով: Ադրբեջանին ուղղված ուղերձն այն է, որ սատարում ենք Ղարաբաղի ու Լաչինի միջանցքի ձեր պահանջները: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ Ադրբեջանի անվրեպ սատարողը: Նմանապես` ԱՄՆ-ն եւ ԵՄ-ը: Փողն է խոսում: Խոսում է նաեւ նավթը: Բնական գազը` նույնպես: Սա՛ է աշխարհիս իրականությունը: Գուցե ես երբեւէ չուզենայի, որ այդպես լիներ, սակայն դա այդպես է:

- Հայաստանի հարեւան երկրների` Վրաստանի, գուցե նաեւ Ադրբեջանի ՆԱՏՕ-ին անդամակցության դեպքում, ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ ռազմավարություն պետք է մշակի Հայաստանը:

- Նախ` Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ ՆԱՏՕ-ն այլեւս այն ռազմական դաշինքը չէ, որը ծրագրում է սովորական կամ միջուկային պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ: Խորհրդային Միությունը կործանվել է 1991-ին: ՆԱՏՕ-ն ներկայումս քաղաքական-ռազմական դաշինք է, որին այնպիսի երկրներ են մաս կազմում, ինչպիսիք են Ալբանիան ու Մակեդոնիան: Վրաստանը դեպի ՆԱՏՕ Հայաստանի համար կարող է լավ կամրջի դեր կատարել, եւ ես Բրյուսելի կողմից Հայաստանի հանդեպ որեւէ սպառնալիք չեմ տեսնում: Ադրբեջանն այսօր «խիստ հեռավոր կամուրջ» է ՆԱՏՕ-ի համար: Այսինքն` խնդիրն այսօր Վրաստանի եւ Ուկրաինայի վրա կենտրոնանալն է: Ապագան, սակայն, կարող է տարբեր լինել: Քանի դեռ Ադրբեջանն ու Հայաստանն իրենց հակամարտությունը չեն լուծել, ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անընդունելի են: Մյուս կողմից, սակայն, եթե ղարաբաղյան հակամարտությունը լուծում գտնի` թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի համար կարող է անդամակցության հեռանկար բացվել: Դա երկու երկրների հարաբերությունների համար 21-րդ դարում հրաշալի նոր սկիզբ կդառնար:

Արխիվ
Վերլուծական

Սնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...

Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների...

Քաղաքական

Արժանապատվորեն

...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա:

Աշխարհ

Մեղադրանք

Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.