|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Պայքարի նոր փուլի սկիզբն ազդարարվեց14:24 Yerevan | 10:24 GMT | Tuesday 6 May 2008Արմեն Գրիգորյան Մայիսի 2-ին կայացած Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսի նախապատրաստման ընթացքը կրկին ապացուցեց, որ իշխանությունների նկատմամբ անընդհատ ճնշումներ գործադրելու մարտավարությունն արդյունավետ է գործում. կոնգրեսը Թբիլիսիում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերումն իշխանություններին անմիջապես ստիպեց համաձայնել Շարժմանը դահլիճ տրամադրելուն: Իսկապես, եթե կոնգրեսը կայանար Թբիլիսիում, վարչախումբը ժամանակ շահելու եւ պատժամիջոցներից խուսափելու հնարավորությունից վերջնականապես կզրկվեր: Նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կողմից իրավիճակի բազմակողմ վերլուծությունն ու մի շարք խնդիրների վերաբերյալ արտահայտված դիրքորոշումները հաշվի առնելով` Շարժումն այժմ թեւակոխել է նոր փուլ: Մարտի 1-ի իրադարձությունների մասին առկա տեղեկություններն ի մի բերելով` Լ.Տեր-Պետրոսյանն իր վերլուծությամբ հստակորեն ապացուցել է Ռ.Քոչարյանի եւ ուժային կառույցների կողմից ծանր պետական հանցագործություններ կատարելու փաստը: Ինչ վերաբերում է Ս.Սարգսյանին. ինչպես նախկինում նշել էինք, նա պետք է ընտրի վատի եւ առավել վատի միջեւ, այսինքն` կամ համաձայնի միջազգային անկախ հետաքննության անցկացմանը` իշխանությունից անխուսափելիորեն զրկվելու հեռանկարով, կամ էլ չհամաձայնի եւ լիովին կիսի արյունահեղության համար պատասխանատվությունը: Կարեւոր է, որ կրկին ընդգծվեց, որ մի քանի օր առաջ հնչեցրած առանց նախապայմանների իշխանությունների հետ երկխոսություն սկսելու հերթական առաջարկներն անտեղի են. պատանդներ վերցնողների հետ բանակցելն իսկապես անհնար է: Եվրոպական կառույցների կողմից իրենց պարտականությունները բարեխղճորեն չկատարելու իրականության կապակցությամբ առկա մտահոգության հիմնավորվածությունը նույնպես ակնհայտ է: Իսկապես, իր արժանապատվությունը փրկելով փոքր-ինչ շահագրգռված լինելու դեպքում ԵԽԽՎ-ն պարտավոր է հունիսին իրագործել Հայաստանի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու խոստումը, քանի որ բոլոր ձերբակալվածներին ազատ արձակելու, ինֆորմացիոն հավասար հնարավորություններ ապահովելու, մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն իրականացնելու պահանջները չեն բավարարվում: Կարելի է նաեւ նշել, որ եվրոպական կառույցների Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարումը եւ ժողովրդավարության ամրապնդմամբ լրջորեն շահագրգռված չլինելը բավական տրամաբանական է. բացի ընտրակեղծիքներին մատների արանքով նայելուց, կարելի է նաեւ հաշվի առնել, մասնավորապես, ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնում իրար հետեւից Ռուսաստանի ներկայացուցիչներին նշանակելու պրակտիկան, ինչպես նաեւ Հայաստանում Եվրախորհրդի ներկայացուցչության աշխատակազմի ձեւավորման ընթացքում առկա արատավոր ավանդույթները: Այս շարքին կարելի է ավելացնել նաեւ որոշ միջազգային հիմնադրամների գործունեությունում առկա նույնքան արատավոր ավանդույթները. եթե նախկին սոցիալիստական այլ երկրներում այդ հիմնադրամները զգալիորեն նպաստել ու նպաստում են բաց քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, ապա Հայաստանում տարիներ շարունակ համագործակցում են հիմնականում իշխանամետ կառույցների հետ` ժողովրդի լեզվով ասած «գրանտակերության» ոլորտում: Լ.Տեր-Պետրոսյանի ելույթի հաջորդ հատվածը` հասարակության եւ ավազակապետության միջեւ առկա անջրպետի վերաբերյալ, կարելի է ամփոփվել նախագահի հետեւյալ խոսքերը մեջբերելով. «1988թ. Ղարաբաղյան շարժումից եւ 1991թ. Անկախության հանրաքվեից ի վեր Հայաստանի հասարակությունը երբեւէ այնքան միասնական չի եղել, որքան հիմա»: Իսկապես, իբրեւ թե պառակտված հասարակության հատվածների միջեւ միասնականությունը վերականգնելու խնդիր գոյություն չունի, քանի որ հասարակության պառակտում` որպես այդպիսին գոյություն չունի: Նախկինում արդեն նշել էինք, որ բաժանումը մի կողմից ազատության ու բարեփոխումների ձգտող քաղաքացիների, մյուս կողմից` ավազակապետերի ու նրանց «հաճախորդ»-կոլաբորացիոնիստների միջեւ է, եւ քաղաքացիները պատրաստակամ են հասնել իրենց իրավունքների եւ ազատության վերանվաճմանը` Շարժման միջոցով: Արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը իշխանության լեգիտիմությունն ապահովելու միակ հնարավորությունն է: Պայքարը «Հայ ազգային կոնգրեսի» ձեւաչափով շարունակելու առաջարկը տրամաբանական է` նկատի ունենալով արտահերթ ընտրություններին լիարժեք կերպով պատրաստվելու անհրաժեշտությունը: Շարժման անդամ կուսակցությունները շարունակելու են պահպանել իրենց ինքնուրույնությունն ու կառուցվածքը, ինչպես նաեւ անկախ քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքը: Սակայն նոր ձեւաչափով համագործակցությունը պետք է նպաստի ընդհանուր գաղափարախոսական դիրքորոշումներ ունեցող կուսակցությունների մերձեցմանը եւ նախընտրական բլոկների, իսկ հետագայում, հավանաբար, ավելի խոշոր կուսակցությունների ստեղծմանը` խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Զարգացման հնարավորություններից մեկը երեք քաղաքական ուժերի` ազատական, պահպանողական եւ սոցիալ-դեմոկրատական (այս անվանումներն առայժմ պայմանական են) ձեւավորումն է: Վերջապես, հարկ է կրկին ընդգծել Լ.Տեր-Պետրոսյանի եւ ավազակապետերի միջեւ առկա մտածելակերպի տարբերությունը: Ռ.Քոչարյանը ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառման հավանականությունն ընկալեց որպես անձնական վիրավորանք եւ ինքնավստահ կերպով հայտարարեց, որ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի դադարեցման դեպքում այլ աղբյուրներից էլ կկարողանա միջոցներ հայթայթել: Նրա մտքով անգամ չէր կարող անցնել մարդու իրավունքների նկատմամբ հարգանք ցուցաբերելու միջոցով պատժամիջոցներից խուսափելու հնարավորությունը: Մինչդեռ Լ.Տեր-Պետրոսյանը, ցուցաբերելով իսկական պետական այրին վայել գործելաոճ, խնդրեց զերծ մնալ Հայաստանին հատկացվող օգնությունները նվազեցնելու կամ դադարեցնելու մտադրությունից: Իհարկե, վարչախմբի դեմ ուղղված քաղաքական պատժամիջոցները մնում են խիստ ցանկալի, եւ Ս.Սարգսյանին, այլ պաշտոնյաներին ու նրանց մերձավորներին վիզաների տրամադրման դադարեցումն առավել արդյունավետ միջոցներից կլիներ: Ու վերջապես, պետք է մատնանշել Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսի եւս մի անբաժան մաս` Լ.Տեր-Պետրոսյանի անզուգական հումորի զգացումը, որը մեր ընթերցողները շուտով կկարողանան գնահատել` DVD-ների օգնությամբ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |