|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Համաժողովրդական Շարժման համապետական որակները14:23 Yerevan | 10:23 GMT | Tuesday 6 May 2008Արամ Ամատունի Անկասկած է, որ Համաժողովրդական Շարժման ոգեւորության, խանդավառության, հաստատակամության եւ անկոտրում ոգու առկայության կարեւորությամբ հանդերձ, չափազանց կարեւոր է մեկ այլ հանգամանք, որը մինչեւ մարտի 1-ը բնորոշ է եղել Համաժողովրդական Շարժմանը, եւ թերեւս էական էր, թե արդյոք մարտի 1-ից հետո այդ հանգամանքը առկա՞ է լինելու Շարժման գործողություններում: Խոսքը քաղաքական իրազգացողության մասին է: Այլ կերպ ասած` իրականությանը Շարժման ադեկվատության, քաղաքական իրատեսության, պրագմատիզմի մասին: Ապրիլի 19-ի հանրահավաքի ընթացքում ակնհայտ դարձավ, որ ոգեղենությունը, խանդավառությունը եւ հաստատակամությունը հանրությանը չեն լքել: Սակայն քաղաքական իրատեսության խնդիրը, որ առավելապես կախված է Շարժման առաջնորդներից, եւ մասնավորապես առաջնորդ, հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից, մնում էր թերեւս բաց, թեկուզ եւ այն պարզ պատճառով, որ ապրիլի 19-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքին չմասնակցեց: Որոշ շրջանակներում դա ընկալվեց որպես ասելիքի եւ անելիքի անորոշության դրսեւորում: Սակայն այդ տեսակետը չհասցրեց որեւէ խմբի մոտ արմատանալ, քանի որ ընդամենը երկու շաբաթ անց, իրեն սատարող ուժերի հանրապետական կոնգրեսի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցած ծավալուն ելույթը վկայեց, որ քաղաքական իրազգացողության, պրագմատիզմի, ասելիքի եւ անելիքի մասին պատկերացումների տեսանկյունից Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծես թե խնդիրներ չունի: Դա թերեւս գլխավոր եզրակացությունն է, որ կարելի է անել առաջին նախագահի ելույթից: Ավելին` նրա այդ ելույթը կարելի է համեմատել սեպտեմբերի 21-ի, ըստ էության, պատմական ելույթի հետ: Եվ այն ժամանակ, եւ մայիսի 2-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանն ըստ էության վկայեց իրավիճակին համարժեք լինելու, իրողությունները հստակ պատկերացնելու եւ սթափ գնահատելու իր պատրաստակամությունը, ինչով մեծապես պայմանավորվեց թե այն ժամանակ ելույթի առաջացրած մեծ արձագանքը, ֆուրորը, թե ըստ երեւույթին պայմանավորված է լինելու մայիսի 2-ի առաջացնելիք արձագանքը: Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա գլխավորած Շարժման հաջողության գրավականն ամենեւին էլ իշխանության հասցեին հնչած քննադատությունը չէ ու ոչ էլ այն, որ առաջին նախագահը տասնամյա լռությամբ հետաքրքրություն էր առաջացրել իր անձի նկատմամբ: Գլխավոր խնդիրը, առաջնային գրավականը իրավիճակին, հայաստանյան իրողություններին խորքային առումով ադեկվատ լինելն է, ինչը ստացվեց սեպտեմբերի 21-ի մեկնարկով եւ արտահայտվեց մայիսի 2-ին, որն անկասկած մի նոր փուլի մեկնարկ է, ինչը որ նախանշեց Լեւոն Տեր-Պետրոսյանը Շարժումը վերակազմավորելու եւ Հայ ազգային կոնգրես վերանվանելու առաջարկով: Այդպիսով, ըստ էության, Լեւոն Տեր-Պետրոսյանը բյուրեղացնում է Համաժողովրդական Շարժումը, այն հստակեցնում, թերես նաեւ հանդես գալիս ֆիլտրելու նախաձեռնությամբ: Իսկ դրա անհրաժեշտությունը թելադրված է ժամանակով: Այն կազմը, այն մոտեցումներն ու այն բովանդակությունը, որ Շարժումն ուներ մինչեւ ընտրությունները եւ ետընտրական ժամանակահատվածում, դրանք համարժեք էին տվյալ իրողություններին, ընտրական գործընթացով պայմանավորված հասարակական սպասումներին: Թեեւ այդ սպասումներն իրենց հիմնական մասով մնում են նույնը, այսինքն` հնարավորինս արագ հասնել Հայաստանում առկա կառավարման համակարգի փոփոխության, այնուամենայնիվ, այժմ փոխվել են այս սպասումների ընկալման ձեւերը, ինչը միանգամայն բնական է` նկատի ունենալով ընտրական կրքերի հանդարտեցումը: Հետեւաբար շարժումը պետք է համապատասխանեցնել հասարակական ներկա ընկալումներին, փոխադարձ հաղորդակցության առկա որակը պահպանելու համար: Ֆիլտրացիան կարեւոր է հենց այդ հանգամանքից ելնելով: Սակայն խոսքը վիճակահանության, բնական ընտրության կամ քմահաճույքի մասին չէ, երբ ասենք որեւէ մեկի կամքով որեւէ մեկը կմնա շարժման մեջ, իսկ մյուսը դուրս կգա, կամ որեւէ մեկին կպահեն նույն տեղում, իսկ մյուսին կտեղափոխեն շարժման մեկ այլ սեգմենտ: Խնդիրն այն է, որ նախանշվում է առաջընթացի նոր ֆորմատը, եւ դա արդեն ինքնին կցուցանի, թե ովքեր են կարողանում համապատասխանել նոր ֆորմատի պահանջներին, իսկ ովքեր` ոչ: Այսինքն` ոչ թե նախանշվում է կազմը, հետո ըստ այդմ ընտրվում այդ կազմին հարիր կամ հարմար նպատակը, ինչպես սովորաբար Հայաստանում գործել է որեւէ ընդդիմադիր շարժում, այլ նախանշվում է հստակ նպատակը, հիմնավորվում դրա արդարացիությունը, իրատեսականությունը, որպեսզի չառաջանան դրա հետ կապված լրացուցիչ ինտրիգներ, եւ հետո նոր ձեւավորվում է, ինչ-որ տեղ նույնիսկ բնական ընտրությամբ, այն կազմը, որը պետք է քայլեր կատարի նախանշված նպատակին հասնելու ուղղությամբ: Բանն այն է, որ նախընտրական ժամանակահատվածում շարժումն, անկասկած, ստիպված էր համագործակցել մարդկանց կամ խմբերի հետ, որոնք խորքային առումով այդքան էլ ներդաշնակ չէին շարժման գաղափարական բովանդակությանը, սակայն քանի որ խնդիրը բոլորովին այլ էր, ապա անհրաժեշտություն կար համագործակցել այդ ուժերի հետ: Հիմա, նոր իրողությունների պայմաններում, արդեն հնարավորություն կա գնալ շատ ավելի գաղափարական ներդաշնակության, ինչն էլ փորձում է ըստ երեւույթին անել առաջին նախագահը, համաժողովրդական շարժման առաջնորդը: Սակայն նրա անելիքը, ըստ էության, ինչպես եւ նախընտրական ու ետընտրական ժամանակահատվածում, ամենեւին չի սահմանափակվում միայն Շարժման ներքին կազմակերպա-բովանդակային խնդիրների կարգավորմամբ: Մայիսի 2-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի մի քանի հայտարարությունները վկայեցին, որ նա շարունակում է վարել, ըստ էության, պետական մակարդակի քաղաքականություն` թե ներքին, թե արտաքին: Խոսքը մասնավորապես վերաբերում է Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի եւ այդ դեպքում ժողովրդին ուղղված համախմբվելու եւ ներքաղաքական պայքարը ժամանակավորապես դադարեցնելու եւ հայրենիքի պաշտպանությանը ներգրավվելու մասին նրա արտահայտությանը, ինչպես նաեւ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը չդադարեցնելու մասին ԱՄՆ կառավարությանն ուղղված կոչին: Դա արդեն երկրի համար պատասխանատվության դրսեւորում է, պատասխանատվություն ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին տիրույթում: Բացի այդ, դրանով Լեւոն Տեր-Պետրոսյանն, ըստ էության, ցույց տվեց, որ Համաժողովրդական Շարժան խնդիրը ամեն գնով իշխանության գալը չէ, ինչպես ներկայացնում է ներկայիս իշխանական քարոզչամեքենան, այլ ժողովրդի շահը սպասարկելը, եթե զուտ մարտավարական առումով, դա կարող է հակասել անգամ իրենց քաղաքական շահին: Չէ՞ որ եթե զուտ քաղաքական շահի տեսանկյունից է դիտվում խնդիրը, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանին միանգամայն ձեռնտու կարող էր լինել, որ Հայաստանի հանդեպ կիրառվեն պատժամիջոցներ, որոնք կհանգեցնեն սոցիալական էլ ավելի մեծ լարվածության, որից էլ ինքը կարող է օգտվել քաղաքական նպատակների իրականացման առումով: Սակայն առաջին նախագահը փաստացի ցույց է տալիս, որ իր համար ժողովրդի շահը ավելի բարձր է իր քաղաքական շահից եւ ավելին` այդպիսով եւս մեկ անգամ վկայում է, որ այդ շահերն իր համար, ըստ էության, նույնական են: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |