“Zhamanak” Armenian-American Political Daily

Ամենանշանակալի քաղաքական իրադարձությունը

14:18 Yerevan | 10:18 GMT | Tuesday 6 May 2008

Արման Գրիգորյան

Քաղաքագետ

Ժողովրդական շարժումը ղեկավարող քաղաքական ուժերի երկրորդ կոնգրեսը եւ կոնգրեսում հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը մարտի 1-ից մինչ օրս ընկած ժամանակաշրջանի, թերեւս, ամենանշանակալի քաղաքական իրադարձություններն են:

Դրանք ընտրություններից հետո տեղի ունեցածն իմաստավորելու եւ Համաժողովրդական Շարժման ապագան ուրվագծելու առումով հսկայական նշանակություն ունեն: Տեր-Պետրոսյանն իր ելույթում բազմաթիվ կարեւոր հարցերի է անդրադարձել, եւ դրանք բոլորն անպայման մանրակրկիտ քննարկման ու վերլուծության առարկա կդառնան:

Այսօր ես կցանկանայի ընդամենն արձագանքել ելույթի մի հատվածին, որի առարկան վերջին երկու ամսվա ընթացքում բավական էժանագին ու ամոթալի շահարկումների նյութ է եղել: Իմ գործունեության բերմամբ նույնիսկ այստեղ` ԱՄՆ-ում, այդ շահարկումներին մի քանի անգամ բախվելու եւ դրանց պատասխանելու տհաճությունը ես ունեցել եմ եւ շատ ուրախ եմ, որ մեր Շարժման ղեկավարն աներկբա եւ, իմ կարծիքով, ջախջախիչ պատասխաններ է տվել դրանք անդադար կրկնող մարդկանց: Խոսքս քաղաքական շահերը պետական ու ազգային շահերից վեր դասելու ժողովրդական Շարժմանն ուղղված զավեշտական հերյուրանքների մասին է: Այդ հերյուրանքների հիմքում ընկած է եղել այն ենթադրությունը, թե Տեր-Պետրոսյանն ու իր ղեկավարած Շարժումը պատրաստ են քաջալերելու որեւէ պատժամիջոց, որն ուղղված կլինի Հայաստանը ղեկավարող ռեժիմի դեմ, նույնիսկ եթե այդ պատժամիջոցները վնաս են հասցնելու երկրին: Այն ենթադրությունը, թե Տեր-Պետրոսյանն ու նրա ղեկավարած Շարժումը ընդունակ են քայլերի, որոնք կհարվածեն ռեժիմին` երկրին հարվածելու գնով: «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակներում Հայաստանին տրվող օգնությունը չդադարեցնելու Միացյալ Նահանգների կառավարությանն ուղղված Տեր-Պետրոսյանի հորդորը, ինչպես նաեւ Ադրբեջանի իշխանություններին հասցեագրված զգուշացումն այն մասին, որ Ղարաբաղի դեմ որեւէ ոտնձգության դեպքում նույնիսկ այսօր բանտում գտնվող Շարժման մասնակիցները կհայտնվեն առաջնային գծում, պիտի գոնե ժամանակավորապես լռեցնեն խիղճն ամբողջությամբ չկորցրած այն մարդկանց, ովքեր կասկածելի հաճախականությամբ ժողովրդական Շարժման մասնակիցներին հորդորում են ստորադասել քաղաքական շահերը պետական շահերին: Տեր-Պետրոսյանի ելույթը նաեւ կարեւոր ազդանշան պիտի լինի ավազակապետական պարագլուխների համար, որ, ի տարբերություն իրենց, Շարժման ղեկավարները քաղաքական շահերը պետականից վեր դասելու կարիք պարզապես չունեն: Նրանց ընդամենը մի փոքր համբերություն է պետք:

Արխիվ
Վերլուծական

Մտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն

1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական...

Քաղաքական

Հերթական անակնկալը

Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր:

Աշխարհ

Եվ դարձյալ հայ-թուրքական թեմայով

Սեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.