“Zhamanak” Armenian-American Political Daily

Նոր լիցք եւ բովանդակություն

14:16 Yerevan | 10:16 GMT | Tuesday 6 May 2008

Արմեն Խարազյան

Միջազգայնագետ

Նախագահի ելույթը նոր լիցք, բովանդակություն եւ հեռանկար է տվել Հայաստանում ժողովրդավարական Շարժմանը` հնարավորություն ընձեռելով այն դուրս բերել ետընտրական շրջանակից եւ ուղղորդել քաղաքական պայքարի ու կազմակերպական զարգացման միջնաժամկետ ուղեծիր:

Ելույթի առանցքային գաղափարը Հայ ազգային կոնգրեսի ստեղծումն է: Սա, ինչպես նախագահն ընդգծել է, Հայաստանում ժողովրդավարական Շարժման խնդիրներից, նպատակներից ու արժեքներից բխող առաջարկ է: Այն դեռեւս նախնական փուլում է, եւ ըստ այդմ` բաց քննարկման համար:

Գաղափարի հիմքում կարեւոր միջազգային փորձ կա, որից արժե առանձնացնել երկու օրինակ` Հնդկական ազգային կոնգրեսն ու Աֆրիկյան ազգային կոնգրեսը: Առաջինը Ջավահարլալ Ներուի եւ Ինդիրա Գանդիի կուսակցությունն է` Հնդկաստանում ազգային-ազատագրական պայքարի ու հանրապետության հիմնադրման ջահակիրը, եւ դրան հաջորդած մի քանի տասնամյակների ընթացքում այդ երկրի ազգային հզորության զարգացման գործում առաջատար դեր խաղացած քաղաքական ուժը: Երկրորդը Նելսոն Մանդելայի կուսակցությունն է, որը գլխավորեց Հարավային Աֆրիկայում ազգային-ազատագրական շարժումը` հասնելով Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապարտեիդի վերացմանը, ժողովրդավարության հաստատմանն ու ՀԱՀ-ի միջազգային հեղինակության վերականգնմանը:

Միջազգային փորձի ուսումնասիրումն, իհարկե, Հայաստանում այս գաղափարի հաջողության կարեւոր խթան կլինի: Մյուս կողմից, սակայն, որոշիչը Շարժման` մեր երկրի առանձնահատկություններից բխող մեթոդներն ու սկզբունքներն են, իսկ դրանց մշակումը, փորձարկումն ու արմատավորումն առաջիկայում մեր հիմնական խնդիրներից են լինելու: Այդ ենթատեքստում էլ պետք է դիտել նախագահի ելույթում նշված մեկ այլ գաղափար` ստվերային կառավարության գաղափարը` իբրեւ գործունեության հնարավոր մեթոդ, կամ մասնակցությունը տեղական ու խորհրդարանական ընտրություններին` իբրեւ Շարժման միջնաժամկետ նպատակներից մեկը:

Ելույթի կարեւորագույն պահերից եմ համարում նախագահի կողմից երկու սկզբունքների հատուկ շեշտումը. նախ` որ թեեւ Շարժումը ողջունում է վարչախմբի դեմ քաղաքական պատժամիջոցները, սակայն այն ամենեւին չի պաշտպանում տնտեսական պատժամիջոցների կիրառումը, եւ ավելին` կոչ է անում համապատասխան պետություններին ու կազմակերպություններին` զերծ մնալ Հայաստանին օգնության կասեցումից կամ նվազեցումից: Եվ երկրորդ` որ Շարժումը հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի անվտանգության նկատմամբ Հայաստանի հանձնառությանը` զգուշացնելով Ադրբեջանին կամ որեւէ կողմի` ձեռնպահ մնալ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը շահարկելու եւ տարածաշրջանային անկայունություն հրահրելու գայթակղությունից:

Ուշագրավ եմ համարում նախագահի ելույթում ընտրությունների կամ ետընտրական զարգացումների վերաբերյալ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի կամ որեւէ այլ պետության քաղաքական դիրքորոշումներին չանդրադառնալը, ինչը դրական պետք է գնահատել. Շարժումը Հայաստանում ժողովրդավարության հաստատման խնդիրը չի դիտում եւ նպատակ չունի այն ներկայացնել աշխարհաքաղաքական շահերի, դրանց բախման կամ համատեղման տեսանկյունից: Միաժամանակ, ակնհայտ են Շարժման եւ Հայաստանի հասարակության սպասելիքները Եվրոպական ու տարածաշրջանային կառույցներից, որոնց հետ մեր երկիրն ունի փոխադարձ պարտավորություններ:

Նախագահի ելույթի` միջազգային այս հնչերանգն ակնհայտ է. առաջիկա մեկ-երկու ամիսներին իրադարձություններ են սպասվում, որոնք էական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանում իրավիճակի զարգացման վրա: Ակնկալվում է, որ մայիսի առաջին տասնօրյակում կհրապարակվի ընտրությունների վերաբերյալ Միջազգային դիտորդական առաքելության վերջնական միասնական զեկույցը: Հունիսին կգումարվի ԵԽԽՎ նստաշրջանը, որն, ինչպես հայտնի է, շարունակում է մնալ ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ուշադրության կենտրոնում: Նախագահի ելույթը, թվում է, աներկբայորեն սահմանում է այս կառույցներից հայաստանյան հասարակության սպասելիքները, եւ պետք է հուսալ, որ դրանք լուրջ ուշադրության կարժանանան Հայաստանում քաղաքական իրավունքների, քաղաքացիական ազատությունների եւ իրավականության վերականգնման մեջ շահագրգիռ բոլոր ուժերի եւ դերակատարների կողմից:

Արխիվ
Վերլուծական

Արման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»

- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների...

Քաղաքական

Քայլող եւ կանգնած ցուցապաստառներ

Հյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի...

Աշխարհ

Վախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը

81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.