|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Դատերի երկիր Հայաստանս14:14 Yerevan | 10:14 GMT | Tuesday 6 May 2008Գագիկ Աբգարյան Հայաստանյան դատարանները հայտնվել են մի ճամփաբաժանի առաջ, որտեղ ընտրության երկու հնարավորություն կա. կամ հակադրվելով ռեժիմին` արդարացման վճիռներ կայացնել քաղբանտարկյալների գործով ու դառնալ Նոր Հայաստանի հիմնադիրներից մեկը, կամ գնալ ժողովրդի կամքին հակառակ եւ, ակնհայտ անարդար դատավճիռներ կայացնելով, համակարգը տանել ինքնակործանման` դրանով վտանգելով նաեւ պետության անվտանգությունը: Այսօրվա դրությամբ դատարանները միանշանակ ընտրել են երկրորդ ճանապարհը: Սրանում համոզվելու համար պետք է լինել դատարաններում ու տեսնել, թե ինչ սուր դիմակայություն է ցույց տալիս ժողովուրդը երկրի պետականությունը դեպի կործանում տանող իշխանությունների քաղաքականությանը: Երեկ քրեական գործերով վերաքննիչ դատարանը փակ ռեժիմով քննեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հայցն ընդդեմ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման: Դեռ առավոտյան ժամը 10-ից «Հայոց կանանց շարժում» նախաձեռնության հարյուրավոր ակտիվիստներ, որոնց միանում էին նաեւ սովորական անցորդները, Ա.Կարապետյանի նկարները ձեռքներին հավաքվել էին դատարանի շենքի դիմաց: Նրանք վեր էին պարզել նաեւ «Ոչ անարդար արդարադատներին» եւ «Ազատություն քաղբանտարկյալներին» ցուցապաստառներ: «Մինչեւ մարտի 1-ը Սերժն ու Քոչարյանը հակառակորդներ էին ինձ համար եւ Շարժմանը ես մոտենում էի որպես քաղաքական պայքարի: Բայց մարտի 1-ից հետո ես հասկացա, որ գործ ունենք թշնամու հետ, ոսոխ է մեր առաջ, եւ մենք նրանց վերաբերվում ենք հենց որպես ոսոխի: Սերժն ու Ռոբերտը պետք է կանգնեն այս դատարանում` որպես մարդասպաններ, իսկ այս շենքերում նստած իրենց մանկլավիկները համարվելու են ազգի դավաճաններ», - ասաց ցուցարարներից Սուսաննա Պետրոսյանը: Հայցի քննարկումն անցավ «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Ազատ, անկախ Հայաստան», «Ամոթ, ամոթ» վանկարկումներով: Վերաքննիչը առաջին ատյանի որոշումը թողեց անփոփոխ: Այս առիթով ՆԺԿ վարչության անդամ Հրաչիկ Սարգսյանը հայտարարեց. «Նախ իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց կամքով այստեղ են եկել ի պաշտպանություն քաղբանտարկյալների, մասնավորապես` Արամ Կարապետյանի, ում նկատմամբ խափանման միջոցը երկարացվել էր ապրիլի 16-ին: Մենք որոշումը բողոքարկեցինք վերադաս ատյանում, սակայն ապացուցվեց, որ դատական համակարգում նաեւ վերաքննիչ դատարանն է հանդիսանում գործադիր իշխանության, այս դեպքում ԱԱԾ-ի կամակատարը»: ՆԺԿ նախագահի դատի ավարտից անմիջապես հետո սկսվեց Հուսիկ Բաղդասարյանի դատը: Նրան մեղադրանք է առաջադրվել քրօրի 235 հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով` անօրինական զենք-զինամթերքի պահում: Արարատի ընդհանուր իրավասության դատարանը կիրառել է հոդվածով նախատեսված պատժաչափի առավելագույնը` երեք տարի ազատազրկում: Նկատենք, որ Հ.Բաղդասարյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, եղել է Մասիսի գնդի հրամանատար, իսկ նախագահի ընտրություններում եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցողներից: Այստեղ Սերժը խոշոր հաշվով պարտություն է կրել, որի «մեղավորներից» մեկն էլ Բաղդասարյանն է, ում էլ ռեժիմը որոշել է պատժել: Նրան ձերբակալել են ընտրություններից մի քանի օր անց` փետրվարի 26-ին, տանը հայտնաբերելով 16 հատ որսորդական փամփուշտ: Բաղդասարյանը որսորդմիության անդամ է եւ փամփուշտները կամ որսորդական զենքը թաքցնելու որեւէ նպատակ չի ունեցել, քանի որ դրանք գնվել են խանութից եւ լրիվ օրինական են: Ընդ որում` այս հրացանից բացի, դատարանում նա պնդեց, որ տանը էլի զենքեր ունի, որոնք բոլորն էլ ոստիկանության համապատասխան կառույցների կողմից անցել են տարեկան ստուգում կալանավորումից ընդամենը օրեր առաջ: Սակայն այդ ժամանակ անգամ մի դիտողություն չի ստացել զենքի պահպանման կանոնների խախտման վերաբերյալ, բայց ընտրություններից հետո հանկարծ պարզվել է, որ հիշյալ փամփուշտները, ոստիկանության փորձագիտական վարչության փորձագետ Ա.Ասլանյանի եզրակացությամբ, մարտական են: Այս եզրակացությունը Արարատի դատարանի համար հիմք է ծառայել անօրինական զենք-զինամթերք պահելու վճիռ կայացնելու համար: «Անհասկանալի է մնում, թե փորձագետը ի՞նչ մեթոդիկա է կիրառել, տեխնիկական ի՞նչ պայմաններից ելնելով է նման եզրակացություն տվել», - ասաց Բաղդասարյանի դատապաշտպան Վարդան Զուռնաչյանը: Նա դատարանին երկու միջնորդություն ներկայացրեց` մեկով բացարկ հայտնեց մեղադրող դատախազին, այն հիմքով, որ նախկինում մեղադրյալի հետ նա եղել է ընկերական հարաբերությունների մեջ, մյուսով միջնորդեց նոր փորձագիտական քննություն անցկացնել: Սակայն դատավոր Արշակ Խաչատրյանի կողմից երկուսն էլ մերժվեց: Վերջինս առաջարկեց անցնել դատական վիճաբանության փուլին, սակայն Զուռնաչյանը խնդրեց երեք օր` պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ հաջորդ նիստը նշանակեց մայիսի 8-ին: Պետք է ասել, որ այս դատական գործն էլ քննվեց լարված մթնոլորտում: Նիստից առաջ բախում տեղի ունեցավ ցուցարարների ու անվտանգության աշխատակիցների միջեւ: Նիստի համար տրամադրվել էր չափազանց փոքր դահլիճ, որտեղ դժվարությամբ տեղավորվեցին միայն լրագրողներն ու հարազատները: Ներկաների վրա հատկապես ծանր տպավորություն թողեց ձեռքերն ու ոտքերը շղթայված Հ.Բաղդասարյանի տեսքը: «Դուք նրան չեք շղթայել, դուք մեր ժողովրդի հերոսական ոգին եք ուզում դնել շղթաների մեջ», - ասաց ցուցարար կանանցից մեկը: Դատավորը հետո նրան դուրս արեց դահլիճից: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |